• January 14, 2019

«Անհայտ ծագում ունեցող գումարների գործի» լուծումը կարող էր դառնալ կոռուպցիայի բացահայտման ցայտուն օրինակ

«Անհայտ ծագում ունեցող գումարների գործի» լուծումը կարող էր դառնալ կոռուպցիայի բացահայտման ցայտուն օրինակ

Ինչո՞ւ տուժողը հրաժարվեց

Կարճվել է թիվ 63203516 քրեական գործի քննությունը:

Իրավապաշտպան կազմակերպության դիտարկմամբ, «Փողերի լվացում եւ մի շարք այլ հանցագործություններ կատարելու հանգամանքին անդրադարձ չի կատարվում, ինչն իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր եւ ինչը վկայում է քննչական բաժնի աշխատակիցների կողմից մի շարք հանցագործություններ կանխամտածված թաքցնելու մասին: Մասնավորապես, քննչական բաժնի աշխատակիցների կողմից կանխամտածված չի իրականացվում քննություն ներքոհիշյալ հանցագործությունների վերաբերյալ»:

Վաշխառուների, պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործարքների, հակաստվերի դեմ գործող «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը երեք տարի առաջ «Առավոտին» տեղեկացրել էր, որ ՌԴ Խաբարովսկից Դավիթ Ստեփանյանը դիմել է իրենց, հայտնելով, որ Երիցյանի սպառնալիքների պատճառով փախել է Հայաստանից: Ստեփանյանը մի նամակ էլ ուղարկել էր «Առավոտին», հայտնել, որ աշխատել է Երիցյանի հետ, տարադրամի փոխանակման կետեր է ունեցել, գրավատուն, իսկ Երիցյանն էլ նրան տոկոսով 900 հազար դոլար գումար է տվել: Դ. Ստեփանյանը 10 տարի շարունակ 18 հազար դոլար գումար է տվել, որպես տոկոս, գրավադրել է իր ընկերների, մտերիմների գույքը, սակայն Երիցյանը պահանջում է 400 000 դոլար գումար մնացորդը: Մարդն ընկնում է հոգեբուժարան: Կար ձայնագրություն, որով հաստատվում է, որ տվյալ անձը 1 միլիոն 900 000 դոլար գումար վերադարձրել է: Այդ սպառնալիքին միջամտել էր հայաստանաբնակ մի մականունավոր, ասելով՝ «արյուն է թափվելու» («Պայուսակից անգամ հանել էր ատրճանակը եւ ասել՝ գեներալ եմ, կգյուլլեմ», հունիս 09, 2016, https://www.aravot.am/2016/06/09/701667/):

2016թ. ապրիլի 1-ին Դավիթ Ստեփանյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին, պատմել «գլխին եկածը»: Դ. Ստեփանյանի դիմումի հիման վրա նյութերը նախապատրաստող հետաքննության մարմինը 2016 թ. մայիսի 6-ին որոշում էր կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, իսկ որոշման դեմ «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահի ներկայացրած բողոքի հիման վրա 2016թ. հունիսի 1-ին Երեւան քաղաքի դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու եւ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Հարուցվել էր թիվ 63203516 քրեական գործը:

2016թ. հունիսի 29-ի որոշմամբ Դ. Ստեփանյանը ճանաչվել է տուժող, իսկ «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը՝ տուժողի ներկայացուցիչ: Սակայն 2016թ. նոյեմբերի 10-ին վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

