• June 17, 2022

Արթուր Դավթյանի «սուրբ երրորդությունը»

Արթուր Դավթյանի «սուրբ երրորդությունը»

Գնացող դատախազը որոշել է քավորին վայել  հրաժեշտի ճոխ նվեր անել յուր սանիկներին։

Ըստ օդում կախված լուրերի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդել է ՀՀ ղեկավարությանը ՀՀ դատախազության աշխատակցի օրվա առթիվ, որը նշվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ին, գեներալ -մայորի կոչում շնորհել ՀՀ դատախազության երկու աշխատակցի։ Խոսքը գնում է Արթուր Դավթյանի մտերիմներ՝ Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանի և ՀՀ գլխավոր դատախազության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանի մասին։ Ասել է, թե հրաժեշտից առաջ պարոն Գլխավոր դատախազը ցանկանում է վերջին լավությունն անել իր մերձավորներին։ Ինչպես հայտնի է սույն երկու դատախազները վայելում են Արթուր Դավթյանի անսահման հովանավորությունը, ինչի մասին է վկայում այն, որ Սևակ Հովհաննիսյանը ՀՀ դատախազության համակարգ է տեղափոխվել Արթուր Դավթյանի՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելուց հետո և նրան անմիջապես շնորհվել է փոխգնդապետի կոչում։  Ինչ վերաբերվում է Արսեն Մարտիրոսյանին, ապա գնդապետի կոչումը նրան շնորհվել է ընդամենը 3 ամիս առաջ:  Եվ սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ հայրենի դատախազության համակարգում շարունակում են աշխատել անձինք, ովքեր տարիներ ի վեր ունեցել են գնդապետի կոչում, սակայն նրանց գեներալ- մայորի կոչում շնորհելու մասին անգամ խոսք լինել չի կարող, քանզի նրանք չեն վայելում  ոչ Արթուր Դավթյանի հովանավորությունը և  ոչ էլ բարեկամությունը՝ չեն օծվել Արթուր Դավթյանի «սուրբ» ձեռքով։ Գաղտնիք չէ, որ նույնիսկ նախկին իշխանությունը չէր տիրապետում Արթուր Դավթյանի «հոռոմցուն վայել» շռայլությանը և այս կերպ չէին շռայլում գեներալ- մայորի կոչումը, իսկ շնորհելուց էլ՝ ընտրում էին համակարգի հնաբնակներին, մինչդեռ ՀՀ գլխավոր դատախազության՝ Արթուր Դավթյանի ղեկավարման տարիներին, նրա մտերիմները մշտապես գտնվել են արտոնյալ կարգավիճակում, ինչը չի կարելի ասել մյուսների մասին։ Մարդը չի դավաճանում իր սկզբունքներին՝ մինչև վերջ տեր է իր սանիկներին։