• June 27, 2019

Ի՞նչ նպատակով են Արծվիկ Մինասյանի օրոք՝ ընտրական փուլում, նախարարության ենթակա ՓԲԸ-ից գումարներ հատկացվել ՀՅԴ-ական երգիչ Ներսիկ Իսպիրյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ի՞նչ նպատակով են Արծվիկ Մինասյանի օրոք՝ ընտրական փուլում, նախարարության ենթակա ՓԲԸ-ից գումարներ հատկացվել ՀՅԴ-ական երգիչ Ներսիկ Իսպիրյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նախկին բնապահպանության, այժմ շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ գտնվող «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կողմից 2017 թվականի հունվարի 1-ից մինչ 2018 թվականի հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ Թավշյա հեղափոխությունից առաջ և հետո, որպես նվիրատվություն 5 կազմակերպության փոխանցվել է շուրջ 6 մլն  ՀՀ դրամ:

Այս ցանկում հատկապես աչքի է ընկնում «Իսպիրյան» մշակութային հասարակական կազմակերպությանը տրված 2 միլիոն դրամը: «Իսպիրյան» մշակութային հասարակական կազմակերպությունը, էլեկտրոնային ռեգիստրից ձեռք բերված տվյալների համաձայն, հիմնադրվել է Ներսես Աղասի Իսպիրյանի կողմից: Խոսքը հայտնի երգիչ Ներսիկ Իսպիրյանի մասին է: Նույն պաշտոնական աղբյուրի համաձայն, ՀԿ-ի նախագահն այս պահին ևս Ներսիկ Իսպիրյանն է: Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կողմից «Իսպիրյան» մշակութային հասարակական կազմակերպությանը 2 միլիոն դրամի նվիրատվություն կատարվել է այն ժամանակահատվածում, երբ Հայաստանում եղել է նախընտրական կամ հետըտրական շրջան:

Factor TV-ին փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ «Իսպիրյան» մշակութային ՀԿ-ին պետական նշյալ կառույցից մեկ միլիոն դրամ տրվել է 2017 թվականի մայիսին՝ ընտրություններից անմիջապես հետո, ևս մեկ միլիոն դրամ էլ տրվել է նախորդ տարվա հունիսին:

Ի դեպ, «Իսպիրյան» մշակութային հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2017 թվականի մարտի 1-ին՝ 2017 թվականի ապրիլի  2-ի Ազգային ժողովի հերթական ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ:

Առավել հետաքրքիր է այն հանգմանքը, որ «Իսպիրյան» մշակութային ՀԿ-ի հիմնադիր, երգիչ Ներսիկ Իսպիրյանը, ինչպես 2017 թվականի հերթական, այնպես էլ 2018 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ մասնակցել է Դաշնակցության նախընտրական քարոզարշավին, երգել է ու կոչ է արել քվե տալ ՀՅԴ-ին: Այս շրջանում բնապահպանության նախարարը ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն էր, որի ենթակայության ներքո էլ գտնվում է «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնը: 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում Արծվիկ Մինասյանն ակտիվորեն պարում էր Ներսիկ Իսպիրյանի կենդանի կատարումների ներքո:

Ներսիկ Իսպիրյանը ՀՅԴ անդամ է,  ինչպես որ այդ թվականներին բնապահպանության, ապա տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնը զբաղեցրած Արծվիկ Մինասյանը: Ստացվում է, որ բնապահպանության դաշնակցական նախարարի կողմից  պետական միջոցներ են տրվել դաշնակցական երգչի գլխավորած  ՀԿ-ին՝ համերգային գործունեության համար՝ քարոզարշավային փուլում։ Factor TV-ի հետ զրույցում Ներսիկ Իսպիրյանը նշեց, որ դաշնակցական նախարարների հետ ունեցած ջերմ հարաբերությունների հաշվին է այդ գումարները որպես օգնություն ստացել:

«Այն ժամանակ ես նախարարների հետ մոտ եմ եղել, մեր Արծվիկի և մյուսի հետ: Նրանք ֆոնդ ունեն, հասարակական կազմակերպություններին օգնություն տալու»,- ներկայացրեց Ներսիկ Իսպիրյանը:

