• January 18, 2019

Աբովյանի քաղաքապետի ընտանիքի մտերիմը Գեղարվեստի դպրոցի տարածքում առանձնատուն է կառուցում

Աբովյանի քաղաքապետի ընտանիքի մտերիմը Գեղարվեստի դպրոցի տարածքում առանձնատուն է կառուցում

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարևանությամբ՝ Գեղարվեստի դպրոցին պատկանած հողատարածքում նախորդ տարվանից Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի ընտանիքի մտերիմ Շուշան Կարապետյանն առանձնատուն է կառուցում:

Առանձնատան հողակտորը նախկինում եղել է Աբովյանի Գեղարվեստի դպրոցի տարածքի մի մասը: Դա են փաստում արբանյակից արված լուսանկարները:

«Google Earth» ծրագրի միջոցով տեսնում ենք, որ 2017 թ-ի սեպտեմբեր ամսի դրությամբ դպրոցի ցանկապատերը տեղադրված են եկեղեցուն հարող փողոցի մայթին կից: 2018 թ-ի ապրիլի դրությամբ նշված տարածքում հողային աշխատանքներ են կատարվել, մայիս ամսին մանկապարտեզի ցանկապատն է տեղափոխվել՝ այն մոտեցվել է դպրոցի շենքին: Արդեն սեպտեմբեր ամսին հողակտորի վրա վեր է խոյացել առանձնատունը:

Դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Հետք»-ը թղթակից ուներ նաև Աբովյան քաղաքում, որտեղ էլ տեղեկություն ստացանք այն մասին, որ Աբովյան համայնքի ղեկավարը Գեղարվեստի դպրոցի տարածքում առանձնատուն է կառուցում: Գրավոր հարցմամբ դիմեցինք քաղաքապետ Վահագն Գևորգյանին՝ հողակտորի սեփականատիրոջ և հողը գնելու գործընթացի մասին տեղեկություններ խնդրելով:

Վահագն Գևորգյանի անունով ստորագրված պատասխանում ասված է, որ  Աբովյանի Գեղարվեստի դպրոցի հարևանությամբ գտնվող տարածքում հողահատկացումներ են արվել սկսած 2009 թ-ից: «Նշված հողամասի հասցեն է՝ քաղաք Աբովյան, Ռոսիա փողոց, թիվ 8: Հողամասի ներկայիս սեփականատերն է Շուշան Կարապետյանը: Նշված հողամասը ձևավորվել է մի քանի հողամասերի միավորման արդյունքում, որոնք քաղաքացին վերջին մի քանի տարիների ընթացքում ձեռք է բերել այլ քաղաքացիներից, ինչպես նաև հրապարակային սակարկությունների միջոցով»,- ասված է քաղաքապետի պատասխանում: Ըստ համայնքի ղեկավարի՝ Շուշան Կարապետյանը համայնքային բյուջե է վճարել ընդհանուր 7 միլիոն 23 հազար դրամ:

Աբովյանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված մարտի 19-ի որոշումներից տեղեկանում ենք, որ «Ռոսիա 8» հասցեի հողակտորը ձևավորվել է 3 առանձին հողակտորների միավորման արդյունքում: Հողակտորներից մեկը եղել է 1200, մյուսը՝ 300 և երրորդը՝ 49 քառակուսի մետր: 1200 քմ հողակտորը Կարապետյանը գնել է 2017 թ-ի դեկտեմբեր ամսին 2.5 միլիոն դրամով:

Երեք հողակտորների նկատմամբ Շուշան Կարապետյանի սեփականության իրավունքը գրանցվել է 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին: Նոր հասցե ստանալուց հետո Կարապետյանը ստացել է առանձնատուն, պարիսպ, լողավազան և ավտոտնակ կառուցելու շինթույլտվություն:

