• May 23, 2022

Ի՞նչ ունեցվածք ունի Լևոն Քոչարյանը

Ի՞նչ ունեցվածք ունի Լևոն Քոչարյանը

ArmDaily.am-ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյաին որդու՝ Լևոն Քոչարյանի ունեցվածքը։

Ով է Լևոն Քոչարյանը

Ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 16-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 2002 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի` Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: Սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետում, ստացել բակալավրի կոչում:

2006 – 2008 թթ. ծառայել է ՀՀ Ազգային Անվտանգության Հատուկ Մարտական Գործողությունների Վարչությունում: 2008 թվականից հանդիսանում է “Նաիրի Ինշուրանս” ապահովագրական ընկերության բաժնետեր և խորհրդի անդամ:

Զբաղվում է դայվինգով և սնոուբորդինգով:
Ամուսնացած է, ունի երկու որդի: Կինը` Սիրանուշ Քոչարյան (Սիրուշո):

Ունեցվածքը

Լևոն Քոչարյանը իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի՝ նա ունի  226 քմ մակերեսով բնակարան՝ Աբովյան փողոցում, 20 քմ մակերեսով ավտոտնակ՝ դարձյալ Աբովյան փողոցում եւ 203 քմ գրասենյակային տարածք՝ Վազգեն Սարգսյան փողոցում, որտեղ համասեփականատեր է:

Որպես եկամուտ Քոչարյանը հայտարարագրել է կորպորատիվ պարտատոմս՝ 28 մլն 915 հազար դրամի չափով, բանկային ավանդից տոկոս՝ 78 հազար 155 դոլար եւ «Սիստեմա» ԲՖԿ-ից վարձատրություն՝ 199 հազար 300 դոլարի չափով:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Քոչարյանն ունեցել է 980 մլն դրամ եւ 1 մլն 927 հազար դոլար: Նա ունի 0.0306% բաժնետոմս «Սիստեմա» ԲՖԿ-ում:

Լեւոն Քոչարյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ «Toyota RAV4 2.5»՝ 2013 թվականի արտադրության, եւ «Toyota Camry 3.5P»՝ 2019 թվականի արտադրության:

Որպես եկամուտ կրտսեր Քոչարյանը հայտարարագրել է «Նաիրի Ինշուրանս»-ից ստացված 604 մլն 200 հազար դրամ շահույթ, «Մենեջմենթ Սիսթեմզ Ինթերնեյշնլ»-ի վարձակալությունից ստացված 14 մլն 997 հազար 775 դրամ եւ աշխատավարձ «Նաիրի Ինշուրանս»-ից՝ 17 մլն 694 հազար դրամ:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 161 մլն 280 հազար 640 դրամ եւ 395 հազար 459 դոլար:

Լեւոն Քոչարյանը 60 տոկոս բաժնեմաս ունի «Նաիրի Ինշուրանս»-ում, 0.70 տոկոս բաժնետոմս՝ «Էքզել Աութդորս»-ում, 50 տոկոս բաժնեմաս՝ «Զեմկոմինվեստ»-ում եւ 33.3 տոկոս՝ «Սփեյս Մենեջմենթ»-ում: