• November 16, 2022

Երկու տարում Արցախում Ադրբեջանի կողմից սպանվել է 18 անձ. Արցախի ՄԻՊ

Երկու տարում Արցախում Ադրբեջանի կողմից սպանվել է 18 անձ. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը 2020-2022թթ. Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի և Արցախի խաղաղ բնակչության իրավունքների խախտման մասին հանդես է եկել հայտարարությամբ.

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական կողմը դիմել է Արցախի ժողովրդի իրավունքների խախտումերի հանգեցնող հանցավոր գործողությունների, որոնց վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար հանդես է եկել հայտարարություններով։

Անցած երկու տարվա ընթացքում արձանագրվել են հրադադարի խախտման, հոգեբանական ահաբեկչության, ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի խաթարման, գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտման, մշակութային արժեքների վանդալիզմի և այլ բնույթի հարյուրավոր անօրինական ու միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բացահայտ դրսևորումներ, որոնք հանգեցրել են Արցախի ժողովրդի՝ կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, ազատ տեղաշարժի, անձնական և ընտանեկան կյանքի, մշակութային և կրոնական իրավունքների, արժանապատվության անխախտելիության իրավունքի, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, խտրականության արգելքի խախտումների։

  • 2020 թվականի նոյեմբերի 10-ից 2022 թվականի նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Արցախի իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է նյութական և մարդկային վնասի հանգեցրած հանցագործության 121 դեպք։
  • Սպանվել է 18 անձ (3-ը՝ քաղաքացիական, 15-ը՝ զինվորական), սպանության փորձի ենթարկվել՝ 132 անձ (54-ը՝ քաղաքացիական, 78-ը՝ զինվորական), հրազենային վիրավորում է ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 67 անձ (16-ը՝ քաղաքացիական անձ):
  • Պատահականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայտնված 8 անձանցից 5-ը վերադարձվել է բռնության, խոշտանգման բացահայտ հետքերով, կոտրվածքներով։ Հայկական կողմին վերադարձված նշված անձանցից Մարտունու շրջանի բնակիչ, անասնապահությամբ զբաղվող՝ 1989թ. ծնված Արտակ Մանասյանը ընդամենը ամիսներ անց մահացել է։
  • Թիրախավորվել է 13 բնակելի տուն, վնասվել կամ ոչնչացվել է 8 գյուղատնտեսական տեխնիկա, 22 տրանսպորտային միջոց, 16 այլ գույք, հրկիզվել է 5 այգի, խաղաղ բնակչությունից հափշտակվել են մանր և խոշոր եղջերավոր անասուններ։ Պատահականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող արոտավայրեր անցած կենդանիները չեն վերադարձվում, այլ հափշտակվում և օգտագործվում են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։
  • Բացահայտ խոչընդոտվում են շփման գծի հարևանությամբ գտնվող տարածքներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները։ Թիրախային կրակոցներ են արձակվում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ու գյուատնտեսական տեխնիկայի ուղղությամբ, որից հետո աշխատանքները դադարեցվում են: Ադրբեջանական կողմի նման հանցավոր գործողությունները ակտիվանում են հատկապես գյուղատնտեսական սեզոնի և բերքահավաքի ժամանակ։ Ադրբեջանցի զինվորականները երբեմն անմիջապես մտնում են այգիները և զենքի գործադրման սպառնալիքով բերքահավաքին մասնակցող անձանց ստիպում լքել այն: Նման վարքագծի հետևանքով սպանվել է Մարտակերտի շրջանի բնակիչ, հողագործությամբ զբաղվող Արամ Տեփնանցը, Մարտունու շրջանի բնակիչ, անասնապահությամբ զբաղվող Սեյրան Սարգսյանը։
  • Ճնշում գործադրելու նպատակով պարբերաբար խաթարվում է կենսական նշանակության ենթակառուցվածների աշխատանքը, որպիսին արձանագրվել է 2022 թվականի մարտին, երբ Ադրբեջանի կողմից գազախողովակի պայթեցման հետևանքով շուրջ 20 օր Արցախի ողջ բնակչությունը զրկված էր գազամատակարարումից և ջեռուցումից։ Հատուկ խլացուցիչների միջոցով շարունակվում են խլացվել կապն ու հաղորդակցությունը։
  • Ի հեճուկս միջազգային տարբեր կառույցների կոչերի և հայտարարությունների՝ հրադադարի հաստատումից հետո բաց աղբյուրների մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր֊մշակութային արժեքների, գերեզմանների նկատմամբ վանդալիզմի, ոչնչացման և պղծման հարյուրից ավելի դեպքեր։
  • Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվում է հայատյացության քաղաքականությունը։ Ատելության քարոզ իրականացվում է Ադրբեջանի նախագահի, իշխող ուժի և հանրային ազդեցություն ունեցող անձանց անմիջական մասնակցությամբ։ Ադրբեջանական մանկապարտեզներում և դպրոցներում շարունակվում է հայերի նկատմամբ ատելության վրա հիմնված այսպես կոչված «հայրենասիրական» դաստիարակության մեթոդի կիրառումը։

Այս բոլոր գործողությունները Արցախի էթնիկ զտման և Արցախի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու ադրբեջանական վարքագծի փաստական ապացույցներն են։ Դրանք ավելի խոսուն են, քան ադրբեջանական ղեկավարության կեղծ խաղաղասիրությունն ու տրվող սուտ խոստումները»։