• September 18, 2018

Ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկանում ենք, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրազի փողոցում քաղաքացուն են մոտեցել երկու կին, տեղեկացել սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում նրա մասնակցության վերաբերյալ և ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի օգտին քվեարկելու համար առաջարկել 60.000 ՀՀ դրամ, կամ դրանից բարձր կենսաթոշակ ստանալու դեպքում՝ մեկ ամսվա կենսաթոշակի չափով գումար: Քաղաքացուց մերժում ստանալուց հետո կանայք հիշյալ վայրից անմիջապես հեռացել են:

Ավելի վաղ այդ քաղաքացին ՀՀ ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին։ «Արմենպրես»-ին տեղեկացրել են  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից այն մասին, որ նկատի ունենալով, որ հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք առաջարկելու հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի կողմից կայացվել է քրեական օրենսգրքի 154.2. հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու որոշում և ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու նպատակով:

Արդյունքում նշված քրեական գործի նախաքննությունը հանձնարավել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Միաժամանակ, Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարվել է համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկել հանցագործության կատարման հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու և այն կատարած անձանց պարզելու, ինչպես նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու կամ ստանալու հնարավոր այլ դեպքերը բացահայտելու նպատակով։

Նշենք, որ ս․թ․ սեպտեմբերի 7-ին ՀՀ Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ միաձայն «Կողմ» քվեարկությամբ ընդունել է Կառավարության ներկայացրած օրենսդրական նախագիծը, որով փոփոխություններ են արվել ՀՀ քրեական օրենսգրի՝ ընտրությունների անցկացմանը վերաբերող հոդվածներում։ Հակակոռուպցիոն բլոգն արդեն իրազեկել է, թե ինչ պատիժներ են սահմանվում ընտակաշառք ստանալու և տալու համար, ինչպես նաև մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար։