• August 9, 2020

Ի՞նչ են խոստացել դատավոր Սուսաննա Գզոգյանին

Ի՞նչ են խոստացել դատավոր Սուսաննա Գզոգյանին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը մի քանի ամսվա ընթացքում նույն գործով երկու միմյանց հակասող դիրքորոշումներ է հայտնել, որոնք ենթադրել են տալիս, որ դատավորի նկատմամբ ճնշում է գործադրվել։

Խոսքը Վահագն Աբգարյանի գործով կայացրած որոշումների մասին է։ Ապրիլի 1-ին դատավոր Գզոգյանը որոշում կայացրեց փոխել Վահագն Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխարինելով 15 միլիոն դրամ գրավով։ Որոշման հիմքում դրված էրերկու հանգամանք․

  • Աբգարյանի նկատմամբ այս տարվա փետրվարին մահափորձ էր եղել կալանավայրում և այնտեղ գտնվելը նրա կյանքին ու առողջության համար վտանգ է ներկայացնում։
  • Աբգարյանն ունի քրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ և հիպերտենզիա, որը նրան ավելի խոցելի է դարձնում կորոնավիրուսի նկատմամբ։

Մեղադրող դատախազն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դեմ էին, որպեսզի Աբգարյանը գտնվի ազատության մեջ, սակայն ոչ թե առարկում կամ վիճարկում էին վերոնշյալ հանգամանքները, այլ պնդում էին, թե իբր Աբգարյանը, հայտնվելով ազատության մեջ, ճնշում կգործադրի գործով վկա անցնող Արթուր Մնացականյանի նկատմամբ, ով տվյալ գործով բազմիցս փոխել է իր ցուցմունքները։

Այնուամենայնիվ, դատավոր Գզոգյանը այդ առարկությունը չընդունեց և որոշում կայացրեց փոխել Աբգարյանի խափանման միջոցը։ Ի՞նչ փոխվեց ամիսներ անց։

Ազատության մեջ գտնվելու 3 ամիսների ընթացքում Վահագն Աբգարյանը դրսևորել է բացառապես կարգապահ և օրինական վարքագիծ, երբևէ չի խուսափել դատավարությունից (այս ընթացքում անգամ հրաժարվել է բուժօգնությունից, որպեսզի չբացակայի դատական նիստից), որևէ փորձ չի արել հանդիպել-զրուցելու գործով անցնող որևէ վկայի հետ, ավելին՝ անգամ չի այցելել իր հայրենի Ալավերդի քաղաքը, որտեղ իր ընտանիքն է, որպեսզի իրեն չկարողանան վերագրել որևէ գործողություն՝ կապված գործով անցնող վկաների կամ այլ դերակատարների հետ։

Ազատության մեջ գտնվելու ընթացքում Աբգարյանը փորձել է զբաղվել է իր առողջության վերականգմամբ, սակայն չի կարողացել, քանի որ կրկին հայտնվել է կալանավայրում։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 19-ի որոշմամբ անթույլատրելի է ճանաչել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Վահագն Աբգարյանի նկատմամբ գրավի կիրառումը, սակայն որոշման մեջ ոչինչ գրված է Աբգարյանին կրկին կալանավորելու մասին:

Վերաքննիչ քրեական դատարանի որոշումից հետո ևս Աբգարյանը շարունակել է դրսևորել օրինական վարքագիծ, չի խուսափել իրավապահ մարմիններից և դատարանից։ Չի փորձել փախչել երկրից կամ թաքնվել։ Այնուամենայնիվ, Վերաքննիչ քրեական դատարանի որոշումից 40 օր անց Աբգարյանին ձերբակալում են՝ դատարանից խուսափելու կասկածանքով։ Ու թեև Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը չի հաստատել, որ Աբգարյանը խուսափել է դատաքննությունից, այնուամենայնիվ, դատավոր Սուսաննա Գզոգյանը փաստացի հնարավորություն չի տվել Աբգարյանին բողոքարկելու իրեն ազատազրկելու որոշումը(այս թեմային առանձին կանդրադառնանք), ավելին՝ խափանման միջոցը փոխելու նոր միջնորդությունը մերժել է։

Վերադառնալով այն հանգամանքներին, որոնք դատավոր Սուսաննա Գզոգյանը դրել էր Աբգարյանի խափանման միջոցը փոխելու որոշման հիմքում, հարկավոր է նշել, որ

  • Աբգարյանի հանդեպ տեղի ունեցած մահափորձի գործով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Մահափորձը տեղի էր ունեցել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, այժմ Աբգարյանը պահվում է Վանաձոր ՔԿՀ-ում։ Իհարկե, այստեղ նույն աշխատակազմը չէ, սակայն նրա կյանքի ու առողջության համար պատասխանատուն ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունն է, որը բնականաբար, շահագրգռված չէ, որ բացահայտնի Աբգարյանի նկատմամբ կատարված հանցագործությունը։ Ներկայումս Աբգարյանը տուժող է ճանաչվել և քննչական մարմինը փորձում է նրանից ցուցմունք վերցնել ընդդեմ այն վարչակազմի, որի ենթակայության տակ այժմ պահվում է Աբգարյանը։
  • Աբգարյանի քրոնիկ հիվանդությունները, բնականաբար, չեն վերացել։ Ավելին, նոր առողջական խնդիր է բացահայտվել՝ սրտի հետ կապված, որի վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել է դատարանին։ Իսկ կորոնավիրուսով պայմանավորված համավարակն ու երկրում արտակարգ դրությունը դեռ շարունակվում է։
  • Երեք ամիսների ընթացքում ապացուցվել է, որ մեղադրող դատախազի ու տուժողի իրավահաջորդ ներկայացուցիչների առարկությունը, թե իբր Աբգարյանը կազդի վկա Մնացականյանի վրա, մտացածին էր։

 

Հետևաբար, ի՞նչ փոխվեց այս ընթացքում, որը ստիպեց դատավոր Սուսաննա Գզոգյանին փոխել իր համոզմունքը, որ Աբգարյանը կարող է գտնվել ազատության մեջ ու չխոչընդոտել դատաքննությանը։ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը վերջնական ճշմարտություն չէ առաջին ատյանի դատավորի համար, մանավանդ, որ իր նախագահությամբ է քննվում գործը և ինքն է տիրապետում մանրամասներին, ինքն ավելի լավ է հասկանում, թե որքանով է Աբգարյանի՝ ազատության մեջ գտնվելը խոչընդոտելու դատաքննությանը։ Ստացվում է, որ կամ ամիսներ առաջ է Գզոգյանը անարդար ու շահադիտական որոշում կայացրել կամ վերջերս։ Եթե հանգամանքները նույնն են, չեն փոխվել, ավելի են ընդգծվել, ապա ինչո՞ւ է Գզոգյանը հակասում իր իսկ համոզմունքին, որ լուրջ առողջական խնդիրներ ունեցող Աբգարյանը կարող է գտնվել ազատության մեջ և չխոչընդոտել դատաքննությանը։ Ավելին, Աբգարյանին  կալանավայրում պահելով՝ դատավոր Գզոգյանը թույլ չի տալիս, որպեսզի բացահայտվի Աբգարյանի նկատմամբ իրականացված մահափորձը, քանի որ բնականաբար, ՔԿՀ-ում պահվող Աբգարյանը չի կարող ցուցմունք տալ Քրեակատարողական ծառայության աշխատակիցների դեմ։

ՀԳ – Դատական համակարգի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ դատավոր Գզոգյանը տևական ժամանակ է՝ փորձում է տեղափոխվել Երևանի դատարան, գուցե նրան այդպիսի խոստո՞ւմ են տվել Աբգարյանին անազատության մեջ պահելու պայմանով։ Հաշվի առնելով, թե ինչպիսի հնարավորություններ ունեցող մարդիկ են շահագրգռված Աբգարյանի կալանավորմամբ, այդ տարբերակը բավականին ճշմարտանման է թվում։