• April 22, 2020

«Անտեղյակը» և «չկողմնորոշվածները»

«Անտեղյակը» և «չկողմնորոշվածները»

Երեկ, «Բաց TV»-ի եթերում տրված իմ հարցազրույցից հետո, վերաբերվող ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավորների կասկածահարույց երաշխավորություններին սկսվել են նախապես իմ կողմից ակնկալվող մեկնաբանությունները և կեղծ հայտարարությունները:

Ճիշտն ասած գնահատում եմ իմ և այլ անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունների գաղտնիությունը, սակայն ելնելով Ստեփան Մարտիրոսյանի համար երշխավորություն տված որոշ պատգամավորների իրենց կասկածահարույց արարքը սվաղելու ճղճիմ փորձերից, ստիպված եմ խախտել իմ և պատգամավորներից մեկի խոսակցության գաղտնիությունը, հորդորելով մյուս պատգամավորներին և իրենց ազգակիցներին զերծ մնալ իրենց կատարած քստմնելի արարքը արդարացնելու ճիգերից: Ստիպված եմ փաստել, որ նախքան 21.04.2020թ. «Բաց TV»-ում հարցազրույց տալը խոսակցություն եմ ունեցել հինգ պատգամավորներից մեկի հետ, որը չի մտնում իրենց իսկ կողմից հայտարարված երկյակի մեջ: Պատգամավորը փաստեց, որ ստորագրել է Ստեփան Մարտիրոսյանի երաշխավորությունը: Խոսակցությունը տեղի ունեցել 20.04.2020 , ժամը 21:45, 11 րոպե 27 վարկյան տևողությամբ:
Հորդորում եմ զերծ մնալ իրողությանը չհամապատասխանող հայտարարություններից առ այն, որ չեն տվել երաշխավորություն, այլ տվել են բնութագիր 😀
Նույնիսկ «բնութագրի» առկայությունը արդեն իսկ կասկածահարույց է, ելնելով այն հանգամանքից, որ վերը նշված պատգամավորները չէին կարող ճանաչել Ստեփան Մարտիրոսյանին, քանի որ վերջինս 1985թ-ից բացակայել է ՀՀ-ից և միայն 2017թ. արտահանձնվել է Հայաստան: Բնութագրի առկայությունը այն պարագայում, երբ Ստեփան Մարտիրոսյանը 1978թ. դատապարտվել է մանկապղծության, բռնի սեքսուալ գործողությունների և պոռնոգրաֆիկ նյութերի տարածման համար, հետագայում 100 կգ. կոկայինի վաճառքի և այլ առերևույթ անօրինական արարքների, ինչպես նաև Սերժ Սարգսյանի փիառի համար շուրջ կես միլիոն դոլար ներդնելու համար, հիմնավոր կասկածների առիթ է տալիս նույնիսկ վերջինիս պատգամավորների կողմից իբրև դրական բնութագիր տալու դրդապատճառների առումով:

Ինչ վերաբերվում է տիկին Մակունցի հայտարարությանը կոռոնավիրուսով պայմանավորված խմբակցության անտեղյակության վերաբերյալ, ապա եթե ոչ ծիծաղելի, գոնե նման հայտարարությունը վտանգավոր է, քանի որ չի բացառում, որ նման անտեղյակության պայմաններում հնարավոր է, որ «Իմ քայլ» խմբակցության պատգամավորները երաշխավորություն կամ բնութագիր տրամադրեին ասենք Քոչարյանի վերաբերյալ:

Հ.Գ. Եթե ասածներս կասկած են հարուցում որևէ մեկի մոտ, սիրով կտրամադրեմ թե Ստեփան Մարտիրոսյանի վերաբերյալ դատավճիռը, թե վերջինիս վերաբերյալ «ներման ակտը», որը նշանակում է, որ վերջինս իր մեղքը մանկապղծության առումով լիովին ընդունել է, թե երրորդ պատգամավորի հետ հեռախոսային խոսակցության վերծանումը:

Անտեղյակությունը չի ազատում պատասխանատվությունից:

Հարգանքով՝ Մ.Պողոսյան