Քյարամյանի «խորթ» եղբայրը. նախկինների «ֆոկուսներով» դեպի ԱԱԾ

Իշխանությունները հերթական անգամ ապացուցում են, որ բացարձակապես թքած ունեն հանրային տրամադրությունների, քննադատությունների վրա։ Նրանց չի մտահոգում ժողովրդի կարծիքը, որի արեւով օրումեջ երդվում են եւ որին թափանցիկ, հաշվետու, հրապարակային լինելու մասին խոստումների մրցավազքի մեջ են։

Եւ այսպես, ինչպես օրեր շարունակ իշխանությունների դեմ «մեդիատեռոր» անող եւ «լկտի ստեր» գրող տելեգրամյան ալիքներն են գրել, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանը ինտենսիվ տեղափոխվում է ԱԱԾ տնօրենի պաշտոնին հին, հայտնի, նախկինների կողմից կիրառված մեխանիզմով։
Ավելին՝ Անդրանիկ Սիմոնյանը սպառնում է գերազանցել Արգիշտի Քյարամյանին մի քանի օրում մի քանի պաշտոն փոխելու ցուցանիշով։ Առայժմ Սիմոնյանին եւ Քյարամյանին կարելի է համարել «քույր քաղաքներ» կամ «եղբայր քաղաքներ»։

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել

Դեռեւս նախորդ շաբաթ մենք գրել էինք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանը ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվելու։ Սիմոնյանը դատավոր էր նշանակվել նոր իշխանության օրոք՝ 2020թ հունիսին, եւ չնայած գրեթե մեկ տարի է՝ պաշտոնավարում է, բայց համացանցային որոնումների արդյունքում նրա կենսագրությունը չհաջողվեց գտնել։ Նկատենք, որ դեռեւս շաբաթներ առաջ տելեգրամյան ալիքներից մեկը գրել էր այս հնարավոր նշանակման մասին՝ նշելով, որ Սիմոնյանի համար միջնորդել է «Իմ քայլ»-ի պատգամավոր Հակոբ Սիմիդյանը:

Սիմոնյանի հնարավոր նշանակման լուրը հրապարակվելուց հետո իրավապաշտպան Մարինա Պողոսյանը աղմկահարույց հայտարարություններ էր արել՝ ասելով «եթե նման բան լինի՝ Բաղրամյանում խփված պալատկեքը տանելու է ԱԱԾ-ի դիմաց ու ամբողջ ժողովրդին հանելու է սրանց դեմ»։

«Այսպես ապականել ԱԱԾ-ն՝ անթույլատրելի է։ Անդրանիկ Սիմոնյանին անձամբ եմ ճանաչում, իր դեմ 5 կարգապահական վարույթ է հարուցվել։ Առհասարակ, ամբողջ Լոռու մարզում թնդում է, որ Անդրանիկ Սիմոնյանը աշխատավարձ ստանալով՝ գործի չի գնում ու բոլորին հայտարարում է, որ КГБ է գնում։ Բայց դա ավելի անհավանական էր, քան Մակունցին դեսպան նշանակելը։ Ես կարծում եմ, որ այդ նշանակումից առաջ՝ նախ պետք է ճշտել Սիմոնյանի ներգրավվածությունը տարբեր տեսակի կոռուպցիոն գործերի մեջ, թե այս 6 ամսվա ընթացքում ինքը ինչ քրեական հեղինակությունների խափանման միջոցներ է փոխել և այլն»,-ասել էր Պողոսյանը:

Այս հրապարակումներից եւ ահազանգերից հետո անգամ Սիմոնյանի լիազորությունները դադարեցվեցին որպես դատավոր, նա մարտի 26-ին նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Դեռեւս այդ ժամանակ Մարինա Պողոսյանը կանխատեսում արեց, որ Սիմոնյանը դառնալու է «Քյարամյան 2», այսինքն՝ հանուն ԱԱԾ-ում աշխատանքի անցնելու համար ձեւական մի քանի օրով ՔԿ նախագահի տեղակալ է «աշխատելու»։

