• May 16, 2019

Ինչպես է ՊԵԿ-ը հովանավորում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող բիզնեսը

Ինչպես է ՊԵԿ-ը հովանավորում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող բիզնեսը

Նոր սերնդի ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկման ոլորտում հակամրցակցային իրավիճակ է: Թեև կան տեխնիկական սպասարկման իրավունք ունեցող մի քանի ընկերություններ, սակայն դրանցից մեկի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել:

Երբ տնտեսվարողները ՀԴՄ սարքեր են ձեռք բերում պետական եկամուտների կոմիտեին առընթեր «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակից», տեղի մասնագետները նրանց ուղղորդում են սարքի տեխնիկական սպասարկման պայմանագիր կնքել «Սմարթ սոլուշնս» ընկերության հետ:

Այս ընկերության սեփականատերերը փոխկապակցվում են ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։ Բաժնետերերից մեկը բժիշկ է, մյուսը՝ ռեստորանի մենեջեր, երկուսն էլ՝ կարծես անտեղյակ ընկերության գործունեության մանրամասներից։

Չենք կարող ասել, թե ինչու է Պետական եկամուտների կոմիտեի ներկայիս ղեկավարությունը շահագրգռված աջակցել նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված այս ընկերությանը, սակայն մենք ձեռք ենք բերել տվյալներ, որոնք ակնհայտ հուշում են՝ նրանց առնչվող բիզնեսը պետական հովանավորչություն է վայելում։

ՀԴՄ-ների սպասարկումը կայուն շահույթ է ապահովում նախկին պաշտոնյաներին առնչվող ընկերության համար

Տնտեսվարողները նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելուց հետո պետք է կնքեն նաև սպասարկման պայմանագիր։ Սպասարկող ընկերությունը ամսական վճարի դիմաց պարտավորվում է նախ ՀԴՄ-ն միացնել ՊԵԿ-ի համակարգին, ապա տեխնիկական անսարքություններ առաջանալու դեպքում՝ վերանորոգել այն։ Անկախ այն հանգամանքից՝ անսարքություն առաջացել է, թե ոչ, տնտեսվարողը պարտավոր է այդ ընկերությանը վճարել սպասարկման պայմանագրով սահմանված գումարը։

Նոր սերնդի ՀԴՄ սարքերի տեխնիկական սպասարկումն այժմ, ըստ ՊԵԿ-ի մեզ փոխանցած տեղեկության, իրականացնում են հինգ ընկերություններ՝ «Տոչ-Մաստեր», «ՀԴՄ-Շտրիխ», «Մերի-Քրիստ», «Սմարթ սոլուշնս» և «Թորփայս» ՍՊԸ-ները: Գործող օրենսդրությամբ՝ տնտեսվարողն ինքն է որոշում, թե որ ընկերության հետ պայմանագիր կնքի։

Առաջին երեք ընկերությունները սպասարկման ծառայությունը սկսել են 2013թ.-ից, երբ մեկնարկել էր նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը, իսկ «Սմարթ սոլուշնս» և «Թորփայս» ՍՊԸ-ները համեմատաբար նոր են այս ոլորտում։

«Սմարթ սոլուշնս»-ը նոր սերնդի ՀԴՄ-ների սպասարկմամբ, ըստ ՊԵԿ-ի մեզ փոխանցած տեղեկության, սկսել է զբաղվել 2017 թ.-ից։ Ու թեև ընդամենը մոտ երկու տարի է, ինչ ընկերությունը ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկող է, սակայն կարողանում է մրցակցային առավելություն ունենալ մյուս ընկերությունների նկատմամբ։

Սպասարկող ընկերությունների գնային առաջարկների միջև տարբերություն չկա, մրցակցությունը կարող է լինել միայն սպասարկման որակը։

«Սմարթ սոլուշնս»-ը ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին: Մեզ հայտնի չեն տվյալներ ընկերության նախկին գործունեությունից, սակայն ՀԴՄ-ների սպասարկման ոլորտ «Սմարթ սոլուշնս»-ը մտել է 2017թ.-ից, երբ մի քանի ամիս առաջ էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվել Վարդան Հարությունյանը, ում հետ փոխկապակցվում է այս ընկերությունը։ Հիշեցնենք, որ նույն տարվանից ՊԵԿ-ը որոշեց ՀԴՄ-ներ ներկրել չինական «Պաքս Թեքնոլոջի» ընկերությունից, որի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը «Սմարթ սոլուշնս» ընկերությունն է։

