• November 19, 2020

«Լափել» բառը բարկացրեց դատավորին․ փողերի լվացման գործը չի հանգուցալուծվում

«Լափել» բառը բարկացրեց դատավորին․ փողերի լվացման գործը չի հանգուցալուծվում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին դուր չի գալիս, որ իրավապաշտպան Մարինա Պողոսյանը նախկին պաշտոնյաների արարքները որակելիս գործածում է «լափել» բառը։

Դատավորն այսօր քանիցս դիտողություն արեց Պողոսյանին՝ զգուշացնելով ավելի կոռեկտ արտահայտվել։ «Սա լափել ա, ուտել չի, միլիոն դոլարը ուտել կլինի՞, ուտել կարելի է 5000 դրամը»,- փորձում էր բացատրել Պողոսյանը՝ ներկայացնելով ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի նկատմամբ հարուցված, ապա կարճված քրեական գործի մանրամասները։

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դեռևս 2016 թվականին հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ նշելով, որ նախկին պաշտոնյան փողերի լվացմամբ է զբաղվել, ինչպես նաև չարամտորեն խուսափել է հարկերից։ Դատախազությունը նախ անգործություն է ցուցաբերել՝ հաղորդման վերաբերյալ որևէ որոշում չկայացնելով։ Այնուհետև, Մարինա Պողոսյանին հաջողվել է դատարանի միջոցով պարտավորեցնել դատախազությանը կատարել ՀՀ քրեական դատավարության օրենգրքի պահանջը՝ կայացնել որոշում։

Կայացված որոշումը եղել է հօգուտ նախկին պաշտոնյայի, ով պնդում է, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի մտերիմն է։ «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը բողոքարկել է քրեական գործը կարճելու մասին որոշումը։ Ընդհանուր իրավասության և Վերաքննիչ քրեական դատարանները բավարարել են բողոքը և պարտավորեցրել են դատախազությանը քրեական գործ հարուցել։ Գործը հարուցվել է, սակայն կարճ ժամանակ անց կարճվել է։

Այսպիսով, տարիներ շարունակ ՀՀ դատախազությունը փաստորեն հրաժարվում է քննել այն գործը, որով հնարավոր է բացահայտվեր, թե ով և ում հետ է մսխել ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացմանն ուղղված գումարները։ «Խոսքը միլիոն դոլարի մասին է, եթե պաշտոնյան այդ գումարի անգամ տասը տոկոսը օրինական ճանապարհով ձեռք բերեր, ապա պիտի 120 տարի աշխատեր»,- նշեց իրավապաշտպանը։

Այսօր իրավապաշտպան կազմակերպության նախագահը կրկին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում էր՝ դարձյալ բողոքարկելու դատախազության որոշումը։ Դատախազության ներկայացուցիչը չէր եկել դատարան, դատավոր Մելիքյանը Պողոսյանին հարցրեց, թե արդյոք նա չի առարկում առանց մյուս կողմի ներկայության բողոքի քննությանը։ Իրավապաշտպանը նշեց, որ մենք առհասարակ երկրում դատախազություն չունենք, ուստի կողմի չներկայանալը որևէ կերպ չի կարող խոչընդոտել բողոքի քննությանը։

Դատավորը բողոքը լսելուց հետո հետաձգեց դատական նիստը՝ նշելով, որ ևս մեկ անգամ պատշաճ կերպով կծանուցի դատախազությանը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում դեկտեմբերի 15-ին՝ 16։00-ին։

Հիշեցնենք, որ 2015 թվականին Հովհաննես Երիցյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Դավիդ Ստեփանյանից և նրա կնոջից գումար բռնագանձելու պահանջով: Նախկին պաշտոնյան դատարանին հայտնել է, որ 2010 թվականին պատասխանողներին փոխառությամբ տվել է 360 միլիոն ՀՀ դրամ գումար:

Դատարանը որոշել է` Դավիդ Ստեփանյանից և Գայանե Աբգարյանից համապարտության կարգով հօգուտ հայցվոր Հովհաննես Երիցյանի բռնագանձել 250.000.000 (երկու հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ։

Ստեփանյանը, սակայն, հրապարակային հայտնել է, որ նախկին պաշտոնյայից իրականում տոկոսով գումար է վերցրել, պարտքը կազմել է մոտ 900,000 ԱՄՆ դոլար, և ինքը 10 տարվա մեջ 2 միլիոն դոլարից ավելի միայն տոկոս է վճարել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ա․Ղարիբյան