Շուշան Կարապետյանը 2018 թ-ի հունիս ամսին, աճուրդի արդյունքում, այդ տարածքում 375 հազար դրամով գնել է համայնքային սեփականություն հանդիսացող 158 քառակուսի մետր հողակտոր: Գնված հողամասի հարևանությամբ հունիս ամսին Կարապետյանը ևս մեկ հողամաս է գնել, որի մակերեսը կազմել է 1080 քառակուսի մետր և արժեցել է 2 միլիոն 566 հազար դրամ: Մինչև հողամասի (1080 քմ) վաճառքը, մայիսի 4-ին, քաղաքապետի որոշմամբ, այն առանձնացվել էր Աբովյան համայնքին պատկանող մոտ 1 հա հողակտորից:

«Google Earth» ծրագրի միջոցով արված լուսանկարները փաստում են, որ նշված տարածքում շինարարությունը սկսվել է ավելի վաղ, քան շինթույլտվության տրամադրումը: Շինթույլտվությունը տրամադրվել է մայիսի 16-ին, իսկ արբանյակից մայիսի 1-ին արված լուսանկարի համաձայն՝ առանձնատան հիմքն ու կողային պատերի մի մասն արդեն կառուցված են եղել:

Շուշան Կարապետյանի և Վահագն Գևորգյանի կապը

Աբովյան քաղաքի Գեղարվեստի դպրոցի տարածքի մի մասը գնած Շուշան Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում մի շարք լուսանկարներ է հրապարակել Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի կնոջ՝ Լիլիթ Սարգսյանի և դստեր՝ Անժելա Գևորգյանի հետ: Լուսանկարների հանգամանքը կասկած հարուցեց, որ Շուշան Կարապետյանը քաղաքապետի ընտանիքի մտերիմն է: Այցելելով քաղաքապետարան՝ զրուցեցինք համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հետ: Վերջինս չժխտեց, որ Շուշան Կարապետյանը կապ ունի իր ընտանիքի հետ, սակայն պնդեց, որ արյունակցական կապ չունեն Կարապետյանի հետ: Վահագն Գևորգյանն ասաց, որ ինքն առանձնատուն ունենալու երազանք ունի և մի օր Աբովյանում կա՛մ կգնի, կա՛մ կկառուցի առանձնատուն: Հարցին՝ չե՞ք բացառում, որ մի օր այդ տունը գնեք, նա պատասխանեց. «Ես մեծ հաճույքով կգնեի, եթե վաճառեին, հարմար գնով վաճառեին: Ես ձեզ վստահեցնում եմ, որ Աբովյան քաղաքում ես մի օր տուն ունենալու եմ, առանձնատուն՝ մի փոքր այգով, դա երազանք է, որը կարծում եմ, որ կկարողանամ կյանքի կոչել»:

Առանձնատունը տեսանկարահանելու ժամանակ նկատեցինք, որ տարածքում շինարարության մասին տեղեկություն պարունակող ցուցանակ չկա: Քաղաքապետը վստահեցրեց, որ եթե օրենքով նախատեսված է ցուցանակ փակցնել, ապա այդ հարցով հանձնարարական կտա:

Հ.Գ. Նշենք նաև, որ վերը քննարկված առանձնատան դեմ դիմաց էլ 2012-2016 թվականներին կառուցվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին ղեկավար, այժմ ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանիառանձնատունը: Բաբայանն առանձնատունը կառուցել է ապօրինի, սակայն 2018 թ-ի մարտ ամսին դիմել է քաղաքապետարան և օրինականացրել այն: Բացի դա, Բաբայանը նաև ապօրինի կառուցապատում է իրականացրել Աբովյան համայնքին պատկանող հողակտորի վրա, որի համար պատասխանատվության չի ենթարկվել: Ընդհակառակը՝ քաղաքապետարանը կառուցված շինությունը համարել է համայնքի սեփականություն և Էդուարդ Բաբայանին տվել է այդ շինությունը գնելու նախապատվություն:

© Hetq.am