«Համադրելով թիվ 63203516 քրեական գործով տուժող Դ. Ստեփանյանի եւ այլոց ցուցմունքները, Երիցյանից տուժողների, մասնավորապես, թիվ 13127214 քրեական գործով Զ. Մելիքյանի տրված ցուցմունքները, թիվ 17112714, թիվ 57125116 քրեական գործերով Գ. Թումասյանի, թիվ 13142214 քրեական գործով Հակոբ Եղիազարյանի, Վարդան Գինոսյանի, Մարինա Պողոսյանի եւ Հովհաննես Երիցյանի ցուցմունքները, ակնհայտ է դառնում, որ 2003-2010թթ. ընկած ժամանակահատվածում Հ. Երիցյանի կողմից տարբեր տոկոսադրույքներով ընդհանուր առմամբ մոտավոր 1.500.000 ԱՄՆ դոլարը գերազանցող գումարներ է տրամադրվել ՀՀ տարբեր քաղաքացիներին: Այդ ժամանակահատվածում Հ. Երիցյանը չի զբաղեցրել որեւէ պաշտոն, չի զբաղվել ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեությամբ եւ նախաքննության մարմինների կողմից չի պարզվել վերջինիս կողմից շրջանառված առանձնապես խոշոր չափերի գումարների ծագման աղբյուրը: Կնքվել են մի շարք շինծու առուվաճառքի պայմանագրեր, որոնց միջոցով անհայտ ծագում ունեցող գումարները ոչ միայն բերել են հավելյալ եկամուտներ Հ. Երիցյանին, այլեւ վերածվել են անշարժ գույքի երրորդ անձանց անունով, որոնց իրական սեփականատերը հանդիսանում է Հ. Երիցյանը: Գումարների նման շրջանառությունը եւ սխեման բնորոշ են փողերի լվացման մեխանիզմին»,- «Առավոտին» տեղեկացնում է Մ.Պողոսյանը:

Ըստ իրավապաշտպանի, այդպես էլ չպարզվեց Հովհ. Երիցյանի եւ Դ. Ստեփանյանի միջեւ առկա գործարքների հիմքերը, չեն պարզվել գումարները գրավատան հաշվապահություն մուտք անելու հանգամանքները, եւ տուժողի դերը փողերի լվացման մեխանիզմի մեջ:

Այսինքն, Դ. Ստեփանյանի գործողությունները եղե՞լ են օրենքի սահմաններում, թե՞ վերջինս հանդես է եկել որպես հանցավոր խմբի անդամ:

Ի դեպ, 2014թ. օգոստոսի 4-ին մեկ այլ՝ թիվ 13142214 քրեական գործով առերես հարցաքննության ժամանակ իր ցուցմունքներում Հ. Երիցյանը պնդել է, որ Հակոբ Եղիազարյանը իբրեւ Դ. Ստեփանյանին պատկանող գրավատնից է վերցրել 85.000 ԱՄՆ դոլար տոկոսով գումար՝ 115.000 ԱՄՆ դոլար վերադարձնելու պայմանով, որի համար որպես գրավ ձեւակերպել է Նար-Դոսի 71 հասցեում գտնվող իր սեփականությունը: Թիվ 63203516 եւ թիվ 13142214 քրեական գործերի ցուցմունքներով հաստատվում է, որ Հ. Երիցյանը կատարել է ակնհայտ սուտ մատնություն, որի նպատակն է եղել թաքցնել տոկոսով 85.000 ԱՄՆ դոլար տրամադրելը Հ. Եղիազարյանին: Հետագայում օգտվելով Դ. Ստեփանյանի առողջական վիճակից՝ նա իր վաշխառությունը բարդել է այլ անձի կամ գրավատան վրա: Կարճելով գործը, քննիչներն այդպես էլ չեն պարզել, թե արդյոք Հ. Երիցյանը, նրան «հովանավորող» ԱԱԾ-ի «գեներալը» կատարե՞լ են իրենց հարկային պարտավորությունները, թե՞ ոչ, տարիների ընթացքում ստացած ընդհանուր 1.470.000 ԱՄՆ դոլար գումար եկամտից հարկեր վճարե՞լ են, թե՞ ոչ:

Իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է հարուցել քրեական գործ, կատարել նոր քննություն, բացահայտել կոռուպցիոն սխեմաները, եւ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց ենթարկել քրեական պատասխանատվության:

© Aravot.am