Ընկերության միակ բաժնետերը «Եղիշանս» ՍՊԸ-ն է: «Եղիշանս»-ի բաժնետոմսերը, ըստ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, կիսում են Շանթ Եղիազարյանն ու Գոռ Անանյանը։

Փորձեցինք բաց աղբյուրներից գտնել տեղեկություններ Շանթ Եղիազարյանի և Գոռ Անանյանի մասին: Պարզվեց, որ Շանթ Եղիազարյանը աշխատում է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանին փոխկապակցվող «Արքայաձոր» ռեստորանային համալիրում։ Այս տեղեկությունը հաստատեցին նաև «Արքայաձոր»-ից, երբ, որպես հաճախորդ, խնդրեցինք ամրագրում կատարել և մեզ փոխանցեցին մենեջեր Շանթ Եղիազարյանի հեռախոսահամարը։

Շանթ Եղիազարյանը մեզ հետ զրույցում չպատասխանեց, թե առհասարակ ինչ առնչություն ունի ՀԴՄ-ների սպասարկման ոլորտի հետ։ «Հինգ րոպեից զանգեք, ես հաշվապահին մի հատ կասեմ, կպատասխանի, լավ», – ասաց Շանթ Եղիազարյանը։

Դիտարկմանը, որ հարցը հենց իրեն է վերաբերում, Եղիազարյանը ընդհատեց զրույցը՝ անջատելով զանգը։ Ավելի ուշ հնարավոր չեղավ կապ հաստատել նրա հետ։ Նրա անձնական հեռախոսահամարին պատասխանեց մի կին, ով ասաց, որ Շանթը «տեղում չէ, շատ զբաղված է, հեռախոսը մոռացել է և շտապ դուրս է եկել»։

Սոցիալական ցանցերում հրապարկված լուսանկարներից ակնհայտ է, որ «Սմարթ սոլուշնս»-ի սեփականատեր «Եղիշանս» ՍՊԸ մյուս բաժնետերը՝ Գոռ Անանյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդու՝ Տիգրան Կարապետյանի մտերիմն է։ Գ. Անանյանը մասնագիտությամբ բժիշկ է, աշխատում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, մասնագիտացումը՝ օտորինոլարինգոլոգ (քիթ-կոկորդ-ականջի բժիշկ)։

Գոռ Անանյանի հետ  հեռախոսազրույցի ժամանակ տպավորություն էր, որ ինքը առհասարակ չի հիշում «Սմարթ սոլուշնս»-ում բաժնետեր լինելու մասին։ «Կներեք, ո՞ր Անանյանի մասին է խոսքը», – հարցրեց նա։ «Գոռ», – պատասխանեցինք։ «Այո…», – շարունակեց մեր զրուցակիցը, և մեր հարցերը լսելուց հետո ասաց, որ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, մի քանի րոպեից կարող ենք խոսել։

Ավելի ուշ Գ. Անանյանը խոստացավ «ուրիշ հարցերով օգտակար լինել», բայց ՀԴՄ-ների սպասարկման վերաբերյալ հարցերին չցանկացավ պատասխանել։ Նախ ասաց, որ չի ցանկանում հեռախոսով խոսել, իսկ հետո երբ առաջարկեցինք հանդիպել, մերժեց։

Ինչպես է, բժիշկ լինելով, որոշել ՀԴՄ-ների սպասարկմամբ զբաղվող ընկերություն ունենալ, Գոռ Անանյանը հրաժարվեց մանրամասներ հաղորդել. «Դա իմ խնդիրն է, հիմա հարմար չի, եթե ինչ-որ հարցեր կան, ասեք, տնօրենը կմեկնաբանի, կպարզաբանի»։ Դիտարկմանը, որ այդ հարցը իրեն է վերաբերում, Անանյանը նշեց, որ չի ցանկանում որևէ հարցի պատասխանել։

ՀԴՄ սպասարկող մեկ այլ ընկերության՝ «Թորփայս»-ի կապերը ևս տանում են դեպի Կարեն Կարապետյան և Վարդան Հարությունյան։ Երբ զանգահարեցինք «Թորփայս»՝ որպես տնտեսվարող, ընկերության ներկայացուցիչը ասաց, որ իրենք գործում են Գյումրիում, իսկ Երևանում կարող ենք դիմել «Սմարթ սոլուշնս»-ին։ Մեր հարցին՝ թե ինչ կապ ունեն իրար հետ, աշխատակիցն ասաց, որ գործընկերներ են։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացանք, որ ընկերության սեփականատերը ծանրամարտիկ Սլավիկ Ջանոյանն է։ Նրա հայրը Աղասի Ջանոյանն է՝ «Գազպրոմ Արմենիա»-ի Շիրակի մասնաճյուղի իրացման բաժնի պետը։ Նշենք, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկար տարիներ աշխատել են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, Աղասի Ջանոյանը նրանց նախկին գործընկերն է։

