2018 թվականին՝ գալով իշխանության, Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ ի տարբերություն նախորդ իշխանությունների, իր թիմակիցներից նրանք, ովքեր կհայտնվեն Հաշվեքննիչ պալատի թիրախում՝ չեն պլստալու և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:
Սակայն, չորս տարի անց պետք է փաստենք, որ չնայած այս խոստմանը, Նիկոլ Փաշինյանի թիմակիցների մասով Հաշվեքննիչ Պալատի հնչեցրած բացահայտումները ջրվում են, իրենք՝ թիմակիցներն էլ, ջրից չոր դուրս գալիս:
Դիցուք՝ Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) 2020 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվության համաձայն` անցած տարի առողջապահության նախարարությունն իր որոշ պաշտոնյաների վճարել է ավելի քան 56 մլն դրամ պարգեւավճար: Դա առանձնացվել է Քովիդ-19 համավարակի դեմ պայքարի ծրագրերին կառավարության հատկացրած մոտ 26,5 մլրդ դրամից: Մինչդեռ, ըստ ՀՊ հաշվետվության, այդ ծրագրերով նախարարության աշխատակիցների համար պարգեւավճարների գումար նախատեսված չի եղել: «Բայց նախարարությունը, չպահպանելով կառավարության որոշումների պահանջը, 2020-ին 56 միլիոն դրամը վճարել է որպես պարգեւավճար: Հաշվեքննության ընտրանքում ներառված 11 աշխատակիցների վերոնշյալ գումարից վճարվել է մոտ 15 միլիոն դրամ պարգեւավճար»,- նշված է հրապարակված ուսումնասիրության մեջ:
Հայաստանի hաշվեքննիչ պալատը պետական պարտքի կառավարման ոլորտում որոշակի բացթողումներ ու ռիսկեր է հայտնաբերել։ Պալատն ուսումնասիրել է պետական պարտքի 2017-2018 թվականների կառավարումը՝ նպատակ ունենալով պարզել, թե արդյոք պարտքի կառավարման առկա համակարգը երաշխավորու՞մ է արդյունավետ կառավարում։ «Ընդհանուր առմամբ, արձանագրել ենք 37 փաստ, որոնք ըստ հաշվեքննողների, վկայում են, որ պետական պարտքի կառավարման հարցում կան ռիսկեր։ Այդ ռիսկերի հիման վրա ներկայացրել ենք 44 առաջարկություններ, որոնք, ըստ հաշվեքննողների, ապագայում կարող են բարելավել պետպարտքի կառավարման համակարգը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության արդյունքները ՀՀ Հաշվեքննիչ պալատն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Որոշումը կայացվել է ՀՊ արտահերթ նիստում` մարտի 30-ին։ 75 տարեկան քաղաքացին 2019թ․ օգոստոսի 10–ին մահացել է, մահից 2 օր անց` օգոստոսի 12-ին` «Պլանտա Սանա» ՍՊԸ-ից ստացել է 2 պրոթեզի կոշիկ, ու ոչ միայն ստացել է, այլև դիմում է լրացրել ու շահառուի անձնական քարտ ստացել։ Այս փաստը միակը չէ։ Այն ընդամենը մեկն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության նկատմամբ Հաշվեքննիչ պալատի կատարած հաշվեքննության արդյունքում կատարված բացահայտումներից։
ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից 2018-2019թթ. իրականացվել է ստուգում «Հայաստան» համահայկական հիմնադրամում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում կատարված ծախսերի նկատմամբ: Ուսումնասիրության ընթացքում խախտումներ են հայտնաբերվել 89,942.7 հազ. դրամ արժեքով կնքված գործարքների վերաբերյալ: Մասնավորապես, համերգների կազմակերպման ծառայություններ մատուցող ընկերության կողմից չի պատրաստվել ֆիլմ և չեն կազմակերպվել համերգներ պայմանագրով սահմանված ծավալներին համապատասխան, սակայն հիմնադրամի կողմից ծառայությունն ընդունվել է և իրականացվել է վճարում:
Հաշվեքննիչ պալատի զեկույցի համաձայն, Արտակարգ իրավիճակների նախարարությունում զբաղված են պետական բյուջեի միջոցների ամենօրյա վատնմամբ, որը տեղի է ունենում նաև պարգևավճարների տեսքով։ Մասնավորապես, ըստ հրապարակված ակտի, նախարարությունը չի պահպանել ոչ միայն օրենքներն ու կառավարության որոշումները, այլ հենց նախարարի հրամանները, և դրանից դուրս 209 աշխատողի տրվել է 44 միլիոն 749 հազար դրամի պարգևատրում, ընդ որում՝ այս պարգևատրվածները եղել են ոչ թե փրկարարները, որ ամեն օր վտանգում են իրենց կյանքը, այլ նախարարության քաղաքացիական աշխատողները և նախարարի ապարատը։ Սակայն, սա դեռ ամենը չէ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունում այնքան են ոգևորվել պարգևատրման մոլուցքով, որ անգամ պարգևատրել են նախկինում աշխատանքից ազատված աշխատակցին։ Ըստ հրապարակած հաղորդագրության, նախարարության գնումների բաժնի նախկին աշխատակիցն աշխատանքից ազատվելուց տևական ժամանակ հետո պարգևատրվել է 353 հազար դրամ աշխատավարձով։
2020 թվականի ընթացքում վարչապետ Փաշինյանի աշխատակազմում եղել են աշխատակիցներ, ովքեր աշխատավարձից ավելի պարգևավճարներ են ստացել։ 2020-ի ընթացքում «աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով վճարվել է մոտ 2.5 միլիարդ (2 566 055 800) դրամ վարչապետի աշխատակազմին, որի շուրջ կեսը՝ որպես աշխատավարձ, իսկ մոտ 363 միլիոն դրամը` պարգևավճար, մնացածը` եկամտահարկ, արձակուրդային, տարբեր սոցվճարներ։ Պարգևավճարներն ամենաքիչը տրվել են պատերազմի մեկնարկին՝ հոկտեմբեր ամսին, պարգևատրվել է ընդամենը 1 աշխատակից՝ 294 հազար դրամով, իսկ սեպտեմբերին պարգևատրվել է 504 աշխատակից՝ ընդհանուր 56 միլիոն դրամի։ Մինչդեռ դեկտեմբերին մեծ է եղել ե՛ւ պարգևատրվողների թիվը, ե՛ւ պարգևավճարի չափը՝ 500 աշխատակից ստացել է մոտ 235 միլիոն դրամ, միջինացված հաշվարկով՝ յուրաքանչյուր աշխատակցի մոտ կես միլիոն՝ 500 հազար դրամ պարգևավճար է տրվել։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Հաշվեքննիչ պալատը մի շարք անհամապատասխանություններ է բացահայտել: Այն ժամանակ դեռ Սուրեն Պապիկյանի գլխավորած նախարարությունը խախտել է կառավարության՝ 2010 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ հաստատված «Կարգ»-ի 11-րդ կետով սահմանված պահանջները, ըստ որի՝ ավտոմոբիլային ճանապարհի խումբը պահպանման աշխատանքների կատարման արդյունքում չի կարող փոխվել դեպի բարձր խմբի:
ՀՀ հաշվեքննիչ պալատը երկու տարի անընդմեջ ուսումնասիրում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությունը և նույնպես խախտումներ է հայտնաբերել:
Յոլյանից հետո Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը զբաղեցրեց Ատոմ Ջանջուղազյանը, սակայն, բացահայտումները չդադարեցին:
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ներկայիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գործունեությունը հայտնվել է Հաշվեքննիչ պալատի մանրադիտակի տակ: Պալատը հաշվեքննություն է իրականացրել Առողջապահության նախարարությունում, եւ ուսումնասիրվել է նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացումը: Մասնավորապես, ուսումնասիրվել է 2020թ. հունվարի 1-ից մինչեւ 2020թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը, երբ առողջապահական ոլորտը ղեկավարում էր Արսեն Թորոսյանը: Սակայն, այստեղ թիրախում է նաև գործող նախարար Անահիտ Ավանեսյանը, ով չի նկատել նման խախտումները:
Իրավիճակ չի փոխվել: 2018 թվականին Հաշվեքննիչ պալատը որոշակի բացթողումներ էր գրել այն ժամանակվա սոցապ.նախարար Արտեմ Ասատրյանի և առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ղեկավարած կառույցներում, որևէ հետևանք, անշուշտ, այդ բացահայտումները չունեցան։ Այն ժամանակ էլ, ինչպես և այսօր, պաշտոնյաները ջրից չոր դուրս եկան՝ Հաշվեքննիչ պալատի թիրախում հայտնվելուց հետո: