• May 4, 2020

Եզը Վահագն Հարությունյանի համար կոմպլիմենտ է. ես քրեական հեղինակություն չեմ, խեղեցին ճակատագիրս

Եզը Վահագն Հարությունյանի համար կոմպլիմենտ է. ես քրեական հեղինակություն չեմ, խեղեցին ճակատագիրս

«Իմ ձերբակալումից մի քանի րոպե հետո ես ծանոթացել եմ Վահագն Հարությունյանի հետ։ Ես նրան չէի ճանաչում, բայց նա ինձ ասաց, որ ես իր թշնամին եմ, ու ինքը մինչև վերջ հետամուտ է լինելու, որ ինձ համար շատ վատ լինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սպանության գործով մեղադրյալ Վահագն Աբգարյանը։

Նրա խոսքերով՝ Հարությունյանը պատասխան է տալու ամեն ինչի համար։ «Ես չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե Վահագն Հարությունյանը հիմա հետախուզման մեջ է ու ես դրա համար եմ այս ամենը ասում, կամ՝ ինչպես ժողովուրդն է ասում՝ եզն ընկել է՝ դանակավորները շատացել են, բայց եզ բառն անգամ Վահագն Հարությունյանի համար կոմպլիմենտ է։ Մենք խոսում ենք մի մարդու մասին, որի մասնագիտությունը հին Հայաստանում գործ սարքելն է եղել, կեղծելն է եղել։ Ես հուսով եմ, որ մի օր կպարզվի, թե ով է կանգնած այս ամենի հետևում, քանի որ Վահագն Հարությունյանն էլ պատվեր կատարող է։ Տարբեր գործեր կան հարուցված, որտեղ ես տուժող են ճանաչվել և հուսով եմ, որ ամեն ինչ կպարզվի։ Ես հուսով եմ, որ կպարզվի, թե նա ում պատվերն է կատարում և ինչ շահագրգռվածություն ունի այս գործում»,- ասաց Վահագն Աբգարյանը։ Վերջինիս խոսքերով՝ հենց Վահագն Հարությունյանի կողմից է իրեն կպցվել քրեական հեղինակություն տերմինը՝ հասարակության մեջ իր նկատմամբ բացասական, վատ տրամադրվածություն առաջացնելու համար։ «Եվ դա աշխատեց, քանի որ ոչ մեկին հետաքրքիր չէ քրեական հեղինակության ճակատագիրը, ու եթե այդ մարդը քրեական հեղինակություն է, ապա նա կարող է ընդունակ լինել այդ արարքներին ու նրան հասնում է ցանկացած պատիժ։ Իրենք այդպես էլ արեցին, ու իրենց սցենարը աշխատեց, ինձ սարքեցին քրեական հեղինակություն, սկսեցին ցեխ շպրտել ինձ վրա ու ինչ ուզեցին՝ արեցին։ Իրավիճակը փրկեց միայն հեղափոխությունը։ Հեղափոխությունը չլիներ, չէր կայանա նաև այդ հարցազրույցը»,- ասաց մեր զրուցակիցը։

Վահագն Աբգարյանը նշում է, որ ինքը քրեական հեղինակություն չէ, մեծացել է մտավորականների ընտանիքում և հիմա չի ցանկանում, որ իր երկու անչափահաս աղջիկները տեսնեն իր դեմ «սարքած» այս գործի շարունակությունը. «Հուսով եմ՝ արդարադատությունն ի վերջո կհաղթի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանին մեղադրանք է առաջադրված 2017 թվականի հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանի սպանության համար: Գործի քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը մարզային ոստիկանությունից գրավոր տեղեկացվել է, որ ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ Կամո Փիրուզյանի սպանությունը ոչ թե սպանողի ու սպանվածի անձնական թշնամության արդյունք է, այլ կազմակերպված է եղել Ալավերդիում հայտնի Վահագն Աբգարյանի կողմից մի շարք այլ անձանց օժանդակությամբ։ Վահագն Աբգարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, Լոռու քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանին առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու, ինչպես նաև ապօրինի կերպով զենք՝ երկու ատրճանակ ու ռազմամթերք՝ փամփուշտներ ձեռք բերելու համար:

Վերջերս դատարանի որոշմամբ փոփոխվեց Վահագն Աբգարյանի խափանման միջոցը և նա 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Գլխավոր դատախազությունը և տուժող կողմը, սակայն, բողոքարկել են խափանման միջոցի փոփոխության որոշումը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 

© 1in.am