• August 9, 2022

Արմավիրի մարզպետարանի նախկին աշխատակցի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործը դատարանում է

Արմավիրի մարզպետարանի նախկին աշխատակցի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործը դատարանում է

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները:

«Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2003-2018թթ. ընթացքում քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը զբաղեցնող հիշյալ անձը, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Այսպես վերջինս, ի պաշտոնե տեղյակ լինելով Արմավիրի մարզպետի կողմից հիմնադրված բարեգործական հիմնադրամի մասին, մեկ միասնական դիտավորությամբ, քաղաքացիներին տրամադրել է հիշյալ հիմնադրամի հաշվեհամարը և ուղղորդել վճարումներ կատարել՝ վերջիններիս մոտ ստեղծելով տպավորություն, որ այդ վճարումներն օրինական են և իրականացվում են համայնքներից՝ մարզպետարանի քաղաքաշինության վարչությունն ստացված հատուկ կարգավորման օբյեկտ հանդիսացող հողամասերի գործառնական նշանակության փոփոխման, վերակառուցման, կառուցման, կառուցապատման համաձայնություն տալու, ինչպես նաև՝ իր իրավասության սահմաններում՝ մարզպետարանից առարկություն չներկայացնելու համար:

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ 2003թ. Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ: