• November 16, 2018

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր. հարուցվել է քրգործ. ՊԵԿ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր. հարուցվել է քրգործ. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից չարաշահումների և ստվերային շրջանառության բացահայտմանն ուղղված շարունակական գործընթացների շրջանակում ստուգողական միջոցառումներ են իրականացվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում:

Բացահայտվել են մի շարք խախտումներ և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես՝ ՊԵԿ խոշոր ու միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների կողմից ընկերությունում իրականացված հարկային համալիր ստուգման ընթացքում պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները: Ընկերության թույլ տված չարաշահումների մասին են վկայում նաև գազի կորուստների, ինչպես նաև ավտոգազալցավորման ճնշակայաններին (ԱԳԼՃԿ-ներին) մատակարարված բնական գազի ծավալների մասով կատարված համեմատական հետազոտությունների վերաբերյալ տվյալները:

Պարզվել է, որ բաշխման համակարգում կորուստների մեծությունը 2018 թվականի հունիս-հուլիս ամիսներին 2018 թվականի հունվար-մայիսի համեմատությամբ նվազել է միջին հաշվով 3 անգամից ավելի: Միաժամանակ, կատարված համեմատական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ավտոգազալցավորման ճնշակայաններին (ԱԳԼՃԿ-ներին) մատակարարված բնական գազի ծավալները հունիս-սեպտեմբեր ամիսներին 2018 թվականի առաջին հինգ ամիսների համեմատությամբ ավելացել են շեշտակի՝ մոտ 37 տոկոսով, որի դրսևորումները նույնպիսի համամասնությամբ միաժամանակ արձանագրվել են նաև ավտոգազալցավորման գործունեությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից սպառվող բնական գազի սպառման ծավալներում:

© Politik.am