• December 21, 2020

Խոշոր գումարներ պետությունից` «Անտարեսին» իշխանությանը պաշտպանելու համար

Խոշոր գումարներ պետությունից` «Անտարեսին» իշխանությանը պաշտպանելու համար

«Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջին գրել էր. չենք ցիտում, պարզապես վերլուծում ենք, որ իբր մենք մինչեւ պատերազմը, մինչեւ խայտառակ կապիտուլացիան, ապրել ենք թշնամու տարածքում, ու դեռ բողոքում ենք, որ մեզ այդ տարածքներից թշանմին հանում է։

Սա ստացվում է նույն բանը, երբ Աննա Հակոբյանը իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ մեր երեխաները հանուն ոչնչի են զոհվել։ Այսինքն մեր հերոսները զոհվեցին հանուն ոչնչի, որովհետեւ մենք թշնամու տարածքում էինք բնակռել, իսկ թե այդ դեպքում ինչու հազարավոր զոհեր տվեցինք, դա էլ մեր բոլորի խղճին։ Ստորեւ ներկայացնում ենք մամուլում տեղ գտած «Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանին պետական բյուջեից հատկացված տարբեր առիթներով ստացած գումարների եւ իշխանության հովանավորյալի ֆինասական ծառայությունները։

«48 մլն 900 հազար դրամ՝ հեղափոխական ռազմավարությունների պրոպագանդային․ Փաշինյանի ֆլեշմոբի հետքերով» վերնագրով հոդված և համանուն ռեպորտաժ է հրապարակել, որում մասնավորապես նշվում է, որ Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ընդունվել է որոշում` «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու նպատակով ցուցապաստառների տպագրության ու գովազդային ծառայությունների ձեռքբերման համար վարչապետի աշխատակազմին հատկացնել 48 մլն 900 հազար դրամ, որն ուղղվել է Երևանի և մարզերի տարբեր հատվածներում «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակմանը։

«Ֆակտոր»-ը տեղեկացնում է նաև, որ դիմել է քաղաքապետարան, որտեղից հայտնել են, որ պաստառներն իրենց են ներկայացվել «Իմիջ Մ.Գ.», «Մեդիա Գրուպ» և «Նուշիկյան Ասոցիացիա» գովազդային գործակալությունների կողմից: «Նուշիկյան Ասոցիացիա»-յից տեղեկացրել են, որ գովազդային պաստառներն իրենց պատվիրել է «Անտարես հոլդինգ»-ը։

«Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Factor.am-ի ի հետ զրույցում հայտնել է․ «Ստացել ենք հանձնարարություն Կառավարությունից, որ Հայաստանում գտնենք մինիմալ քանակով արտաքին գովազդի վահանակներ, բանակցենք վահանակների տերերի հետ՝ դրանք տարբեր ընկերություններ են, որպեսզի կարողանանք Հայաստանը ծածկել այդ գովազդով, որ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի առնչվի դրա հետ։ Գաղափարն այն է, որ տարբեր ձեռագրերով գրված է նույն ուղերձը, այսինքն՝ ամեն հայաստանցի իր անունից է ասում»։

Կառավարության որոշման մասին

«44»-րդ կետում գտավ քննարկվող հարցը, որը ներառված է եղել «չզեկուցվող» հարցերի շարքում։

Նախագծի հավելվածից տեղեկանում ենք.

Ծրագրի անվանումը՝ հանրային իրազեկում Ծրագրի նպատակը` Հանրային կապերի՝ պետական մարմինների թափանցիկության՝ տեղեկատվության մատչելիության ապահովում Վերջնական արդյունքի նկարագրությունը` Հանրության իրազեկվածության մակարդակի բարելավում՝ ՀՀ համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունների լուսաբանում Միջոցառման անվանումը` Հանրությանը «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձների ներկայացում Միջոցառման նկարագրությունը` «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու և պատշաճ ձևով հաղորդակցվելու նպատակով ցուցապաստառների տպագրություն, գովազդային ծառայությունների ձեռք բերում Դասիչը՝ հանգիստ, մշակույթ եվ կրոն, Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայություններ, գովազդային արշավի հետ կապված ծառայություններ Ծառայության գինը՝ 48,900,000 ՀՀ դրամ Որոշման նախագծից էլ տեղեկանում ենք, որ կառավարությունը որոշել է գնման գործընթացն իրականացնել մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով։

«Անտարես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասին

Ինչպես արդեն նշվեց, գովազդային ծառայությունների մատուցումը կառավարությունը հանձնարարել է «Անտարես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին։ Ընկերության կազմում ընդգրկված են` հրատարակչությունը, գովազդային գործակալությունը, դիզայն ստուդիան, տարաների և փաթեթների արտադրությունը:

Ընկերությունը մատուցում է մարքեթինգային և գովազդային ծառայություններ, համագործակցում է արտադրական ոլորտի ձեռնարկությունների հետ։

Ընկերությունն ի սկզբանե ունեցել է 5 մասնակից, սակայն 1999 թ. 4 մասնակիցներ դադարեցրել են իրենց մասնակցությունը, այդպիսով` ընկերության 100% բաժնեմասն առ այսօր պատկանում է Արմեն Աքիլեսի Մարտիրոսյանին։ Արմեն Մարտիրոսյանի բաժնեմասի արժեքը կազմում է 200 միլիոն ՀՀ դրամ։ Հետևաբար՝ ընկերության կանոնադրական կապիտալը ևս նույնքան է։

Հեղինակ՝ Ա․Հայրապետյան