• November 10, 2022

Բերդ համայնքը կունենա կին համայնքապետ

Բերդ համայնքը կունենա կին համայնքապետ

Բերդի համայնքապետ ընտրվեց «Զորավոր համայնք»-ի թեկնածու Աստղիկ Հակոբյանը։ Նա ստացավ 11 ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վահրամ Սուքիասյանը ստացավ 8 ձայն։ «Արժանապատիվ սերունդ» դաշինքի թեկնածու Արթուր Սաֆարյանը՝ 2 ձայն։

Նշենք, որ իշխանությունը մի շարք մեթոդների դիմեց՝ իր թեկնածուին անցկացելու համար՝ ընդհուպ մինչև կալանավորումների, սակայն հաջողության չհասավ։

Այսօր Բերդ համայնքի ավագանու նիստն էր, որին ընդառաջ դարձյալ կալանավորվել էր համայնքապետ Հարություն Մանուչարյանը, որը ընդամենը օրերս էր բաց թողնվել կալանքից։

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ նոյեմբերի 10-ին Բերդ խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվելու «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու թեկնածուների ցանկի 3-րդ համար, 52-ամյա Աստղիկ Հակոբյանը, ով ՀՕՖ-ի երեխաների իրավունքների պաշտպանության Մարտիգյան կենտրոնի ղեկավարն է։ «Զորավոր համայնք» դաշինքում այդ ընտրությունը պատճաբանում են նրանով, որ դաշինքի ավագանու թեկնածուների ցանկի առաջին երկու համարները ավագանու թեկնածությունից հրաժարական են տվել, ուստի արդար է, որ դաշինքի ավագանու թեկնածուների ցանկի 3-րդ համարը ընտրվի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար։