• June 16, 2020

ԲԱԺՆԻ ՊԵՏԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ

Ուշագրավ զարգացումներ՝ Արարատի մարզի ոստիկանությունում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ բաժնի պետեր են հայտնվել մեղադրյալի աթոռին:

Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2016-2019թթ. զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Իսկ ի՞նչ է կատարել Արթուր Հովհաննիսյանը. 2016 թվականի նոյեմբերի 23-ից մինչեւ 2019 թվականի փետրվարի 2-ն ընկած ժամանակահավածում զբաղեցնելով ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի պաշտոնը՝ քաջատեղյակ է եղել, որ իր կողմից ղեկավարվող բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանի պաշտոնը զբաղեցրած Արարատ Ղարիբյանը պաշտոնի նշանակման օրվանից չի ներկայանում ծառայության, փոխարենը կատարում է իր պարտականությունների մեջ չմտնող գործողություններ՝ որպես վարորդ սպասարկում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության պետի տեղակալի, 1-ին բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Գրիգոր Նիկողոսյանին:

 

Արթուր Հովհաննիսյանը, Արարատ Ղարիբյանի կողմից Գրիգոր Նիկողոսյանին որպես վարորդ սպասարկելու հարցում նրան օգնելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ դիտավորությամբ չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածով եւ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված իր ծառայողական պարտականությունները, այն է՝ օժտված լինելով հանցագործությունները եւ դրանք կատարող անձանց բացահայտելու նպատակով համապատասխան օպերատիվ-հետախուզական եւ քրեադատավարական միջացառումներ կատարելու լիազորությամբ, ինչպես նաեւ հանցագործություններն ու այլ իրավախախտումները կանխելու եւ խափանելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պարտականությամբ, Արարատ Ղարիբյանի օժանդակությամբ չի արձանագրել եւ ընթացք չի տվել 2016 թվականի հունիսի 3-ից մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 18-ն ընկած ժամանակահավածում վերջինիս կողմից անհարգելի պատճառներով ծառայության չներկայանալու դեպքերին, ապա յուրաքանչյուր ամիս նույն շահագրգռվածությամբ իր ստորագրությամբ հաստատել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ամսական աշխատավարձեր ստանալու վերաբերյալ հաշվարկային ցուցակները, որոնցում ներառված են եղել նաեւ անհարգելի պատճառներով ծառայության չներկայացած եւ ծառայողական պարտականությունները չկատարած Արարատ Ղարիբյանի վերաբերյալ կեղծ տվյալները:

Նշված փաստաթղթերում ընդգրկված կեղծ տվյալների հիման վրա իրականացվել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ամսական ֆինանսավորումը, որպիսի գործողությունների հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական՝ 3.178.836 դրամ գույքային վնաս, ինչպես նաեւ հեղինակազրկվել է պետական կառույցը՝ ՀՀ ոստիկանությունը: Մեղադրյալի աթոռին է հայտնվել նաեւ Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետ Արթուր Հարությունյանը, որին մեղադրանք է առաջադրվել որ նա, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՊԱՐԶՎԵԼ ԵՆ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Մայիսի 9-ի փողոցում 28-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ զինված միջադեպի մասնակիցների ինքնությունը, որոնցից 6-ը ներգրավվել են որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ 2020թ. հունիսի 9-ին Երեւանի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի բակում 28-ամյա երիտասարդի եւ մի խումբ անձանց միջեւ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ ապօրինի պահված հրազեններով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակահերթ էր արձակվել 28-ամյա երիտասարդի ուղղությամբ։

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Հունիսի 10-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հարավարեւմտյան Ա-1 թաղամասում կրակոցներ են հնչել։ Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Սվաճյան փողոցի թիվ 42 հասցեի մոտ։ Այդ ընթացքում բաժնում հնչեց եւս մեկ ահազանգ. «Աստղիկ» բժշկական կենտրոնից հայտնել են, որ ձախ ոտքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Երեւանի 21-ամյա բնակիչ: Հետագայում պարզվել է, որ երիտասարդը հրազենային վնասվածքը ստացել է հենց Սվաճյան փողոցում։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ մի խումբ անձանց մասնակցությամբ վեճ է տեղի ունեցել։ Երիտասարդների պարզաբանումները հանգուցալուծվել են կրակոցներով։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 7,62 մմ տրամաչափի երեք պարկուճ եւ երկու գնդակ։ Քրեական հետախույզները փաստական տվյալներ են ձեռք բերել միջադեպի մասնակցիների, ինչպես եւ կրակոցներ արձակելու մեջ կասկածվող երիտասարդի ինքնության վերաբերյալ։ Խոսքը Երեւանի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդի մասին է։ Կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մալաթիայի բաժին՝ բերելով հանցագործության գործիք «Կալաշնիկով» ինքնաձիգը։ Երիտասարդը ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։ Նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/1013239/