• August 18, 2021

Դատավոր թե՞ օլիգարխ

Դատավոր թե՞ օլիգարխ

Երեւանցիներին ունեզրկած ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալն ու միլիարդատեր դատավոր դուստրը ՀՀ վարչական դատարանի ամենահարուստ դատավոր Անի Հարությունյանի հայտարրագիրը այս օրերին լուրջ քննարկման առարկա է դարձել:

Վերջինս կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր 2020 թվականի տարեկան հայտարարագիրը :, որտեղ դատավորը տարեսկզբին հայտարարագրել է 15 անշարժ գույք, որից 11-ը բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք են և հավանաբար տրվում են վարձակալությամբ։ Որպես շարժական գույք հայտարարագրել է 2016 թվականի արտադրության «BMW X4» մակնիշի ավտոմեքենա, որը նախորդ տարիներին ներկայացված հայտարարագրերի համաձայն՝ գնել է հենց 2016-ին 31 մլն 941 հազար 660 դրամով: Որպես տարեկան եկամուտ հայտարարագրել է 9 մլն-ից ավելի դրամ աշխատավարձ, որն ստացել է հենց Վարչական դատարանից։ Ստացել է նաև 54 հազար ԱՄՆ դոլար վրացական բանկից, 5 մլն դրամ փոխառություն «ՎՏԲ» բակից, 23 մլն-ից ավելի դրամ էլ «Փարիզ հոթելից»՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճար, 4 մլն դրամից ավելի գումար «8787» տեղեկատուից, 2 մլն 264 հազար դրամ էլ «Արեգակ» վարկային կազմակերպությունից։Բացի այդ, ունի բաժնեմասեր տարբեր ընկերություններում, իսկ 100 հազար ԱՄՆ դոլար փոխառություն էլ տվել է քաղաքացի Գևորգ Նարինյանին։դատավորը «Այն ամբողջ գույքը, որ ունենք, գոյացել է հայրիկիս ձեռնարկատիրական գործունեության արդյունքում։ Որևէ կապ չի կարող լինել պաշտոնեական լիազորությունների իրականացմամբ գույքի առաջացման հետ»,- իր հարցազրույցում ասել էր Հարությունյանը։

Ո՞Վ Է ԴԱՏԱՎՈՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ

Երիտասարդ դատավոր Անի Հարությունյանի հայրը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է: Իսկ ինչով է հանրության հայտնի Գրիշա Հարությունյանը: Վերջինս Հայաստանի պետական մարմիններում սկսել է աշխատել 1990-ական թվականների սկզբներին, երբ նշանակվել է հատուկ ծրագրերի վարչության ղեկավար: Սակայն շատ կարճ ժամանակ անց Գրիշա Հարությունյանը հեղինակազրկվել է, քանի որ նրան ճանաչողները պատմում են, որ փող շատ է սիրում: Հենց աշխատանքի տարիներին նրա ղեկավարած վարչությունում չարաշահումներ են հայտնաբերվել, որոշ կասկածներ կային, որ դրանց առնչվել էր նաեւ Գրիշա Հարությունյանը, ինչի պատճառով էլ նրան հեռացրել են աշխատանքից:

ԱՆՀԵՏԱՑԱՎ, ՎԵՐԱԴԱՐՁԱՎ

Դրանից հետո Գրիշա Հարությունյանը երկար ժամանակ անհետացել է հորիզոնից եւ ընդհատակում մնացել մինչեւ 1994 թվականը, երբ Սերժ Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար: Հենց Սարգսյանի օրոք Գրիշա Հարությունյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության փոխնախարար: ՊՆ փոխնախարարի կարգավիճակում էլ Գրիշա Հարությունյանը համակարգում էր բանակի տնտեսական հարցերը: Այդ ժամանակ նոր ձեւավորվող պաշտպանության նախարարությունը երկու խոշոր շինարարություն էր իրականացնում` մեկը ռազմական հոսպիտալի, մյուսը ռազմական ուսումնարանի կառուցումն էր: Եվ քանի դեռ նախարարը Սերժ Սարգսյանն էր, շինարարության ընթացքը ոչ մի վատ բան չէր կանխատեսում: Բայց երբ 1995թ. ՊՆ նախարար է նշանակվել Վազգեն Սարգսյանը, հետաքրքրվել էր շինարարությունների ֆինանսական հաշվետվություններով: Ինչպես եւ սպասվում էր՝ Գրիշա Հարությունյանն այդտեղ էլ էր չարաշահումներ թույլ տվել, ինչի համար Վազգեն Սարգսյանը որոշել է պատժել փոխնախարար Հարությունյանին: Վերջինս ստիպված փախել է երկրից: Տարիներ հետո, դարձյալ Սերժ Սարգսյանի միջնորդությամբ, վերադարձել է ու հայտնվել ոչ ավել, ոչ պակաս ազգային անվտանգության փոխնախարարի պաշտոնում: Այս տարիներին արդեն Գրիշա Հարությունյանին վստահվել է Հայաստանում սեւ եւ գունավոր մետաղների արտահանման բացառիկ իրավունքը: Եվ պատահական չէ, որ մետաղների արտահանմամբ զբաղվող ամենախոշոր եւ, կարելի է ասել, միակ կազմակերպությունը պատկանում է Գրիշա Հարությունյանի եղբորը՝ Միքայել Հարությունյանին:

ՈՒՆԵԶՐԿԱԾ ԳՈՐԾԱՐԱՐԸ

Այսքանով Գրիշա Հարությունյանի շուրջ աղմկալի պատմությունները չեն դադարում: Ինչպես գիտեք՝ Գլխավոր պողոտայի շինարարության համար այդտեղ բնակվող քաղաքացիներին անխտիր վտարում էին իրենց սեփական տներից: Երեւանցիներին ունեզրկածներից մեկն էլ հենց Գրիշա Հարությունյանն էր` իր «Գրիար» ՓԲԸ-ով: Այդ կազմակերպության տնօրենն էլ Գրիշա Հարությունյանի փեսան է` Արթուր Յոլդանյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյան Գրիշա Հարությունյանի քրոջ որդին է: Այսքանից հետո թերեւս զարմանալի չէ, որ Գրիշա Հարությունյանի դուստրը կարող է դատավոր դառնալ եւ 33 տարեկանում ունենալ պատկառելի կարողություն: 2019 թվականին դատավոր Հարությունյանը Ժողովուրդ» օրաթերթին ասել, էր որ իր հայրը՝ Գրիգոր Հարությունյանը, 2007-ին դուրս է եկել աշխատանքից և սկսել զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։

Արփինե Թովմասյան