• May 28, 2019

Իմ տեղակալը փամփուշտները չի փոխել․ Աղվան Հովսեփյանը խուսափեց Մարտի մեկի վերաբերյալ հարցերից

Իմ տեղակալը փամփուշտները չի փոխել․ Աղվան Հովսեփյանը խուսափեց Մարտի մեկի վերաբերյալ հարցերից

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր Ապարանում տոնական միջոցառումների ժամանակ խուսափեց պատասխանել Մարտի 1-ի քրեական գործի վերաբեյալ լրագրողների հարցերին։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք Հովսեփյանը հարցաքննվե՞լ է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, սակայն վերջինս չպատասխանեց հարցին, այլ շնորհավորեց տոնի առթիվ. «Բոլորիդ շնորհավորում եմ տոնի կապակցությամբ»։

Դիտարկմանը՝ Աղվան Հովսեփյանի տեղակալ Վահագն Հարությունյանը փոխել է Մարտի մեկին կրակված փամփուշտները, Հովսեփյանն արձագանքեց․ «Իմ տեղակալը փամփուշտները չի փոխել»։

Մյուս հարցերն անգամ չլսեց եւ ուղղակի շտապելով հեռացավ։ Ի դեպ՝ Հովսեփյանին ուղեկցում էր Սամվել Ալեքսանյանը։

2008թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Աղվան Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազն էր եւ հենց նրա ենթակայությամբ էր գործում այն քննչական խումբը, որը զբաղվում էր տասը զոհերի մահվան հանգամանքների ու գործի մանրամասների բացահայտումով։

Իսկ նույն քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Վահագն Հարությունյանը ավելի վաղ որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ Մարտի 1-ի գործով կարեւոր ապացույցներ կեղծելու համար:

© Armtimes.com