• December 5, 2023

Ինչո՞ւ դատավորները չեն եկել ԱԺ․ «Սա հարգալից վերաբերմունք չէ ինստիտուտի նկատմամբ»

Ինչո՞ւ դատավորները չեն եկել ԱԺ․ «Սա հարգալից վերաբերմունք չէ ինստիտուտի նկատմամբ»

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, հարցը քննարկվում է Ազգային ժողովում։

Թեկնածուներին խորհրդարանում ներկայացրեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ Պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց՝ Սերգեյ Մարաբյանից բացի, մյուս 2 թեկնածուներն ինչո՞ւ չեն եկել ԱԺ․ «Որերորդ անգամ է՝ դատավորների ընտրությունների ժամանակ թեկնածուներից մեկը, այս դեպքում արդեն 2-ը չեն ներկայանում ԱԺ։ Սա հարգալից վերաբերմունք չէ ինստիտուտի նկատմամբ։ Այսօր պիտի ընտրություն անենք, բայց ընտրություն չունենք։ ԲԴԽ-ն պետք է հետևություն անի սրանից»։

Կարեն Անդրեասյանը նշեց, որ իրենք էլ իրենց «անհարմար» զգում նման իրավիճակներում։ Նա հայցեց ԱԺ-ի ներողամտությունը։

«Որպես արդարացում կարող եմ ասել, որ ԲԴԽ-ն շատ փոքր մրցակցություն է ունենում Վճռաբեկ դատարանի պաշտոնների համար։ Որերորդ անգամ է՝ մենք ընտրում ենք 3 հավակնորդից 3-ին։ Նույնիսկ չեն ունենում 4-րդ դիմումը, որպեսզի ինքներս կարողանանք ընտրություն կատարել»,-նշեց խորհրդի նախագահը՝ հավելելով, որ դատավորներից մեկը առողջական լուրջ խնդիր ունի, վիրահատվել է բոլորովին վերջերս։ Մյուսը նամակ է ուղղել ԱԺ նախագահին՝ հայտնելով իր ծրագրերի փոփոխության մասին։