Ինչպես են ՊԵԿ-ն ու «Սմարթ սոլուշնս»-ը ուղղորդում տնտեսվարողներին

«Հետք»-ին հայտնել են, որ Պետական եկամուտների կոմիտեին առընթեր «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակում», որտեղից տնտեսվարողները ձեռք են բերում նոր սերնդի ՀԴՄ-ներ, գործում է նաև «Սմարթ սուլուշնս» ընկերության մասնաճյուղը, թեև պաշտոնական գործունեության վայր նշվում է այլ հասցե։ Այդ արտոնությունը ունենալով՝ ընկերությունը կարողանում է նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերող տնտեսվարողների հետ սպասարկման պայմանագիր կնքել հենց տեղում՝ ՊԵԿ-ի գրասենյակում։

Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժինը հերքում է, որ «Սմարթ սոլուշնս» ընկերությունը որևէ մասնաճյուղ ունի ՊՈԱԿ-ում։ Ներսում, ըստ ՊԵԿ-ի, միայն ՊՈԱԿ-ն է գործում, այլ կազմակերպություն չկա։

Այն, որ ՊԵԿ-ի «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակում» գործում է նաև «Սմարթ Սոլուշն»-ը, այս տարվա փետրվարին մեզ հետ զրույցում պատմեցին նոր սերնդի ՀԴՄ գնած տնտեսվարողները։ Նրանցից մեկը ասաց, որ ինքը սպասարկող ընկերությանը չի ընտրել։ ՊՈԱԿ-ում իրեն առաջարկել են սպասարկման պայմանագիր կնքել հենց «Սմարթ սոլուշնս» ընկերության հետ։ Այն, որ կան այլ ընկերություններ և ընտրության հնարավորություն, մեզ հետ զրուցած տնտեսվարողը չի իմացել։

«Այդ տարբերակն առաջարկել են, ես էլ արել եմ, այդ գրասենյակում, որտեղից ՀԴՄ-ն գնել եմ»,- ասաց մեր զրուցակիցը (նա հոդվածում իր անուն-ազգանունով ներկայանալ չցանկացավ)։

Այն, որ տնտեսվարողներին ուղղորդում են սպասարկման պայմանագիր կնքել «Սմարթ սոլուշնս» ընկերության հետ, և դա արվում է ՊԵԿ-ի ՊՈԱԿ-ում, մեզ հետ զրույցում հաստատեցին  նաև նոր սերնդի ՀԴՄ-ներ սպասարկող մյուս ընկերությունները՝ «Տոչ-Մաստեր», «ՀԴՄ-Շտրիխ», «Մերի-Քրիստ» ՍՊԸ-ները։

«Հետք»-ի թղթակիցները զանգահարել և խոսել են այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ որպես տնտեսվարող։ Նրանց հետ զրույցում չենք ներկայացել որպես լրագրող, քանի որ նախկին փորձը ցույց է տալիս, որ ընկերությունները կաշկանդվում են դիրքորոշում կամ պարզաբանում հայտնել, երբ թեման առնչվում է հարկային մարմնին։

«Տոչ-Մաստեր», «ՀԴՄ-Շտրիխ», «Մերի-Քրիստ» ընկերությունների ՝ մեր հեռախոսազանգին պատասխանած աշխատակիցներից նախ հետաքրքրվեցինք, թե ում հետ կարող ենք կնքել սպասարկման պայմանագիր, եթե ՊԵԿ-ի «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակից» պատրաստվում ենք գնել նոր սերնդի ՀԴՄ սարք: Նրանք նախ տեղեկացնում են, որ տնտեսվարողներն ազատ են սպասարկող ընկերության ընտրության հարցում, սակայն զգուշացնում են, որ ընկերություններից մեկը գործում է նաև «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակում», որտեղից տնտեսվարողները գնում են ՀԴՄ սարքերը, և հնարավոր է՝ աշխատակիցները չզգուշացնեն, որ կան նաև սպասարկող այլ ընկերություններ։

Ընկերության աշխատակիցների հետ զրույցները համառոտ.

