«Իրիգեյթ» ՍՊԸ–ի հետ փոխվարչապետի կապը
Փոխվարչապետների` կառավարության կայքում տեղադրված կենսագրություններից տեղեկանում ենք, որ Տիգրան Ավինյանը 2010-2011 թվականներին հիմնադրել է «Իրիգեյթ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով։ Իրավաբանական անձանց ռեգիստրի գրանցամատյանում ընկերության հիմնադիրների մասը փակ է, և միայն համապատասխան վճարում կատարելուց հետո կարողացանք տեսնել ընկերության կանոնադրությունն ու մասնակիցների մասին տեղեկությունները: Ըստ այդմ՝ ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի ապրիլի 30-ին: «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենը Արմեն Մարտիրոսի Ավինյանն է, որը փոխվարչապետի հայրն է: ՍՊԸ-ն գրանցված է այն հասցեում, որտեղ հաշվառված է Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետը ընկերության մասնակիցների ցանկից դուրս է եկել 2018թ. հունիսի 5-ին: Այժմ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Դավիթ Արմենի Ավինյանին, որը փոխվարչապետի եղբայրն է: Դավիթ Ավինյանը պլաստիկ վիրաբույժ է:«Իրիգեյթ» ՍՊԸ-ն հաղթող է ճանաչվել, երբ Ավինյանն արդեն փոխվարչապետ էր
Դրամաշնորհի համար Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին ուղղված «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենի դիմումը ստորագրված է 2018 թվականի փետրվարի 14-ով: Այդ ժամանակ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամ էր և հիշյալ ՍՊԸ-ի տնօրեն: Դիմում-հայտը ստորագրել է անձամբ Տիգրան Ավինյանը: Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հետ կնքված փաստաթղթերը պարունակում են առևտրային գաղտնիք, սակայն հիմնադրամի բանավոր հարցմանն ի պատասխան՝ ընկերությունից համաձայնել են, որպեսզի փաստաթուղթը մեզ տրամադրվի: Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Խաչատրյանը մեզ հայտնել է, որ 2018թ. մարտի 15-ին «Իրիգեյթ» ՍՊԸ-ն և այլ ընկերություններ հիմնադրամ են ներկայացրել թվով 49 բիզնես-հայտեր: Դրանից 16-ը մերժվել է: Մայիս 25-ին տեղի է ունեցել «Արժեշղթային զարգացման» հանձնաժողովի նիստը, որի արդյունքում թվով 33 բիզնես-հայտերից հաղթող է ճանաչվել է 29-ը: Սակայն վերջնարդյունքում համաձայնագրեր են կնքվել 26 ընկերությունների հետ, այդ թվում` «Իրիգեյթ» ՍՊԸ-ի: Ընկերության հետ պայմանագիր է կնքվել օգոստոսի 1-ին: Արձանագրենք, որ Տիգրան Ավինյանը 2018թ. մայիսի 25-ին փոխվարչապետ էր, իսկ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի մասնակիցների ցանկից դուրս է եկել դրամաշնորհի մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո՝ 2018 թվականի հունիսի 5-ին:850 Ընդհանուր դիտումներ, 2 Օրվա դիտումներ