Երգիչը  միաժամանակ նշեց, որ այդ գումարները իրեն չեն տրվել Դաշնակցության նախընտրական քարոզարշավներին մասնակցելու համար:

Factor TV-ի հարցին՝ ժամանակագրական համընկումներն ինչպե՞ս է մեկնաբանում, Ներսիկ Իսպիրյանը պատասխանեց,  որ դա ընդամենը պատահականություն է: «Քարոզարշավին մասնակցելու համար կապ չի ունեցել ո՛չ Արծվիկ Մինասյանը, ո՛չ էլ մյուսը: Այդ գումարը օգնություն է եղել Մուրադ Մշեցու և իմ համերգների համար:  Դա արդեն զուգադիպություն է: Միլիոն տոկոսով եմ ասում, որ դա նախընտրականի համար չէ:

Քարոզարշավները, որոնց որ մասնակցել ենք, անշահախնդիր են եղել»,- նշեց երգիչը: Բնապահպանության նախկին նախարար, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը «Իսպիրյան» մշակութային հիմնադրամին  գումարների փոխանցումը ներկայացնում է որպես աջակցություն հանրության մեջ արժեքային համակարգ ստեղծող ծրագրերին: Մեր դիտարկմանը, որ Ներսիկ Իսպիրյանը որպես գումարի տրամադրման հիմք նշել է իր և կուսակից նախարարի մտերմությունը, Արծվիկ Մինասյանը հետևյալ կերպ արձագանքեց․ «Ես չգիտեմ, դիմեք

Բնապահպանության նախարարությանը: Ինձ հետ բոլորն են մտերիմ, ովքեր ազգային մտածելակերպ, վարքագիծ ունեն, ովքեր երկրում դրական արժեք են ստեղծում, և, եթե հնարավորություն է եղել օրենքի սահմաններում աջակցելու, բոլորը ստացել են այդ աջակցությունը»: Երգիչ Ներսիկ Իսպիրյանի՝ դաշնակցական լինելը, ըստ Արծվիկ Մինասյանի, հիմք չէր կարող լիներ, որպեսզի նրան բնապահպանության նախարարության կառուցվածքում առկա ՓԲԸ-ից գումարներ հատկացնեին:

«Ստացվում է, որ բարի լույս-բարև էլ չենք կարող տալ իրար, որովհետև բոլորն այդ համակարգով անցել են: Կարող են ասել՝ Արծվիկի հետ հանդիպել են, իրար ձեռք ենք սեղմել…լուրջ չէ»,- նկատեց Արծվիկ Մինասյանը:

Միաժամանակ բնապահպանության նախկին նախարարը Factor TV-ի հետ զրույցում չկարողացավ հիմնավորել, թե ինչպես է ստացվել, որ վերոնշյալ գումաները «Իսպիրյան» մշակութային հիմնադրամին տրվել են ընտրական շրջաններում. «Ոչ որևէ ենթատեքստ չկա.․. մեղադրել մեզ ռեսուրսները չարաշահելու մեջ՝ նախընտրական շրջանում, ծիծաղելի է: Ես չգիտեմ, թե ինչու է համընկնում»:

Այդպես էլ, սակայն, մեր զրույցի ընթացքում չկարողացանք պարզել, թե ազգային երգուպարը ի՞նչ կապ ունի բնապահպանության հետ։

Հավելենք, որ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կողմից 01.01.2017 թվականից մինչև 30.06.2018 թվականն ընկած ժամանակահատվածում որպես նվիրատվություն գումար է տրվել նաև հետևյալ կազմակերպություններին. «Էկո-Մեդիա» ցանց լրագրողական ակումբ՝ 500 000 ՀՀ դրամ, Հայաստանի նկարիչների միություն՝ 500 000 ՀՀ դրամ, Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցացիա՝ 1 000 000 ՀՀ դրամ, «Արտիսմո» մշակութային ՀԿ՝ 2 000 000 ՀՀ դրամ։

© Factor.am

 

 

© factor.am