• November 5, 2019

Ինչպես են Լալվարիտի հանքը խլել այն հայտնաբերած գիտնականի ձեռքից

Ինչպես են Լալվարիտի հանքը խլել այն հայտնաբերած գիտնականի ձեռքից

Երկրաբանական գիտությունների թեկնածու 83-ամյա Հենրիկ Միրզոյանը երրորդ Հանրապետության ստեղծման օրվանից մինչ օրս փորձում է վերականգնել իր խախտված իրավունքները, սակայն դեռևս հաջողության չի հասել։

Նա հույս ունի, որ ներկայիս իշխանությունը կտարբերվի բոլոր նախորդներից ու ոչ միայն կլսի իրեն, այլև կօգնի հաստատել արդարություն։

Դեռևս 1970 թվականին Հենրիկ Միրզոյանը հայտնաբերել է, որ Լալվարում քարի հանք կա․ մի բացահայտում, որը պիտի ոչ թե հաջողություն և մրցանակներ բերեր նրան, այլ դառնար երկարամյա պայքարի ու կորուստների շղթայի սկիզբը։

 

Ինչպես բացահայտեց հանքը

Ուղիղ 59 տարի առաջ Հենրիկ Միրզոյանն ընկերների հետ բարձրացել է Լոռու մարզի Լալվար լեռը։ Լինելով երկրաբան՝ նա նկատել է, որ տարածքում յուրօրինակ ապարներ կան․ դրանք առանձնացել են իրենց գույնով և հոծությամբ։ Ապարի մի կտորը Միրզոյանը իր հետ բերել է և ուսումնասիրել, իր համար պարզ է դարձել, որ այն կարող է լավ շինանյութ լինել։ Դեռևս 1970 թվականին Հենրիկ Միրզոյանը դիմել է Երկրաբանության վարչության հատուկ խմբին, որպեսզի վերջիններս ևս այցելեն տարածք, նմուշներ վերցնեն և համոզվեն, որ ինքն իսկապես նոր հանքավայր է հայտնաբերել։ Այդպես էլ եղել է, վարչությունը հաստատել է և փաստաթուղթ է տրամարդել Միրզոյանին՝ որպես հանքավայր հայտնաբերողի։ Լալվարում հայտնաբերված քարն իր երկրաբանական կառուցվածքով տուֆի տեսակ է, սակայն այն ավելի հոծ է, որի պատճառով հեշտ է հղկվում։ Նոր հայտնաբերած քարի տեսակը Միրզոյանն անվանել է Լալվարիտ։

 

Ո՞վ պետք է շահագործեր հանքը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ավագ գիտաշխատող Հենրիկ Միրզոյանը «Հակակոռուպցիոն բլոգի» խմբագրություն էր եկել մի խումբ փաստաթղթերով և լուսանկարներով։ Լուսանկարներում պատկերված է Լալվարիտի հանքավայրի ներկայիս անմխիթար վիճակը, իսկ փաստաթղթերի տրցակում բազմաթիվ նամակներ են՝ ուղղված ՀՀ գրեթե բոլոր նախկին ղեկավարներին ու տարատեսակ պատշոնյաներին։ Իր հայտնաբերած հանքի համար Հենրիկ Միրզոյանը պետական մրցանակի չի արժանացել, փոխարենը փորձել է ստանալ դրա շահագործման իրավունքը, քանի որ թե Սովետական Հայաստանի, թե ՀՀ օրենսդրությամբ՝ հանքի շահագործման առաջնային իրավունքը պատկանել է հայտնաբերողին։ Արդեն անկախ Հայաստանի պաշտոնյաները, տեղեկանալով, որ երկրաբանը հանք է հայտնաբերել, ոչ թե նրան են տալիս այն շահագործելու իրավունքը, այլ Ալավերդիի բնակիչ Իվան Աբգարյանին։ Հենրիկ Միրզոյանը վստահ է, որ իրեն հանքի շահագործման արտոնագիր չտալու գլխավոր դերակատարներից մեկը Հրանուշ Հակոբյանի եղբայրն է եղել՝ ՀՀ բնապահպանության նախկին փոխնախարար Կորյուր Հակոբյանը։

Միրզոյանի խոսքով՝ հանքի շահագործումն ուղեկցվել է բնապահպանական և այլ նորմերի խախտումներով, որի պատճառով էլ 1998 թվականին դադարեցվել է շահագործումը։ Դրանից հետո գիտնականին հաջողվել է ձեռք բերել հանքի շահագործման արտոնագիր։ Մինչ Միրզոյանը հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքներ է տարել, տեղում կատարվել են հանքաքարի գիշատիչ պայթեցումներ և գողություն։ Հանքից ապօրինաբար դուրս է բերվել 579 խորանարդ մետր լեռնային զանգված։ Անօրինական հանույթի փաստն արձանագրել է նաև ՀՀ Բնապահպանության նախարարությունը, սակայն որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Հենրիկ Միրզոյանը դիմել է դատախազություն, այլ մարմինների և պաշտոնյաների ևս, սակայն հանքանյութը գողացողներին չեն հայտնաբերել։ Միևնույն ժամանակ Լալվարիտի հանքի շահագործման արտոնագրից զրկված «Տարոն» ԲԲԸ-ի ղեկավար Տարոն Աբգարյանը դիմում է արբիտրաժ և դատարան՝ իրենց արտոնագրից զրկելու որոշումը չեղարկելու նպատակով։ Հենրիկ Միրզոյանի խոսքով՝ Աբգարյանների ընտանիքին հանքը շահագործելու իրավունքը վերականգնելու հարցում օգնել են Խոսրով Հարությունյանն ու Սերժի Վաչոն՝ Վաչագան Ղազարյանը։ Գիտնականն այնպիսի տպավորություն ունի, որ նախկինում ում դիմել է այս խնդրով, բոլորը հարստացել են ու իրենց բաժինն են ստացել, միայն ինքն է մնացել ձեռնունայն։

 

Օրենսգիրքը փոփոխել են՝ գիտնականների կարծիքը հաշվի չառնելով

Հենրիկ Միրզոյանն այսօր այլևս չի կարող ստանալ հանքի շահագործման առաջնային իրավունք, քանի որ տարիներ անց ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ է կատարել Ընդերքի մասին օրենսգրքում՝ վերացնելով հայտնաբերողին հանքի շահագործման առաջնային իրավունք տալու մասին դրույթը։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի թվով 28 գիտաշխատողներն օրենսգրքում փոփոխություններ անելու վերաբերյալ իրենց առաջարկներն են ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարությանը և ԱԺ պատգամավորներին, սակայն դրանք հաշվի չեն առնվել նախկին իշխանությունների կողմից։

 

«Կնոջս սպանեցին»

 Լալվարիտի հանքի արտոնագիրը վերստանալուց հետո հանքի շահագործմանը միակ խոչընդոտող անձը եղել է հանքը հայտնաբերած գիտնականը, ով չի դադարել պատկան մարմիններին դիմել՝ բարձրաձայնելով անօրինականությունների մասին։ Ավագ գիտաշխատողի խոսքով՝ որոշել էին իրեն «վերացնել», որպեսզի հանգիստ շարունակեն հանքի՝ ոչ ճիշտ եղանակով շահագործումը։ «Ալավերդիի դատախազությունից գրություն ստացա, որ պիտի ներկայանամ, ուրախացա, ինձ թվաց, թե վերջապես գործը բացահայտվում է»,- պատմում է Միրզոյանը։ Ավելի ուշ նա հասկացել է, որ գործ է հարուցվել ոչ թե հանքի անօրինական շահագործման ու գողության փաստի առթիվ, այլ իր դեմ։ «Կինս, երբ իմացավ, որ իմ դեմ գործ են հարուցել, մտահոգությունից հիվանդացավ, վատացավ, վատացավ, հետո կաթվածից մահացավ։ Առողջ կին էր․․․ սպանեցին կնոջս»,- ասում է 83-ամյա տղամարդը։ Հետագայում քրեական գործը կարճվել է, սակայն Միրզոյանն արդեն անդառնալի կորուստ էր կրել։

 

«Ծնողներիս գերեզմանին լալավարիտ չեմ կարողացել դնել»

 Հենրիկ Միրզոյանի փաստաթղթերի տրցակում առկա է նաև իր ծնողների գերեզմանի լուսանկարը։ Գերեզմանն առանց տապանաքարի է։ Լալվարիտ քարատեսակը հայտնաբերած ու այն անվանակոչած գիտնականն անգամ հնարավորություն չի ունեցել գերեզմանաքարերի պատրաստման մեջ լայնորեն գործածվող լալվարիտով տապանաքար տեղադրել ծնողների գերեզմանին։ «Նամակ էի գրել Սերժ Սարգսյանին, խնդրել էի, որ գոնե այդ քարից տրամադրեն, որ ծնողներիս գերեզմանին շիրմաքարեր դնեմ։ Մերժեցին, ասացին՝ մենք չենք կարող ստիպել, որ Ձեզ քար տան»,- ասում է գիտնականը։

 

Փաշինյանին մոտեցել է, բայց դիմում դեռ չի հանձնել

 Հենրիկ Միրզոյանի ձեռքին ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրած դիմումն է, որն այդպես էլ մուտք չի արել ՀՀ կառավարություն։ ՀՀ կառավարության աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի վարիչը 2001 թվականից չի փոխվել․ գիտնականի կարծիքով՝ իր նամակները տարիներ շարունակ չեն հասել նախկին վարչապետերին, Փաշինյանին էլ չեն հասնի։ «Մի անգամ Երրորդ մասի խանութում էի, մարդիկ ասացին՝ Փաշինյանը եկավ։ Իսկապես վարչապետն էր, ես էլ մոտեցա, ասացի, որ դիմում ունեմ իրեն, բայց մտավախություն ունեմ, որ չի հասնի։ Մի երիտասարդ տղա կար վարչապետի հետ (հավանաբար վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն է եղել՝ խմբ․), ասաց՝ դիմումդ տուր ինձ, ես կփոխանցեմ վարչապետին։ Դիմումը մոտս չէր, նա հեռախոսահամարս վերցրեց, որ ինձ զանգի, դիմումը տանեմ, բայց չզանգեց»,- պատմում է Միրզոյանը։ Նա լիահույս է, որ այս հոդվածի հրապարակումից հետո վարչապետի աշխատակազմից կկապվեն իր հետ և իր դիմումը ի վերջո կհասնի նոր Հայաստանի վարչապետին։

«Ներկայումս ամենահրատապ խնդիրը հանքի շահագործման դադարեցումն է, քանի որ պայթեցման եղանակով են շահագործում, իսկ դա պարզապես ավերում է հանքը։ Հանքավայրն այս օրին հասցրած մարդիկ պետք է պատժվեն»,- ասում է երկրաբանը։

 

Միրզոյանը վստահ է, որ ինքն ի վիճակի է հանքը շահագործել բոլոր նորմերին համապատասխան։ Չնայած պատկառելի տարիքին՝ իրեն շատ առողջ և ամուր է զգում, ժամանակին եղել է գիմնաստիկայի ազգային հավաքականի անդամ, որի ընթացքում հավաքականը դարձել է ԽՍՀՄ-ի չեմպիոն։ «Բացի այդ, կան նաև այլ տղաներ, որոնք պատրաստ են միավորվել ինձ հետ և շահագործել հանքն այնպես, որ բնությունը չտուժի, մենք կարող ենք դա անել»,- վստահ է ավագ գիտաշխատողը։ Հենրիկ Միրզոյանի խոսքով՝ իրեն հայտնի են այլ հանքավայրեր, որոնք դեռևս բացահայտված չեն որևէ մեկի կողմից, սակայն այդ տեղեկատվությունը նա չի բացահայտի, քանի որ իր կարծիքով՝ Ընդերքի մասին օրենսգիրքը ինչ-որ մարդկանց պատվերով փոփոխել են, որպեսզի հանքը հայտնաբերողին որևէ առավելություն չտրվի։ Քանի դեռ օրենսգիրքն  այսպիսի տեսք ունի, գիտնականն իր հայտնաբերած հանքերի մասին կլռի։

Արման Ղարիբյան