Եւ այսպես, այսօր հաստատվեց այն, ինչի մասին գրել էին տելեգրամյան ալիքները, լրատվամիջոցները եւ ինչի մասին ահազանգում էր իրավապաշտպանը, Սիմոնյանը ընդամենը 5 օր աշխատելով ՔԿ նախագահի տեղակալ «մի այլ կարգի փորձ» ձեռք բերեց եւ հանգիստ գործուղվում է ԱԱԾ՝ մեր երկրի անվտանգությանը սպառնացող խնդիրները չեզոքացնելու։ Վարչապետի որոշմամբ՝ նա ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից, իսկ նախագահի հրամանագրով՝ նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։

Վստահաբար՝ սա Սիմոնյանի կարիերայի պիկը չէ, նրան դեռ կհասցնենք տեսնել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, քանի որ արդեն իսկ լուրեր են շրջանառվում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին պաշտոնից ազատելու մասին։

Ո՞ւմ ենք պարտական այս «ֆոկուսի» համար

Հանուն արդարության պետք է նշել, որ նոր իշխանությունները առանձնակի մտքի ճկունությամբ եւ գիտելիքներով չեն փայլում, հետեւաբար՝ չեն կարող կրեատիվ ֆոկուսներ հորինել նպատակին հասնելու համար, ուստի՝ օգտվում են նախկինների «ֆոկուսներից» կամ ինչպես ասում են՝ փորձած թանը անփորձ մածունից լավ է։
Ժամանակին Գեորգի Կուտոյանին ԱԱԾ գործուղելու համար Սերժ Սարգսյանը մի քանի օրով նրան նշանակեց դատախազի տեղակալ։ Նույն մեխանիզմից օգտվեց Սերժ Սարգսյանի «սահմանադրական կոստյումի» մեջ հարմարավետ տեղավորված Փաշինյանը՝ Քյարամյանին «չերեզ» ՔԿ ԱԱԾ գործուղելով։

Նրա խոսնակը սա անվանեց քաղաքական որոշում, որը կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակներում։ Փաստացի՝ այս կարգավորումից իշխանությունը չի հրաժարվում եւ ում ցանկանում, գործուղում է ուժային կառույց, ուստի՝ հասարակական, քաղաքական, իրավական շրջանակների գնահատականը ավելի սուր էր։

Բանն այն է, որ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելու համար պետք է առնվազն 3 տարի զբաղեցներ ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունենար գնդապետից ոչ ցածր կոչում:

Եւ քանի որ Քյարամյանը եւ Սիմոնյանը մինչ այդ երբևէ պաշտոն չէր զբաղեցրել ԱԱԾ-ում, հետևապես՝ չէր կարող նշանակվել ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում՝ այդ հոդվածի համաձայն։

Սակայն նույն հոդվածի 6.1 մասի համաձայն՝ պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև Զինված ուժերի, ոստիկանության, ԴԱՀԿ ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների, Քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության և արդարադատության նախարարության պետական ծառայողներ, դատախազներ, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների պահեստազորի սպաներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:

Այնպես որ քանի օրենսդրությունում այս «սողանցքը» կա, կարելի է դրանից օգտվել։ Ստացվում է այն, ինչը ապօրինի չէ, օրինական է, սակայն բարոյական է արդյոք շարունակաբար օգտվել օրենսդրության ընձեռած սողանցքներից եւ թքած ունենալ հանրային կարծիքի վրա։

Ֆոկուսների շնորհիվ բարձր պաշտոններ ստացած երիտասարդների նշանակումը՝ քննադատության առիթ

Ինչո՞ւ է հանրությունը քննադատում այսպիսի նշանակումները։ Նախ, ազգային անվտանգության ծառայությունը եւ այդտեղ ղեկավար պաշտոնները սուրճ դնող օգնականի կամ նամակներին պատասխանող խորհրդականի հաստիք չէ։ Այս կառույցն է զբաղվում մեր երկրի անվտանգության խնդիրներով, հետեւաբար՝ այստեղ աշխատողները պետք է լինեն պրոֆեսիոնալ, փորձառու, հայրենասեր, անցնեն մանրակրկիտ, հիմնավոր ընտրություն, քանի որ նրանք առնչվում են այնպիսի պետական գաղտնիքներին, որոնք առնչվում են հասարակության կյանքին, առողջությանը, պետության անվտանգությանը։

