• January 23, 2019

Երևանի քաղաքապետարանը 974 հազար դոլարի պարգևավճար է բաժանել. պարգևատրվածների անունները գաղտնի են պահվում

Երևանի քաղաքապետարանը 974 հազար դոլարի պարգևավճար է բաժանել. պարգևատրվածների անունները գաղտնի են պահվում

Պարգևատրումների շուրջ նոր աղմուկ է բարձրանում: Երևանի քաղաքապետարանը 2018 թվականին 474 մլն դրամ կամ 974 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել պարգևատրումներին: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված գրավոր հարցման պատասխանից:

Միաժամանակ Երևանի քաղաքապետը հրաժարվել է ներկայացնել պարգևատրումների ցանկը, որտեղ նշված է, թե որ աշխատակցին որքան գումար է տրվել: Քաղաքապետարանից պատճառաբանել են, որ դա համարվում է անձնական տվյալների պահպանման խախտում: Քաղաքապետարանի՝ Factor.am-ին ուղարկված պատասխանը ներկայացնում ենք ստորև:

«Ի պատասխան Ձեր հարցման՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ընդունարանից տեղեկացնում են, որ Ամանորի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին դրամական պարգևատրում տրամադրելու նպատակով հատկացվել է ընդհանուր 474.097.560 դրամ գումար, և դրամական պարգևատրմամբ խրախուսվել է ընդհանուր թվով 1628 աշխատակից. տեղեկացնում են նաև, որ հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետը, ելնելով գործատուի կողմից աշխատողի անձնական տվյալները փոխանցելու օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատառումներից, Երևանի քաղաքապետարանը ներկայումս դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը, և անձնական տվյալների՝ երրորդ անձանց փոխանցման հարցին առնչվող իրավական կարգավորումների մասով համապատասխան պարզաբանում ստանալուց հետո, Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի»:

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պահպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը Factor.am-ի հացին ի պատասխան նշեց, որ դա համարվում է անձնական տվյալ և գործատուն կարող է միայն գրավոր համաձայնության դեպքում այն տրամադրել 3-րդ անձի: «Մարդու անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ անձնական տվյալների օրինական մշակման, այդ թվում՝ հրապարակման, հիմքերից են մարդու համաձայնությունը, ինչպես նաև օրենքով նախատեսված լինելը: Նույնականացվող անձանց պարգևավճարների դեպքում առերևույթ գործ ունենք աշխատանքային հարաբերությունների և աշխատողի անձնական տվյալների հետ, ուստի գործում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի կանոնը, համաձայն որի՝ գործատուն պարտավոր է աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց` առանց աշխատողի գրավոր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է աշխատողի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում: Ուստի, առանց աշխատողի համաձայնության, նրա անձնական տվյալների հրապարակումը թույլատրվում է, եթե նախատեսված է օրենքով»,- ասաց նա:

Մինչդեռ ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պահպանության գործակալության նախկին պետ Շուշան Դոյդոյանը Factor.am-ի հետ զրույցում պնդում է, որ պարգևավճարների հրապարակումն օրենքի խախտում չի համարվում: «Կարծում եմ՝ որ ոչ, հատկապես եթե սա հենց այն տեղեկատվությունն է, որը նախկինում արդեն հրապարակվել է։ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 49 հոդվածի համաձայն՝ քաղաքապետի կարգադրությունները պետք է հրապարակվեն։ Իսկ պարգևատրումներն արվում են հենց կարգադրությունների հիման վրա։ Այնպես որ, հրապարակման ենթակա տեղեկատվություն է, այն էլ ՝ տնօրինողի սեփական նախաձեռնությամբ։ Ի դեպ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ևս դիմել է քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել 2018թ. 4-րդ եռամսյակի ընթացքում պարգևատրված անձանց անուն- ազգանունները և գումարի չափը։ Դեռևս ժամկետում է հարցումը»,- ասաց նա։

Չի բացառվում, որ Հայկ Մարությանը չի ցանկանում պարգևատրումների ցանկը հրապարակել՝ պայմանավորված մարզպետների պարգևավճարների շուրջ ստեղծված վերջին աղմուկով:

Նշենք, որ Արարատի, Կոտայքի, Արմավիրի և Սյունիքի մարզպետներն իրենց ու իրենց ենթականերին բարձր պարգևավճարների էին արժանացրել: Ավելի վաղ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ 2019թ. բյուջեում պարգևավճարների բյուջեն ավելացել է 1 միլիարդ 200 միլիոն դրամով:

Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ 2017 թվականին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի պարգեւավճարներին համար հատկացվել է 275 մլն դրամ, իսկ ահա 2016-ին պարգեւավճարների բյուջեն կազմել է 271 մլն դրամ: Ուշագրավն այն է, որ թափանցիկ ու ՀՀ քաղաքացուն հաշվետու հեղափոխական իշխանությունը հրաժարվում է հարկատուներին ներկայացնել, թե 474 մլն դրամն ինչ համամասնությամբ է բաշխվել: Անդրադառնալով նախկին պարգեւատրումներին՝ նշենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն իրեն պարգեւատրել էր 575 հազար դրամով, տեղակալներին՝ 478 հազար եւ 443 հազար դրամներով:

© factor.am