• January 3, 2023

Լեռնաձոր համայնքի նախկին ղեկավարը համայնքի հողատարածքը տրամադրել է վարձակալության

Լեռնաձոր համայնքի նախկին ղեկավարը համայնքի հողատարածքը տրամադրել է վարձակալության

Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի նախկին ղեկավար Ս.Պ.-ն, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 2006 թվականի դեկտեմբերի 16-ին համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,142 հա մակերեսով հողատարածքը տարեկան 3150 դրամ վարձավճարով,

25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել է Հ.Հ.-ին։ Այնուհետև, Լեռնաձոր համայնքի նախկին ղեկավարը, ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու փոխարեն, չի առարկել վարձակալի կողմից նշված հողատարածքն ամսական 35 հազար դրամ վարձավճարով «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ին ենթավարձակալության տրամադրելու վերաբերյալ պայմանագրի կնքմանը:

 

Արդյունքում, համայնքի նախկին ղեկավարի պաշտոնավարման ընթացքում` 2006 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 13-ը, «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ի կողմից հիշյալ հողամասի վարձակալին որպես վարձավճար փոխանցվել է ընդհանուր 4 մլն 576 հազար 831 դրամ։

 

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ բջջային օպերատորի կողմից տարիներ շարունակ վճարված գումարները համայնքի բյուջե մուտքագրվելու փոխարեն ստացել և տնօրինել է վարձակալ Հ.Հ.-ն, որի արդյունքում համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

 

Լեռնաձոր համայնքի նախկին ղեկավար Ս.Պ.-ի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ` համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին), քրեական հետապնդում չի իրականացվել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

 

Նախաքննության ընթացքում, դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ, համայնքի կողմից լուծվել է վարձակալի և բջջային օպերատորի միջև կնքված ենթավարձակալության պայմանագիրը։

 

Միաժամանակ, Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել տեղական ինքնակառավարման մարմին՝ համայնքին պատճառված վնասը վերականգնելու նպատակով դատարան քաղաքացիական հայց ներկայացնելու համար: