• July 16, 2019

Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանն ամսական 250 հազար դրամով վարձակալել է «Մոլոկանի» այգին

Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանն ամսական 250 հազար դրամով վարձակալել է «Մոլոկանի» այգին

2009 թվականին Ալբերտ Երիցյանը, լինելով Արաբկիր վարչական շրջանի ղեկավար, որդու հիմնադրած ընկերությանը 50 տարով՝ մինչ 2059 թվականը վարձակալության է հանձնել «Արաբկիր» զբոսայգին:

Վերջինս երեւանցիների համար առավել հայտնի է «Մոլոկանի» այգի անվանումով, գտնվում է Արաբկիր վարչական շրջանի Վ. Փափազյանի փողոցում:

«Հետք»-ը շարունակում է ներկայացնել Արաբկիր վարչական շրջանի այգիների վարձակալության պատմությունները։ Նախորդ հրապարակմամբ ներկայացրել էինք «Վահագն Դավթյան» զբոսայգու վարձակալության պայմանագրերը, այս անգամ կանդրադառնանք «Մոլոկանի» այգու վարձակալության պատմությանը։

Ինչպես «Մոլոկանի» այգին անցավ Երիցյաններին

Ալբերտ Երիցյանը որդու հիմնադրած «Քրեյզի Սփայդրզ ակումբ» ընկերությանն է փոխանցել համայնքի այգին, երբ դեռ վեց ամիս էր պաշտոնավարում՝ որպես թաղապետ։ 2017 թվականից Երիցյաններն այգին ենթավարձակալության են հանձնել «Ալտեր էգո» ընկերությանը, որն այս պահին այգում «Զիփլայն» է շահագործում:

«Քրեյզի Սփայդրզ ակումբ» ընկերությանը վարձակալության է տրվել «Մոլոկանի» այգու ողջ տարածքը՝ 2.82 հա հողամաս, 859 քմ շատրվան, 240 քմ ջրավազան։

Այգու վարձակալության համար տարեկան վարձավճար է սահմանվել 3 միլիոն 20 հազար դրամ, այսինքն՝ ամսական մոտ 250 հազար դրամ: Ըստ պայմանագրի՝ Երիցյանն այգին օգտագործելու էր ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով։

2009 թվականից անցել է տասը տարի, այգին անմխիթար վիճակում է, այնտեղ ձեռնարկատիրական որևէ ծրագիր չի իրականացվել, տարածքը չի բարեկարգվել։

Մինչդեռ պայմանագրով նախատեսված է, որ վարձակալը պարտավոր է ապահովել այգու պահպանությունը՝ հաշվի առնելով նրա ֆիզիկական մաշվածությունը։

Այս պահին «Մոլոկանի» այգու վարձակալության պայմանագիրն առոչինչ ճանաչելու և այն համայնքին հետ վերադարձնելու գործընթաց է սկսվել:

Այս մասին «Հետքին» հայտնեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը: Նա գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով իրեն լիազորել այգու վարձակալության պայմանագիրն առոչինչ ճանաչելու գործընթացն իրականացնել:

Ալբերտ Երիցյանը շահերի բախում չի համարում այգին վարձակալելու հանգամանքը

2016 թվականից «Մոլոկանի» այգին վարձակալած «Քրեյզի Սփայդրզ ակումբ» ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Վարդուհի Նանագուլյանին, ով Ալբերտ Երիցյանի փոխանցմամբ, որդու՝ Արտակ Երիցյանի, նախկին կինն է։ Իսկ ընկերության տնօրենն Ալբերտ Երիցյանի հաշվապահն է՝ Սաթենիկ Գումրույանը։

Ալբերտ Երիցյանը մեզ հետ զրույցում պատմեց թե ինչ նպատակով է այգին վարձակալությամբ վերցրել։

Թեև այգու վարձակալության պայմանագրում նշված է, որ ընկերությունը այգում ձեռնարկատիրական գործունեություն պետք է իրականացնի, սակայն Ալբերտ Երիցյանը նման նպատակ չհիշեց և հավաստիացրեց, որ այգին վարձակալությամբ է վերցրել բարեկարգելու նպատակով։ Ասաց՝ անգամ բարեկարգման ծրագիր էր մշակել, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողացել այն կյանքի կոչել։

Հարցին, թե ինչու այգին համայնքի միջոցներով չի պահպանել և բարեկարգել, այլ որոշել է վարձակալության վերցնել, նախկին թաղապետը պարզաբանեց, որ այդ աշխատանքների իրականացման համար համայնքը ֆինանսական միջոցներ չուներ։ «Ճիշտն ասած՝ ես ուզում էի այգին վերցնեի, խոստացել էի բնակիչներին, ոչ թե եկամուտ ստանալու համար։ Ուզում էի բարեկարգեի, այգին լավ այգի է, բայց դե հիմա չստացվեց»,- մեզ հետ զրույցում նշեց Ալբերտ Երիցյանը։

Նախկին թաղապետը պատրաստակամ է այգին համայնքին հետ վերադարձնել, քանի որ այն բարեկարգելու համար ֆինանսական միջոցներ չունի։

Նա շահերի բախում չի համար այն հանգամանքը, որ որդուն պատկանող ընկերությանը, որպես թաղապետ, վարձակալությամբ է հանձնել համայնքի այգին։ «Ոչ, միանշանակ, ոչ։ Որտե՞ղ եք գտնում շահերի բախում, կարո՞ղ եք ինձ ասել»,- հարցնում է Երիցյանը։

Գործարարը վստահեցրեց, որ այգուց եկամուտ չի ստացել, անգամ տարիներ շարունակ իր գրպանից է վճարել այգու վարձակալության, պահպանման ծախսերը, թեև ֆինանսական խնդիրներ է ունեցել։ Ըստ նրա՝ այգու վարձակալությունից մինչ օրս այգու պահպանման և վարձակալության համար 41 միլիոն դրամ է ծախսել։

Երիցյանը կարծում է, որ 250 հազար դրամ վարձավճարը ցածր գին չէ, քանի որ այգուց եկամուտ չի ստացել, այնինչ ինքն է պահպանման համար գումարներ ծախսել։ Ասում է՝ ենթավարձակալն էլ վճարում է այգու տարեկան վարձավճարը՝ մոտ երեք միլիոն դրամ։

Այգու անմխիթար վիճակի համար Երիցյանն իրեն չի մեղադրում։ Ասում է՝ այգու խնամքով զբաղվում է ենթավարձակալը, նրա պարտավորությունն է։ Թեև ենթավարձակալին դեռևս պայմանագրի խզման մասին չի տեղեկացրել, սակայն վստահ է՝ այդ հարցով որևէ խնդիր չի առաջանա։

Ալբերտ Երիցյանը թեև չմանրամասնեց, սակայն տեղեկացրեց, որ այգու նկատմամբ մի շարք պաշտոնյաներ հետաքրքրություն են ունեցել, այն որևէ մեկին չի փոխանցել, քանի որ արաբկիրցիներին խոստացել էր՝ այգում՝ բացառությամբ մի մանկական սրճարանի, որևէ օբյեկտ չի լինելու։

Նշենք, որ Ալբերտ Երիցյանն Արաբկիրի թաղապետ է եղել մոտ տասը ամիս։ 2009 հունիսի 17-ին պաշտոնանկ արվեց այն բանից հետո, երբ որդու` Մաքսային կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Երիցյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու կասկածանքով։

«Մոլոկանի» այգին հետ կվերադարձվի համայնքին 

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը «Մոլոկանի» այգու կարգավիճակով սկսել է հետաքրքվել 2018 թվականի աշնանը, երբ դարձել է համայնքի ղեկավար: Պատմում է, որ շրջայց է կատարել այգում, տեսել դրա անբարեկարգ և չխնամված վիճակը, հետաքրքրվել, թե ինչու է այգին այդ վիճակում և պարզել, որ այգին տրված է վարձակալությամբ, այդ պատճառով համայնքը դրա խմանքով չի զբաղվում:

«Այնտեղ այս պահին որ ջուր ենք տալիս, այսինքն՝ ոռոգում, տալիս ենք Արաբկիր համայնքի այլ փողոցների կանաչապատ հատվածների ոռոգման հաշվին: Որովհետև ջուրն իրենց հետ առանձին պայմանագիր ունի, բայց համապատասխան քանակի ջուր չի տալիս, եվ մենք ստիպված, որ չկորցնենք այգին, ոռոգում ենք»,- ասաց  Արամ Դանիելյանը։

Արամ Դանիելյան ասում է՝ Ալբերտ Երիցյանի հետ չի հանդիպել, միջնորդավորված կերպով նրան տեղեկացրել է այգին համայնքին հետ վերադարձնելու մասին, վերջինս պատրաստակամություն է հայտնել:

Վարչական շրջանի ղեկավարի փոխանցմամբ՝ նպատակ ունեն մինչ աշուն «Մոլոկանի» այգին հետ վերադարձնել համայնքին, ապա մինչ գարուն այգու համար ոռոգման նոր ցանց ներդնել ու բարեկարգել:

Այգու լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

© Hetq.am