Ընդ որում՝ տարիներ ի վեր այս կառույցը եղել է բավականին փակ եւ հեղինակություն ունեցել, նոր իշխանության շրջանում, սակայն, ամեն ինչ փչացավ, երբ ԱԱԾ-ին սկսեցին հանձնարարել զբաղվել սատանաներին փնտրելով կամ լցակայաններում ՀԴՄ կտրոններ չտալով։ Հայտնի «ֆեյքի» գործը առհասարակ հողին հավասարեց ԱԱԾ-ի համբավը, ֆեյքին «գտան», բայց նա շարունակում է գրառումներ ձոնել ԱԱԾ-ին, նրա պատկերը հայտնվում է ԱԱԾ շենքին եւ այսպես շարունակ։

Ափսոս էր ԱԱԾ-ն եւ մեր երկրի անվտանգությունը…հետպատերազմական վիճակում եւ տարածաշրջանային արտաքին մարտահրավերների ֆոնին կարելի էր փորձել խելքի բերել այս կառույցը, մինչդեռ հեղինակազրկման եւ թուլացման գործընթացը շարունակվում է նաեւ այդքան հաճախակի եւ անհասկանալի կադրային փոփոխություններով։ Վերջին 3 տարվա ընթացքում ԱԱԾ տնօրենի պաշտոնում հինգ նշանակում է արվել, ընդ որում՝ ինչպես այս անձանց նշանակումներն էին հանելուկ, այդպես էլ ազատումը։ Նկատենք նաեւ, որ այս իշխանության նշանակած ղեկավարներից երկուսը հեռանալուց հետո սկսել են քննադատել իշխանությանը։

Ուշագրավ է, որ Հայաստանի երրորդ հանրապետության ժամանակ մինչ հեղափոխությունը ԱԱԾ-ն ընդամենը 8 ղեկավար է ունեցել։

Ի՞նչ ցնցումների է ենթարկվում ԱԱԾ-ն այսքան հաճախակի փոփոխություններով, որքանո՞վ է նպատակահարմար այդքան ինտենսիվ փոփոխությունները այդ կարեւոր պաշտոնին, ստացվում է, որ մինչ անձը հասցնում է աշխատանքին ծանոթանալ, ազատվում է պաշտոնից՝ հեռանալով առանց որեւէ կոնկրետ աշխատանք կատարած, փոխարենը աշխատանքի բերումով բազմաթիվ գաղտնիքների տիրապետած։

Քննադատությունների երկրորդ պատճառն այն է, թե ովքեր են նշանակվում այս պաշտոններին եւ ինչու, որ արժանիքների համար են հանրությանը անհայտ, պրոֆեսիոնալ որակներով, հարուստ աշխատանքային փորձով աչքի չընկնողներին նման պաշտոններ վստահում, ավելին՝ նրանց նշանակման համար օրենքի սողանցնքները օգտագործում։

Եւ վերջապես, երրորդ, նման կարեւորագույն պաշտոններին մեկ-երկու նշանակումները եւ դրա հետեւանքները տեսնելով՝ իշխանությունը կարո՞ղ էր դասեր քաղել, չէ՞ որ քանիցս համոզվել են, որ երիտասարդ յուրայինները ի վիճակի չեն նման կարեւորագույն պաշտոններ զբաղեցնել, եւ իրենք են «փչանում», եւ համակարգը «փչացնում»։
Բայց իշխանությունը համառ է, դասեր չի քաղում եւ առաջնորդվում է «կրկին փորձիր» սկզբունքով՝ նորից անտեսելով հանրության առաջ թափանցիկ, հաշվետու լինելու, հրապարակային գործելու, լեգիտիմ նշանակումների սկզբունքը եւ պետական համակարգը անվերջ ցնցումների տանում նեղ անձնական շահերից ելնելով նշանակումներ անելով։

https://armdaily.am/?p=132003&l=am&fbclid=IwAR1YtK-XfDNHIVIauQT6lCFXGGl-n1xJRIUjTfQrChV6qOkzj-vmm8m–fw

 31 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: