• January 25, 2020

ԱԽ քարտուղարի հայտարարությունը անլուրջ է. հեղաշրջման փորձը հանցագործություն է, ինչու քրգործ հարուցված չէ

ԱԽ քարտուղարի հայտարարությունը անլուրջ է. հեղաշրջման փորձը հանցագործություն է, ինչու քրգործ հարուցված չէ

Ազգային ժողովն ավարտեց այս տարվա առաջին քառօրյա աշխատանքը: Տպավորություն կա, որ ԱԺ-ն այդպես էլ իր բնականոն աշխատանքային հունի մեջ չի մտնում:

«Առաջին լրատվական»-ի հետ քննարկման ընթացքում,անդրադառնալով այս դիտարկմանը, վերլուծաբան Հակոբ Բադալյանը նշեց. «Այս ԱԺ-ն հավանաբար որակապես ավելին անելու ունակ չէ: Այն պատգամավորները, ովքեր ունակ են ԱԺ աշխատանքներին այլ հուն հաղորդել, պասիվ են, նրանք պետք է նախաձեռնողականություն ձեռք բերեն… Մենք ունենք խորհրդարան, որի համար կարծես թե գոյություն չունեն աշխարհ և Հայաստանի շուրջ կատարվող իրադարձություններ»:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ պատգամավորների մեծ մասը մոռանում է պատգամավորի իր երդումը և չի կարողանում իրեն դրսևորել որպես պատգամավոր՝ որպես ՀՀ ժողովրդի ընտրյալ:

«Վելես» իրավապաշտպանական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի դիտարկմամբ՝ խորհրդարանը կտրվել է իրականությունից և «մտել է կոմֆորտի զոնայի մեջ»: «Մասնագիտական արհեստավարժության խնդիր կա,- նշեց իրավապաշտպանը:- Պատգամավորները, վերցնելով մեր վստահության քվեն, պետք է մեր պատգամները կրեն, բայց իրենք սկսել են պատ շարել, և ինչ-որ բաներ գամել վրան, ժողովրդից կտրվել են և մեր պատգամը տեղ չեն հասցնում»: Մարինա Պողոսյանի դիտարկմամբ՝ հետհեղափոխական երկրներում պատգամավորները պետք է աշխատեն գաղափարների իրականացման համար:

Անդրադառնալով խորհրդարանում շաբաթվա ընթացքում ոչ բովանդակային քննարկումներին և միջադեպերին՝ Հակոբ Բադալյանը նշեց, որ խորհրդարանը պետք է աչքի ընկնի օրակարգային հարցերի քննարկմամբ, ոչ թե ապաքաղաքական էպատաժով:

Արմեն Մարտիրոսյանը հավելեց, որ խորհրդարանում տղայական մոտեցումներ չպետք է լինեն. «Իշխանություն կրողը պետք է հասկանա, որ ինքը պետական այր է, ոչ թե «լավ տղա»»:

Անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ողջամիտ կասկածներ կան, որ ՀՀ-ում հեղաշրջում էր նախապատրաստվում, որի փորձը կանխվել է, Հակոբ Բադալյանը նշեց, որ դա անլուրջ հայտարարություն է և կրում է քարոզչական բնույթ. «Հեղաշրջման փորձը հանցագործություն է, ինչո՞ւ քրգործ չի հարուցվել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

© 1in.am