«Տոչ մաստեր» ընկերություն    

Աշխատակցից հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ ենք իրենց ընկերության հետ սպասարկման պայմանագիր կնքել, եթե ՀԴՄ-ների ներդրման գրասենյակից ձեռք բերենք PAX S900 նոր սերնդի ՀԴՄ սարք։ «Տոչ մաստեր»-ի աշխատակիցը պատասխանեց, որ, այո, իրենց ընկերությունը այդ մոդելի ՀԴՄ-ների սպասարկմամբ։ Երկրորդ հարցին՝ եթե գնանք «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» և գնենք ՀԴՄ, այնտեղ մեզ կտեղեկացնե՞ն, թե սպասարկող ընկերություններ կան: Աշխատակիցը ասաց, որ ՊՈԱԿ-ում, հնարավոր է, ուղղորդեն դեպի «Սմարթ սուլուշնս», սակայն իրականում իրենք էլ են լավ սպասարկում իրականցնում։

– Եթե ցանկանաք մեզ հետ աշխատել, մեզ հետ կարող եք կնքել սպասարկման պայմանագիրը, եթե ոչ, էնտեղ տեղում կազմակերպություն կա, որ կնքում է պայմանագիր, դուք ընտրում եք։

– Ի՞նչ կազմակերպություն է, իրենք կասե՞ն մեզ` որոնք են սպասարկող կազմակերպությունները։

– Իրենք չեն ասի, իրենք կմոտենան, կակտիվացնեն (ծիծաղում է- հեղ.)։ Իրենք չեն ասի ասի, որ կարող եք ընտրել, կասեն՝ եկեք, ակտիվացնենք, մրցակցային պայմաններում  պարզ է՝ չեն ասի։

 

«Մերի Քրիստ» ընկերություն

– Ումի՞ց իմանամ՝ ում հետ կնքեմ սպասարկման պայմանագիրը։

– Դուք եք ընտրում, կարող եք նայել ինտերնետով, չգիտեմ…. Էնտեղ ՊՈԱԿ-ում կա կազմակերպություն, որն ակտիվացնում է ՀԴՄ-ները։ Եթե ցանկանաք, իրենց հետ կարող եք աշխատել, եթե ոչ, կարող եք ծանոթներից հարցնել՝ ում հետ են աշխատում, գոհ են, գոհ չեն։

– Կազմակերությունների տարբերությունը ո՞րն է, եթե մի քանիսն են։

– Սպասարկման որակը, մի կազմակերպությունը ֆիզիկապես չի կարող բոլորին սպասարկել։ Սպասարկման որակն է տարբերությունը, ձեր գտնվելու վայրն է, ո՞ր հասցեում է ձեր գրասենյակը։

– Մերը Կենտրոնում է լինելու։

– Կենտրոնում «Տոչ մաստեր» ընկերության գրասենյակն է, կարող եք իրենց հետ աշխատել։

– Իմ ծանոթներից մեկը, որ ՊՈԱԿ-ից գնել էր ՀԴՄ-ն, հետո էր տեսել, որ ինքը նաև սպասարկման պայմանագիրն է կնքել։

– Գիտեք, չեն զգուշացնում, էդպես ոչ հավասար մրցակցության պայմաններում ակտիվացնում են ՀԴՄ-ները՝ առանց զգուշացնելու։ Մենք ունենք ԱՁ-ներ, որ ունեն, օրինակ, երեք հատ MF մոդելի ՀԴՄ, գնում են ՊՈԱԿ, ձեռք են բերում մի հատ Pax մոդելի ՀԴՄ, տեղի կազմակերպությունը չի զգուշացնում, որ դա ձեր կազմակերպությունը չէ, դուք ուրիշ կազմակերպության հետ եք աշխատում, կնքում է պայմանագիրը, հետո ԱՁ-ները զանգահարում, մեզ են դիմում, որ մոտենանք, բայց դե փաստացի պայմանագիրը արդեն մեզ հետ չի լինում։ Փոխում ենք պայմանագիրը, արդեն մեզ հետ են աշխատում։

 

«ՀԴՄ-Շտրիխ» ընկերություն

– Եթե իրենցից ենք վերցնում ՀԴՄ-ն, այնտեղ էլ սպասարկման պայմանագիրը կնքե՞նք, ոնց պետք է անենք սպասարկումը։

