• July 20, 2021

Կոռուպցիայի դեմ պայքար թե՞ արդարադատության նախարարի խնամի, ծանոթ բարեկամներով համակարգը լցնելու գործընթաց

Կոռուպցիայի դեմ պայքար թե՞ արդարադատության նախարարի խնամի, ծանոթ բարեկամներով համակարգը լցնելու գործընթաց

Չնայած Հայաստանի իշխանություններն ընդդիմադիր հռետորաբանության տարիներին միշտ քննադատում էին խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու փաստը, սակայն Հայաստանում հեղափոխությունից հետք նման երևույթներն առկա են ու դեռ շարունակվում են:

Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեկամներին աշխատանքի տեղավորելու առիթով ասել էր. «Կա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, և մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Սակայն մինչ վարչապետը խոսում է բաջանաղին պաշտոն տալու կամ չտալու մասին, ՀՀ արդարադատության ոլորտի թիվ մեկ պատասխանատուն ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր մտերիմներին, ընկերներին տեղավորում է նախարարությունում աշխատանքի եւ դեռ ավելին նրանց համար հատուկ օրենք է փոխում , որ գործընթացը սահուն կատարի:

Այսպիսով, 2020 թվականի Մարտի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սերգեյ Մեղրյանը նշանակվեց գլխավոր հարկադիր կատարող: Սակայն պարզվում է՝ մինչեւ 2020 թվականի փետրվարը վերջինս չէր կարող նման պաշտոն զբաղեցնել: Ինչպես հայտնի է, Մեղրյանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերն է եւ այդ պաշտոնին կարողացավ նշանակվել միայն օրենքի փոփոխության շնորհիվ: Խնդիրն այն է, որ մինչեւ այս տարվա փետրվարը գլխավոր հարկադիր կարող էր նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչեւ նշանակումը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նույնպես հանդիսանում է Բադասյանի մտերիմը, որի նշաակման համար էլ Բադասյանը բարեխոսել էր:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կինն էլ՝ Տաթևիկ Սագսյանը, հանդիսացել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրանսենյակի աշխատակից՝ փորձագետի հաստիքով: Ներկայումս նա չի զբաղեցնում այդ պաշտոնը: Այսքանով շարքը չի ավարտվում Ռուստամ Բադասյանը իր մանկության ընկեր Սուրեն Գալստյանին նշանակել է ԱՆ աշխատակազմի պետ, իսկ քավորին՝ Դավիթ Գասպարյանին, նշանակել է ԱՆ վերահսկողական ծառայության պետ:

Սակայն նկատենք,որ նախարարն իր մտերիմներին ցանկացած համակարգում առաջ է տանում: Ինչպես հայտնի է, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնելու համար ՀՀ գլխավոր դատախազությունում առանձին վարչություն է ստեղծվել: Եւ ՀՀ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու բաց մրցույթին մասնակցելու համար դատախազությունը ստացել էր երեք հայտ՝ Սրբուհի Գալյան, Ավետիք Թովմասյան եւ Թաթուլ Ղուկասյան: Եվ, ահա, ինչպես հայտնի է, կին թեկնածուն ՀՀ արդարադատության փոխնախարարն էր, մյուս երկուսը դատախազության համակարգից են: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ մինչեւ մրցույթն արդեն իսկ «քաղաքական որոշումը» կայացված էր, եւ որոշված, որ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն էլ կզբաղեցնի այդ կարեւորագույն պաշտոնը, քանի որ այդպես է ուզում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նրա որոշումները, կարելի է ասել, համակարգում անբեկանելի են: Այսինքն՝ արդարադատության նախարարն արդեն որոշել է «իր մարդուն» գործուղել դատախազություն եւ անձամբ վերահսկել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը: Եվ ահա այս իրավիճակում հենց նախարարն է շատ հաճախ խոսում կոռուպցիայի դեմ պայքարի, արդարության մասին, սակայն չի խուսափում հարազատներին լավ գործի տեղավորելուց:

Արփինե Թովմասյան