• August 27, 2019

Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ. Նրան մեղադրանք կառաջադրվի. ԱԱԾ տնօրեն

Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ. Նրան մեղադրանք կառաջադրվի. ԱԱԾ տնօրեն

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը դեռևս չի ձերբակալվել, ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում: Այս մասին լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

“Վաղ առավոտից ԱԱԾ քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին պատկանող բնակարանում, առանձնատանը, ընկերություններում, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում ու առաձնատներում”,- ասաց Վանեցյանը: Նա նշեց, որ խուզարկության ավարտից հետո Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ:

“Քրեական գործը հարուցված է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով: Իր պաշտոնավարման տարիների մասին է խոսքը: Չի բացառվում, որ մեղադրանքը, որը կներկայացվի, կլրացվի նաև այլ հոդվածներով: Դա քննչական դեպարտամենտի գործառույթն է, որը քննիչները կիրականացնեն”,- ասաց Վանեցյանը: ԱԱԾ տնօրենն ասաց, որ խոշոր գումարի մասին է խոսքը, տասնյակ միլիոնավոր դոլարների:

ԱԱԾ տնօրենն ասաց, որ նախքան այս խուզարկությունը Գագիկ Խաչատրյանը մի քանի անգամ հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ, հարցաքննվել է որպես վկա: “Այսօր ունեցած ապացույցների համակցությունը մեզ հիմք է տվել կատարել այսօրվա մեր գործողությունները”,- հավելեց Վանեցյանը:

Նա հավելեց, որ խուզարկություն է կատարվում նաև Գագիկ Խաչատրանի ազգական, ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյանի տարածքներում: Բերման երթարկված բոլոր անձանց կարգավիճակը կորոշեն քննիչները:

© Lragir.am