– ՀԴՄ-ն էսպես է, երբ որ «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ից վերցնում ենք, էնտեղ սպասարկող կազմակերպություն կա, որ առաջարկում է պայմանագիր կնքել, բայց ընտրությունը ձերն է էլի, պարտադիր սկզբունքով չի. կամ մեզ հետ եք կնքում, կամ իրենց հետ եք կնքում։

– Այսինքն՝ երկու ընկերությո՞ւն կա, կամ իրենք, կամ դո՞ւք։

– Տեսեք կան մի քանի ընկերություններ. կան նաև «Մերի Քրիստ», «Տոչ մաստեր» և «Սմարթ սոլուշնս» ընկերություններ։ Էդ նոր ՀԴՄ-ները, որ ձեռք եք բերում, էդ լիցենզիան ունեն միայն երկու կազմակերպություններ՝ «Տոչ Մաստեր»-ն ու «Սմարթ սոլուշնս»-ը, իսկ եթե սովորական MF (նկատի ունեի MS-2351 մոդելի սարք-հեղ.) եք ձեռք բերում, դա բոլոր կազմակերպությունները կարող են սպասարկել։

 

Այս երեք ընկերությունների սեփականատերերը բարեկամական կապերով փոխկապակցված են։ «Մերի Քրիստ»-ը և «ՀԴՄ Շտրիխ»-ը զբաղվում են նոր սերնդի ՀԴՄ-ներից միայն MS 2351-ի սպասարկմամբ, իսկ PAX S900 մոդելի սպասարկման համար ուղղորդում են «Տոչ մաստեր»։

ՊԵԿ-ի գրասենյակը այժմ վաճառում է միայն PAX S900, իսկ  MS-2351-ը պետք է գնել կամ ինտերնետային վաճառքի կայքերից, կամ էլ երկրորդական շուկայից։ «Սմարթ սոլուշնս»-ը, որը, ըստ մեր զրուցակիցների, ներկայացուցիչ ունի ՊՈԱԿ-ի ներսում, զբաղվում է և  PAX S900-ի, և MS-2351-ի սպասարկմամբ, հետևաբար բոլոր երեք ընկերությունների մրցակիցն է։

ՀԴՄ-ների սպասարկման գները սահմանել է կառավարությունը։ Սպասարկող ընկերությունը, կախված տնտեսվարողի  հասույթի չափից, մեկ սարքի համար ամսական վերցնում է 900-3600 դրամ սպասարկման վճար։ Սպասարկումն անվճար է միայն սահմանամերձ համայնքներում գործող բիզնեսների համար։

«Սմարթ սոլուշնս»-ի աշխատակիցը ևս հաստատում է, որ ՊԵԿ-ի գրասենյակի ներսում ներկայացուցիչ ունեն

Մեր ունեցած աղբյուրներից միայն Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցն է հերքում, որ «Սմարթ սոլուշնս»-ը ՊԵԿ-ի գրասենյակի ներսում ներկայացուցիչ ունի։ Սա միակ դեպքն էր, երբ տեղեկություն ստանալու համար ներկայացել ենք որպես լրագրող։

Այն, որ «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակում» գործում է «Սմարթ սոլուշնս»-ը, հաստատեցին հենց ընկերությունից, երբ նրանց հետ զրուցեցինք դարձյալ որպես տնտեսվարող: Աշխատակիցը տեղեկացնում է, որ գրասենյակից ՀԴՄ ձեռք բերելու դեպքում հնարավոր է կնքել սպասարկման պայմանագիր հենց տեղում: Զրույցը ներկայացնում ենք բառացի և համառոտ.

– Հնարավո՞ր է նույն տեղում և ձեռք բերել ՀԴՄ սարք, և կնքել սպասարկման պայմանագիրը։

– Այո, էնտեղ մենք ունենք մասնաճյուղ, որտեղ անմիջապես կատարում եք ակտիվացում:

– ՊՈԱԿ-ում, չէ՞։

– Հա, մենք մասնաճյուղ ունենք, դուք սարքը վերցնում եք ՊՈԱԿ-ից, ակտիվացումը կատարում եք մեզ մոտ, մենք էդտեղ ունենք, դուք նախ սարքի ձեռք բերման ընթացքը տվեք…:

«Հետք»-ը փորձեց կապ հաստատել «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակի» հետ և պարզաբանումներ ստանալ անձամբ տնօրենից կամ ՊՈԱԿ-ի աշխատակիցներից, սակայն գրասենյակի աշխատողները պարզապես չեն պատասխանում զանգերին։

© Hetq.am