• February 19, 2019

Իշխանությունը վաճառում է ազատությունը, կամ նոր Հայաստանի դեգրադացիան

Իշխանությունը վաճառում է ազատությունը, կամ նոր Հայաստանի դեգրադացիան

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, պետությանն է փոխանցել 18.5 միլիոն դոլար։ Անհատույց։

Սա ոչ թե դեղին մամուլի հրապարակում է կամ բամբասանք, այլ ՀՀ կառավարության աշխատակազմից՝ լրատվամիջոցներից մեկին ուղարկված գրավոր պատասխան։ Այդ մասին «ՍիվիլՆեթ»-ին գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմից ։ «ՍիվիլՆեթը» հարցում էր ուղարկել կառավարություն`պարզելու, թե 2018թ․ մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությանը գույքի, դրամի և այլնի քանի նվիրատվության խոստում է եղել և ում կողմից, և դրանցից որքանն է արդեն կատարվել։ «Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում վերջինս կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար»,- ասված է կառավարության պատասխանի մեջ։ Այլ մանրամասներ կառավարության պատասխանում չեն նշվում։ Մինչդեռ արժեր։ Մասնավորապես՝ չափազանց հետաքրքրիր կլիներ տեղեկանալ, թե ինչ ընթացակարգով, ինչ չափորոշիչներով և ում կողմից է որոշվել, թե որքան գումար պետք է պետությանը վճարի Ալեքսանդր Սարգսյանը։ Ով և ինչպես է որոշել, որ դա 18.8 միլիոն դոլար է և ոչ թե, ասենք, 28.5 կամ 8.5 միլիոն դոլար։ Բայց խնդիրը միայն վճարելիքի չափը չէ։ Ինչ իրավական ակտի, նորմի է հղում կատարվել տեղի ունեցածը բացատրելու համար։

Եթե չի եղել դատական գործընթաց ու չկա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ, ինչի հիման վրա է ենթադրյալ մեղադրյալը այդքան գումար փոխանցել պետությանը։ Այս և մի շարք այլ հարցեր վկայում են տեղի ունեցածի ոչ օրինականության, կամ կասկածելի օրինականության մասին։ Գուցե կառավարության իրավաբանները ինչ-ինչ լղոզված բացատրություններ կարողանան գտնել։ Բայց խնդիրն այն է, որ կատարվածը միայն իրավական կողմեր չէ, որ ունի։ Փաստորեն, այսպիսով նախադեպ է ձևավորվում, որ նախկինում կատարված հանցանքների, ապօրինի գործունեության, կասկածելի գործարքների ու գերկասկածելի հարստացման հեղինակները կարող են պետությանը ինչ-որ գումար փոխանցել և վայելել ազատությունն ու հրաժարվել պատասխանատվությունից։ Այլ կերպ ասած՝ նոր Հայաստանի նոր իշխանությունը պետական մակարդակով վաճառում է ոմանց ազատությունը կամ պոստֆակտում հանցագործության ինդուլգենցիաներ է տրամադրում։ Արդյոք սա՞ էր լինելու նոր Հայաստանի իրավակարգը, արդյո՞ք նոր Հայաստանում առանց դատարանի վճիռների մարդկանցից գումարներ էին գանձվելու, և արդյո՞ք նոր Հայաստանում արդարադատությունը լինելու էր վճարովի։ Ի՞նչ է ստացվում՝ բոլոր նախկին պաշտոնյաներն ու նրանց ազգականները, ովքեր վճարունակ են, կարող են համապատասխան գումարներ վճարել պետական բյուջե և ազատվել արդարադատությունից։ Ովքեր չեն կարողանա՝ կդատապարտվեն դատարանի վճիռներով։ Սա ընտրովի արդարադատության ցայտուն օրինակ է, որում անգամ դատական իշխանության մարմինները չեն մասնակցում։ Ամեն ինչ որոշում է կառավարությունը, որի ղեկավարը հայտարարում է, թե կարող է, սակայն չի թելադրում դատական իշխանությանը։ Այլևս թելադրելու հարկ չկա, քանի որ դատարանի ընդդատությանը ենթակա վճիռները կայացվում են կառավարությունում։

Կոնկրետ Ալեքսանդր Սարգսյանի վճարած գումարի պարագայում առաջանում է ևս մեկ հարց՝ իսկ որտեղից այդ 18.5 միլիոն դոլարը, արդյո՞ք «թղթերով» ապացուցվել է դրա ծագումնաբանության օրինականությունը։ Այս և մի շարք այլ հարցեր կարող էին և պետք է հնչեին դատարանում, սակայն Ալեքսանդր Սարգսյանն այլևս ազատվել է դրանց պատասխանելու պարտադրանքից։ Այսինքն՝ գնել է առանց դատարանի վճռի ազատության մեջ հայտնվելու իր իրավունքը։ Ամբողջ 18.5 միլիոնով։ Կամ՝ ընդամենը 18.5 միլիոնով։

© 1in.am