• May 11, 2020

«Դատավոր Բեկթաշյանը ցանկանում է կալանավորել իր ընկերոջ դեմ պայքարող քաղաքացուն»

«Դատավոր Բեկթաշյանը ցանկանում է կալանավորել իր ընկերոջ դեմ պայքարող քաղաքացուն»

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Վահագն Աբգարյանի գործով դատախազության և տուժողի ներկայացուցիչների բերած բողոքի քննությունը։ Դատախազությունը բողոքարկում է Աբգարյանին ազատ արձակելու որոշումը։

Հիշեցնենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերջերս փոխել էր Աբգարյանի խափանման միջոցը ազատազրկումից գրավի՝ հաշվի առնելով Աբգարյանի առողջական վիճակը, համաճարակի պայմաններում նրա խոցելիությունն ու այն հանգամանքը, որ կալանավայրում նրա կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում, քանի որ վերջինիս դեմ կազմակերպված հարձակում էր եղել կալանավայրում։

Աբգարյանի ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը վստահ է, որ դա հերթական պատվիրված մահափորձն է եղել Աբգարյանի նկատմամբ, քանի որ նախքան կալանավորվելը նրան սպանելու ևս երկու փորձեր էին եղել, որից երկրորդի ժամանակ Աբգարյանը ծանր վիրավորվել էր։

Երկարատև պայքարից հետո պաշտպանական կողմից հաջողվել էր փոխել Աբգարյանի խափանման միջոցը։ Վերջինս 15 միլիոն դրամ գրավ է վճարել և դրսևորում է պատշաճ վարքագիծ, չի խուսափում դատական նիստերին ներկայանալուց, որևէ կերպ չի խոչընդոտում արդարադատության իրականացումը։ Այնուամենայնիվ, դատախազությունը և փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը պնդում են, որ Աբգարյանը պետք է կալանքի մեջ գտնվի՝ պատճառաբանելով, թե գործով վկա անցնող Արթուր Մնացականյանը մեկ այլ գործով ցուցմունք է տվել, որում նշել է, թե ինքը կարծում է, որ եթե Աբգարյանը հայտնվի ազատության մեջ, կարող է իրեն հետապնդել կամ իր նկատմամբ ճնշումներ գործադրեն։

Այս պնդումը սակայն  հերքվել է փաստացի իրականությամբ, քանի որ ապրիլի 3-ից ազատության մեջ գտնվող Աբգարյանը երբևէ չի փորձել կապ հաստատել վկայի հետ ո՛չ անմիջական, ո՛չ էլ միջնորդավորված։ Ավելին, Աբգարյանի ազատության մեջ գտնվելու պայմաններում վկան մեկ այլ գործով ներկայացել է դատական նիստի և նրա դեմ ցուցմունքներ է տվել, այնինչ, երբ Աբգարյանը կալանավայրում էր նույն վկան ի օգուտ նրա էր ցուցմունքներ տալիս։ Սա ապացուցում է, որ Աբգարյանը որևէ կերպ չի փորձում խոչընդոտել արդարադատության իրականացմանը և որ նրա՝ ազատության մեջ գտնվելը որևէ կերպ չի սպառնում վկային։

Սա էլ չի խանգարում դատախազ Տիգրան Ենոքյանին և փաստաբաններին, որ շարունակեն պնդել, որ Աբգարյանը չպետք է լինի ազատության մեջ։ Սակայն առավել ուշագրավ է, որ այս գործին է միացել նաև ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, ում մոտ էլ «պատահաբար» հայտնվել է Աբգարյանին ազատ արձակելու վերաբերյալ որոշման դեմ բողոքը։ Բեկթաշյանն այս գործով շահագրգիռ անձ է, նա ՀՀ քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալ, մարտի 1-ի գործով հետախուզվող Վահագն Հարությունյանի մտերիմ ընկերն է դեռ ուսանողական տարիներից, իսկ Վահագն Աբգարյանն ու նրա ներկայացուցիչները վաղուց են հայտարարել, որ հենց Վահագն Հարությունյանի գլխավորությամբ է սարքվել Աբգարյանի դեմ գործը։

Ավելին, Աբգարյանը ցուցմունքներ է տվել, որ հենց Վահագն Հարությունյանն է իրեն խոշտանգել, նման ցուցմունքներ են տվել ևս երեք քաղաքացիներ, ում պնդմամբ՝ Հարությունյանը ունեցել է մեկ նպատակ՝ «փակել» Վահագն Աբգարյանին, որ նա այլևս երբեք չկարողանա «ոտք դնել Ալավերդի»։ Հարուցված են թվով 4 քրեական գործ Վահագն Հարությունյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հոդվածով։

Այսօրվա դատական նիստի ժամանակ Աբգարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արմեն Բեկթաշյանին վերոնշյալի հիմնավորմամբ։ Զարմանալիորեն, դատավորը չհերքեց իր և Հարությունյանի մտերմության փաստը, սակայն մերժեց միջնորդությունը։

