• April 4, 2023

Դատախազությունը 2022-ին հայտնաբերել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 65 շարժական և 460 անշարժ գույք

Դատախազությունը 2022-ին հայտնաբերել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 65 շարժական և 460 անշարժ գույք

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ստացել է 50 քրեական գործով նյութ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 25 նյութ՝

84 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելության վերաբերյալ։ Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումից, 2022 թվականի ընթացքում ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքներով կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 77 որոշում, որոնցից 9-ը սկսվել է 2021 թվականից փոխանցված նյութերի հիման վրա։

«2022 թվականի ընթացքում ուսումնասիրության նախնական արդյունքներով կազմվել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ 109 նախնական ամփոփագիր 51 ուսումնասիրությամբ հայտնաբերվել է օրենքով նախատեսված 50 մլն դրամը գերազանցող՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք 65 շարժական և ավելի քան 460 անշարժ գույք, շուրջ 100 իրավաբանական անձանց մասնակցություն և ավելի քան 92 մլրդ դրամ: 2022 թվականի ընթացքում կազմվել է շուրջ 1500 հարցում՝ ուղղված համապատասխան մարմիններին: Միաժամանակ, ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի իրական շահառուների, նրանց փոխկապակցված անձանց շրջանակը, գույքի ծավալը, ինչպես նաև ուսումնասիրության համար անհրաժեշտ այլ հանգամանքներ պարզելու նպատակով 2022 թվականի ընթացքում համապատասխան միջոցառումներ իրականացնող մարմին են ներկայացվել 37 օպերատիվ հետախուզական միջոցառում ձեռնարկելու մասին հանձնարարականներ։ 2020-2022 թվականների հանձնարարականներով ստացվել է 129 պատասխան»,- նշված է հաղորդման մեջ։