• July 23, 2019

Գողացված գաղափար և նվիրատվություններ. «Տիկնիկների պատկերասրահ» ՀԿ-ն միլիոններ է ստացել ու անհետացել

Գողացված գաղափար և նվիրատվություններ. «Տիկնիկների պատկերասրահ» ՀԿ-ն միլիոններ է ստացել ու անհետացել

2017 թվականին Երեւան քաղաքի Աբովյան 1/1 հասցեում բացված «Տիկնիկների պատկերասրահ» ՀԿ-ն բավականին մեծ գումարաներ ստանալով պետությունից եւ մասնավոր բարերարներից՝ այսօր դադարեցրել է գործունեությունը ու անհետացել, ոչ ոք չգիտի, թե ուր են տիկնիկների թանկարժեք հավաքածուները:

Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի բարձր հովանու ներքո բացված պատկերասրահն Աբովյան 1/1 հասցեում պահելու համար ամսական վարձակալությամբ վճարել է միլիոն 164 հազար դրամ: Պատկերասրահը հավաքածուներ է ստացել տարբեր կոլեկցիոներներից, բազմաթիվ ներդրումներ են կատարվել, սակայն հայտնի չէ, թե պատկերասրահը որ հասցեում է եւ արդյո՞ք շարունակում է գործունեությունը:

«Տիկնիկների պատկերասրահ»-ի պաշտոնական բացումը եղել է 2017 թվականի մարտի 21-ին՝ տիկնիկագործի միջազգային օրը: Պատկերասրահը բացվել է պետության եւ մասնավորի համագործակցությամբ: Բացման օրը մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը վստահաբար հայտնել է, որ այն շուտով կհամալրվի նոր հավաքածուներով, եւ հնարավոր է՝ շրջագայի մարզերում եւ արտերկրում: 

Մարզերում եւ արտերկրում շրջագայել պատկերասրահը թերեւս չհասցրեց, բայց բացվելուց անմիջապես հետո գտնվեցին մարդիկ, որոնք իրենց հավաքածուները տրամադրեցին պատկերասրահին եւ նվիրատվություններ արեցին:

Շատ շուտով ԱՄՆ-ից՝ Ալիս Նավասարդյանի 100 տիկնիկները հայտնվեցին պատկերասրահում, ապա պատկերասրահին ժամանակավոր հանձնվեց եւս 160 տիկնիկ, բայց այս անգամ այլ անձանց կողմից: Կարճ ժամանակ անց գտնվեցին ամերիկացի բարերարներ: Ներդրվեց մոտ 60 հազար ԱՄՆ դոլար:

Տիկնիկների թանգարան ստեղծելու գաղափարը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին առաջարկել էր արվեստաբան, տիկնիկների կոլեկցիոներ Մարինա Խաչմանուկյանը, որը նաեւ «Տիկնիկների պատկերասրահ»-ի գեղարվեստական ղեկավարն է եղել: Մարինա Խաչմանուկյանն, ունենալով տիկնիկների հետաքրքիր հավաքածու, երկար տարիներ փորձել է թանգարան ստեղծել, որը, սակայն, հաջողվել է Արմեն Ամիրյանի նախարար եղած տարիներին: Կազմակերպել է ցուցահանդեսներ, ստեղծել հայկական տիկնիկների եւ տիկնիկագործների մասին ինտերնետային կայք՝ www.kukliarm.com, հանդես եկել հոդվածներով եւ ելույթներով:

Լուսանկարում՝ արվեստաբան, տիկնիկների կոլեկցիոներ Մարինա Խաչմանուկյան

Երբ նախկին նախարար Ամիրյանի կողմից հավանության է արժանացել Խաչմանուկյանի գաղափարը, որոշ ժամանակ անց նրան են «միացել» Ամիրյանի մտերիմներ Սյուզաննա եւ Անահիտ Սարգսյան քույրերը: Սյուզաննա եւ Անահիտ Սարգսյանները երկար տարիներ աշխատել են մշակույթի նախարարությունում: Ամիրյանի օրոք նրանք եղել են փորձագետներ:

Սակայն այնպես է ստացվել, որ շատ կարճ ժամանակ անց Խաչմանուկյանի գաղափարը վերցրել են Սարգսյան քույրերը, նրանք «Տիկնիկների պատկերասրահ» ՀԿ-ի գործունեության եւ ցուցադրության ծրագրեր են կազմել եւ որպես իրենց սեփական մտահղացում ներկայացրել նախարարություն: Մեկ տարի անց՝ չբացահայտված պայմաններում եւ պատճառներով, պատկերասրահը տեղափոխվել է «Երեւան մոլ»-ի տարածք: Այնտեղի մի քանի ամիս տեւած գործունեությունից հետո անհետացել:

«Երեւան մոլ»-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ 2018 թվականին, ընդամենը մի քանի ամիս մնալով այդտեղ, «Տիկնիկների պատկերասրահ»-ը փակվել է եւ վաղուց իրենց մոտ չէ: «Տիկնիկների պատկերասրահ»-ի տնօրեն վիքիպեդիայում գրանցված է Ստելլա Սարգսյանը: Պատկերասրահի հասցեն անհայտ է, իսկ ֆեսյբուքյան էջում գրված միակ կոնտակն այլեւս անհասանելի:

Արվեստագիտության թեկնածու Արփի Գալանտերյանի խոսքով՝ «Տիկնիկների պատկերասրահ»-ը բացելու գաղափարը շատ արագ վերածված է եղել բիզնես պլանի: ԱՄՆ-ից մի բարերար առաջին նվիրատվությունն է արել՝ պատկերասրահին փոխանցելով 50 հազար ԱՄՆ դոլար: Նույն ժամանակահատվածում ՀԿ-ն ֆինանավորման հայտ է ներկայացրել մշակույթի նախարարություն եւ ստացել ոչ պակաս տպավորիչ գումար՝ շուրջ 18 մլն դրամի հասնող աջակցություն:

ՀՀ մշակույթի նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ «Տիկնիկների պատկերասրահ» մշակութային ՀԿ-ի կողմից 2017 թվականին 17 միլիոն 968հազար դրամի հայտ է ներկայացվել: Գումարը, ըստ ՀԿ-ի հիմնավորման, ծառայեցվել է՝

ա) տիկնիկների հավաքածուների պահպանության նպատակով (մեկ տարվա համար)՝ 300 հազար դրամ,

բ) տարածքի վարձակալության վճարի համար՝ 13 միլիոն 968 հազար դրամ,

գ) հիմնական ցուցադրության գեղարվեստական ձեւավորման համար՝ 1 միլիոն դրամ:

Մշակույթի նախարարությունից նաեւ տեղեկացանք, որ 2017 թվականից հետո, 2018 եւ 2019 թվականներին «Տիկնիկների պատկերասրահ» ՀԿ-ին գումար չի հատկացվել: Թե ինչ նպատակների են ծառայեցվել 1,5 տարվա ընթացքում ձեռքբերված գումարները՝ անհայտ է: Հայտնի չէ նաեւ, թե արդյո՞ք կվերաբացվի «Տիկնիկների պատկերասրահ»-ը: Կամ, թե որտեղ եւ ինչ պայմաններում են պահվում այն արժեքավոր հավաքածուները, որոնք տրամադրվել էին տարբեր կոլեկցիոներների կողմից, արդյոք վերադարձվել են դրանք կոլեկցիոներներին:

© Armtimes.com