• November 14, 2023

Լեհաստանի վարչապետն ու կառավարությունը հրաժարական են տվել

Լեհաստանի վարչապետն ու կառավարությունը հրաժարական են տվել

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին Սեյմի առաջին նիստում, օրենքի համաձայն, կառավարության կաբինետի հետ միասին հրաժարական է տվել, գրում են միջազգային ԶԼՄ-ները։

Նոյեմբերի 7-ին նախագահ Անջեյ Դուդան վարչապետի պաշտոնում Մորավիեցկիի թեկնածությունն է ներկայացրել Սեյմ և հայտարարել, որ մտադիր է նրան վստահել կառավարության ձևավորումը։

Մորավիեցկին և նրա իշխող պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցությունը երկու շաբաթ ունեն կաբինետի ծրագիրը Սեյմին ներկայացնելու համար: Վստահության քվեն կտրվի ձայների բացարձակ մեծամասնությամբ։

Նոյեմբերի 10-ին ընդդիմադիր «Քաղաքացիական կոալիցիա», «Երրորդ ուղի» և «Ձախ» կուսակցությունները կոալիցիոն համաձայնագիր ստորագրեցին և հայտարարեցին Եվրախորհրդի նախկին ղեկավար Դոնալդ Տուսկի գլխավորած կառավարություն ձևավորելու մտադրության մասին։

Հոկտեմբերի կեսերին կայացած խորհրդարանական ընտրություններում Լեհաստանի իշխող «Օրենք և արդարություն» կուսակցությունը հավաքել է ձայների ավելի քան 35%-ը, իսկ Քաղաքացիական կոալիցիան՝ 30%-ից մի փոքր ավելի: Միևնույն ժամանակ, այլ ընդդիմադիր շարժումների հետ միասին, Տուսկի կուսակցությունը մեծամասնություն է ստանում խորհրդարանում։