• June 25, 2019

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կզբաղվի նաև դատավորների վեթինգով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կզբաղվի նաև դատավորների վեթինգով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կզբաղվի նաև դատավորների վեթինգի իրականացման աշխատանքներով: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց իր հեղինակած ԱԺ կանոնակարգ օրենքում և մի շարք օրենքների նախագծերում փոփոխություն իրականացնելու մասին փաթեթի նախագիծը:

Արարատ Միրզոյանն ասաց, որ փոփոխությունների հիմնական նպատակը հետևյալն է՝ խորհրդարանական կառավարմամբ պայմանավորված Ազգային ժողովի դերի կտրուկ բարձրացումը ինքնավար մարմինների ձևավորման մասին, նաև ԱԺ դերի բարձրացման շրջանակներում առանձնապես ընդդիմադիր և կառավարող ֆրակցիաների դերի հատուկ ընդգծումը: Ինչպես նաև փոփոխությունների նպատակն է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շուտափույթ ձևավորումը:

«Ես առաջարկում եմ, որ Կոռուպցիայի կանխարգելման մարմինը ձևավորվի գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների կողմից առաջադրված թեկնածուների կողմից: Այդ թվում՝ վեցական տարի լիազարությունների ժամկետով երկու անդամների պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք առաջարկում եմ վերապահել ԱԺ կառավարող խմբակցությանը, չորս տարի լիազորությունների ժամկետով անդամինը՝ ընդդիմադիր խմբակցությանը, իսկ երեք տարի լիազորությունների ժամկետով անդամինը՝ բարձրագույն դատական խորհրդին»,- ասաց Միրզոյանը:

Նա նշեց, որ առաջարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին օժտել նոր գործառույթներով, որոնք կտեղավորվեն դատաիրավական բարեփոխումենրի այս ամբողջ տրամաբանության մեջ:

«Մասնավորապես, հանձնաժողովը կարող է սահմանված դեպքերում և կարգով դատավորների և դատավորների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնել: Նաև կարող է սահմանված դեպքերով և կարգով պետական պաշտոններում նշանակվող անձանց բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնի: Սա ակնհայտ է, որ ուղղված է այս հակակոռուպցիոն մարմնի դերի շեշտակի բարձրացմանը և պաշտոնյաների թափանցիկության ու հաշվետվողականության աճին»,- մանրամասնեց ԱԺ նախագահը:

ԱԺ պատգամավորների հարցերին ի պատասխան Արարատ Միրզոյանը հաստատեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներգրավվելու է դատավորների վեթինգի գործընթացին:

«Երբ մենք խոսում ենք դատական համակարգի առողջացման և նաև վեթինգի գործիքի մասին, չպետք է աչքի տակ ունենանք մի օրենքի նախագիծ, որով պետք է բոլոր հարցերի պատասխանները լինեն: Տարբեր օրենքներում առանձին կարգավորումներով պետք է գնանք այս նպատակին: Կարգավորումներից մեկն այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին առաջարկում եմ իրավունք վերապահել դատավորների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնել»,- ասաց Միրզոյանը:

© Lragir.am