Ի դեպ, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը վատառողջ վիճակով էր ներկայացել դատական նիստին, նախորդ նիստը հետաձգվել էր, քանի որ նիստից առաջ կտրուկ վատացել էր փաստաբանի ինքնազգացողությունը, ստիպված էին եղել Շտապ օգնություն կանչել։ Այսօրվա նիստին փաստաբանը չկարողացավ կանգնած դիրքով խոսել դատավորի հետ, անգամ չկարողացավ կարդալ իր միջնորդությունը և խնդրեց դատավորին դա անել իր փոխարեն։ Իսկ ընդմիջման ժամանակ փաստաբանը դիմում գրեց, որ ի վիճակի չէ շարունակել մասնակցել դատական նիստին և հեռացավ։ «Ինեսսան այնքան վատ էր իրեն զգում, որ մի պահ անգամ նստած տեղից չէր կարողանում վեր կենալ։ Նա դիմումը չկարողացավ ինքը մուտք անել, ես եմ տարել իր փոխարեն»,- «Հակակոռուպցիոն բլոգ»-ին ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։

Դատավորը, ընդմիջումից հետո տեսնելով, որ պաշտպան Պետրոսյանը հեռացել է նիստերի դահլիճից, հայտարարեց, թե ինքը բժիշկ չէ, որպեսզի դատողություններ անի փաստաբանի առողջական վիճակի մասին և կշտամբեց Վահագն Աբգարյանին այն բանի համար, որ նա այլ պաշտպանի չի ներգրավել։ Աբգարյանն ի պատասխան ասաց, որ նա չի կարող այսքան կարճ ժամանակահատվածում այլ պաշտպանի ներգրավել և ծանոթացնել նրան ծավալուն գործի բոլոր նյութերին։ Դատավորը հետաձգեց դատական նիստը ընդամենը մեկ օրով՝ Ինեսսա Պետրոսյանին 24 ժամից էլ քիչ ժամանակ տալով կազդուրվելու և նիստին ներկայանալու համար։

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը, ով հանդիսանում է Վահագն Աբգարյանի ներկայացուցիչը այլ դատական գործերով, եկել է այն համոզման, որ Արմեն Բեկթաշյանն ամեն գնով փորձում է հետ ուղարկել Աբգարյանին կալանավայր։ «Ինձ համար ակնհայտ է, որ դատավոր Բեկթաշյանը Բեկթաշյանը ցանկանում է կալանավորել իր ընկերոջ դեմ պայքարող քաղաքացուն, ով շուրջ երկու տարի պայքարում է, փորձում է ապացուցել, որ հենց Վահագն Հարությունյանն է իր դեմ գործ սարքել»,- կարծում է իրավապաշտպանը։ Պողոսյանի խոսքով՝ Աբգարյանի կյանքին վտանգ է սպառնալու կալանավայր վերադառնալու դեպքում։ «Արդեն մեկ մահափորձ եղել է կալանավայրում, սրանք ուզում են նորից մարդուն ուղարկել մի վայր, որտեղ նրան կարող են սպանել և հենց այդ նպատակով էլ Բեկթաշյանն է քննում այս գործը»,- ասում է Մարինա Պողոսյանը։

Իրավապաշտպանը վստահ է, որ Արմեն Բեկթաշյանն ի սկզբանե պիտի չվերցներ այս գործը, քանի որ սա մեծ հնչեղություն ունեցող գործ է, որում Վահագն Հարությունյանի ներգրավվածության մասին բազմիցս են գրել ԶԼՄ-ները։ Ի դեպ, դատավոր Բեկթաշյանն այսօր աչքի ընկավ տարօրինակ վարքագծով, նա առանց հիմնավոր պատճառաբանության կարգադրեց Մարինա Պողոսյանին լքել նիստերի դահլիճը՝ հայտարարելով, թե վերջինս խանգարում է դատավարության ընթացքը։ Պողոսյանը, ով որևէ բառ անգամ չէր արտասանել, որևէ աղմուկ չէր արել մինչ այդ պահը, զարմացավ, թե ինչո՞վ է խանգարում։ Դատավորն ասաց, թե նա հեռախոսը չի անջատել, սակայն Պողոսյանի հեռախոսից ևս որևէ ձայն չէր հնչել և օբյեկտիվորեն չէր կարող խանգարել դատավարությանը։ Իրավապաշտպանը հայտարարեց, որ իր հեռախոսն անջատած է, սակայն Բեկթաշյանը մնաց անդրդվելի և ստիպեց նրան դուրս գալ նիստերի դահլիճից։ «Այս ոչ ադեկվատ պահվածքը որևէ բացատրություն պիտի ունենա։ Ես կարծում եմ, որ նախքան վեթթինգ անելը պիտի ստուգեն, թե արդոք դատավորներն ի վիճակի են սթափ անցկացնել դատավարությունը։ Նախ փորձաքննության ենթարկեն բոլորին ու պարզեն, թե քանիսն են հարբեցող, քանիսն են թմրանյութեր օգտագործող։ Այդպիսի մարդիկ չեն կարող մարդկանց ճակատագրերի վերաբերյալ վճիռներ կայացնել»,- դատարանի դահլիճից դուրս հայտարարեց Մարինա Պողոսյանը։