• August 31, 2023

Բաքուն Լաչինի միջանցքի «բացելու» համար ուզում է սահմանել ադրբեջանական սահմանապահ վերահսկողություն ու մաքսային ռեժիմ

Բաքուն Լաչինի միջանցքի «բացելու» համար ուզում է սահմանել ադրբեջանական սահմանապահ վերահսկողություն ու մաքսային ռեժիմ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը հայտարարել է Լաչինի միջանցքի՝ առաջիկա օրերին «բացելու» հնարավորության մասին՝ առանձին շեշտելով, որ «դա պետք է տեղի ունենա իրենց երկրի օրենքների պահպանման ու սահմանապահ վերահսկողության, ինչպես նաև մաքսային ռեժիմի կանոնների պահպանման պայմաններով»: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Նշենք, որ դա խախտում է 2020թ-ի Նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, համաձայն որի Լաչինի միջանցքի վերահսկողությունը հանձնվում է ՌԴ խաղաղապահ ուժերին:

 

Ավելին, ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ Լաչինի միջանցքի բացումը կապել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացման հետ. Հաջիևը նշել է, որ «Լաչինի միջանցքի բացումը կարող է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացման գործընթացի հերթական բաղադրիչ լինել»: Հիշեցնենք, որ բազմաթիվ արցախցիներ շարունակում են փակ պահել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, որով Ադրբեջանը ցանկանում է իբր «հումանիտար օգնություն» ուղարկել Արցախ։

Ադրբեջանն օգոստոսի 29-ին հայտարարել էր, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով 40 տոննա ալյուր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ։ Լաչինի միջանցքն արգելափակելու եղանակով ԼՂ-ում հումանիտար աղետ ստեղծած և այդ հումանիտար աղետը պարբերաբար հերքող Ադրբեջանը որոշել է մարդասեր երևալ ու իբր «մարդասիրական ժեստ» անել։ Պաշտոնական Ստեփանակերտն ավելի ուշ հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից առաջարկվող «հումանիտար բեռն» ընդունելու վերաբերյալ Արցախի իշխանությունների հետ որևէ պայմանավորվածություն չի եղել, այն ընդունելու որոշում էլ չկա։