• October 20, 2022

Առաջիկայում նաև Արթուր Դավթյանի և Հունան Պողոսյանի նկատմամբ էլ քրեական գործեր են հարուցվելու

Առաջիկայում նաև Արթուր Դավթյանի և Հունան Պողոսյանի նկատմամբ էլ քրեական գործեր են հարուցվելու

Նախօրեին պարզ դարձավ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Վարդազարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը և հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող` բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ կատարել է Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ, օգտագործել է իր պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունը, և միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Արամի Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը։

 

2021 թ․ ապրիլի 15-ին ԲԴԽ-ն որոշում էր կայացրել նրա լիազորությունները կասեցնելու մասին, 2022 թ․ հունիսի 23-ին՝ ԲԴԽ-ն դադարեցրել էր նրա լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը առաջինն է եղել, որ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դեռ 2018-ին, երբ Վարդազարյանը Կենտրոն դատարանի նախագահն էր, իսկ իմ հաղորդում ներկայացնելուց հետո ինքը դարձավ ԲԴԽ նախագահ։

 

«Իմ հաղորդումից հետո ներկա իշխանությունները իրեն դարձրին ԲԴԽ նախագահ։ Դրանից հետո 2020-ին ևս հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին։ 2018 թվականինը վերաբերում էր Ռուբեն Վարդազարյանին և Հունան Պողոսյանին։ Իմ հաղորդումից հետո Ռուբեն Վարդազարյանը դարձավ ԲԴԽ նախագահ, իսկ Հունան Պողոսյանը գնաց Սյունիքի մարզպետ։ Ստացվում է՝ իմ տված հաղորդումները բերել են նրան, որ այդ մարդկանց տվել են պաշտոնի բարձրացում, ինչն ինձ համար անհասկանալի է»,-ասաց Պողոսյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ ի՞նչն է փոխվել, որ հետագայում քրեական գործ է հարուցվել. «Սա ինձ մոտ մի քիչ տարակուսանք է առաջացնում, որովհետև նույնը եղել է Սերոբ Հարությունյանի դեպքում, առաջին ես եմ հաղորդում ներկայացրել 2019-ին, հետո այդ հաղորդումը ոչ մեկին պետք չի եղել, կամ այդ հաղորդումը ինչ-որ տեղ ծալում, դնում են, հետո քաղաքական իրավիճակից ելնելով հիշում են: Դուրս է գալիս, որ մարդիկ մատերիալներ են հավաքում իմ տված հաղորդման հիման վրա: Նույնը եղել է դատավոր Անի Հարությունյանի մասով: Ես 2 տարի առաջ ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին, որի մասին լռել են: Նույնը Հայկ Մարությանի մասով: Այսինքն ես կարող եմ այդպիսի մի մեծ ցուցակ բերել: Ստացվում է, որ իմ ներկայացրած հաղորդումներն ինչ-որ մի տեղ պահվում են, և պատեհ առիթի ժամանակ, երբ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին ձեռք չի տալիս, օգտագործում են դրանք քաղաքական նպատակներով»,-ասաց իրավապաշտպանը:

Ամբողջական հոդվածը այստեղ՝https://www.1in.am/3180051.html