• June 7, 2019

Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով 14մլն դրամի հափշտակություն կատարելու համար

Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով 14մլն դրամի հափշտակություն կատարելու համար

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի աշխատակիցների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ  Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը 2007թ. ընկերոջը որպես վարորդ,  իսկ 2012թ. նաև եղբորը՝ որպես ջրագծի հսկիչ, աշխատանքի է ընդունել համայնքապետարանում:

Վերջիններս, սակայն, մինչև 2017թ. հոկտեմբեր փաստացի աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց գործառույթային պարտականությունները: Այդ հանգամանքը թաքցնելու և նրանց ընտանիքներին լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահագրգռությունից ելնելով՝ համայնքի ղեկավարը կազմել է բովանդակությամբ կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել՝ ընկերոջ դեպքում 2007-2017թթ., իսկ եղբոր պարագայում՝ 2012-2017թթ. ժամանակահատվածներում վերջիններիս աշխատանքի հաճախելու և աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը ներկայացվել են վճարման, որի արդյունքում որպես վարորդ ձևակերպված անձի անվամբ համայնքի բյուջեից չաշխատած տարիներին աշխատավարձի տեսքով անհիմն դուրս են գրվել շուրջ 8.7մլն, իսկ որպես ջրագծի հսկիչ ձևակերպված եղբոր անունով՝  ավելի քան 6.5 մլն ՀՀ դրամ գումարներ, որոնք փաստացի վատնման եղանակով հափշտակվել են համայնքի բյուջեից:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնում 2019թ. փետրվարի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-ին մասի 1-ին կետով 2 դրվագ և 314-րդ հոդվածի 1-ին մասով 2 դրվագ նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից տրված ցուցումի հիման վրա 2019թ. մայիսի 30-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից Շամլուղ համայնքի նախկին ղեկավար Լ. Բ.-ի նկատմամբ որոշում է կայացվել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Որպես կասկածյալ հարցաքննվելիս Լ.Բ.-ն տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ:

2019 թվականի հունիսի 6-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել նրան ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով և    314-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Քրեական վարույթի ընթացքում Լ.Բ.-ն վերականգնել է համայնքին պատճառած ընդհանուր վնասից 14 մլն դրամը:

Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով պատշաճ դատախազական հսկողության ներքո ձեռնարկվում են միջոցներ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, վնասի մնացած մասը ևս վերականգնելու ուղղությամբ:

ՀՀ դատախազություն