Փաստեր՝ Ռոբերտ Քոչարյանի որդիների զինծառայությունից. զորացրվելուց հետո նրանց հաշվին 10 մլն դոլար է եղել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին երեկ լուսանկարներ էր հրապարակել եւ փորձել հերքել Փաշինյանի ասածը՝ Քոչարյանի որդիների զինվորական ծառայության վերաբերյալ: «Հայկական ժամանակ»-ին հաջողվեց պարզել, որ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանը 2004 թվականին ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը եւ 2005 թվականի հունիսին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել ՀՀ ՊՆ թիվ N զորամաս (Պահպանության եւ սպասարկման գունդ, Երեւան), որտեղից գործուղվել է ՊՆ իրավաբանական վարչություն, որպես գործավար: Նա ծառայության է ներկայացել «սովորական աշխատանքային» ռեժիմով՝ 09:00-ից 18:00-ն, եւ չի գիշերել զորանոցում: Նրա եղբայրը՝ պահեստազորի սերժանտ Լեւոն Ռոբերտի Քոչարյանը, 2006 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 2006 թվականի հունիսից մինչեւ 2008 թվականի հունիսը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն է անցել ՀՀ ԱԱԾ ներկայումս լուծարված թիվ N զորամասում (Երեւան)։ Լ. Քոչարյանին ծառայության ողջ ժամանակահատվածում կցված է եղել 404 SS 02 պետհամարանիշի «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենա, որով նա անարգել, օրվա ցանկացած ժամի ելք ու մուտք է կատարել զորամաս, սակայն, որպես վարորդ, որեւէ կոնկրետ գործառույթ չի ունեցել: Զորանոցում չի գիշերել: Երբեմն գիշերել է հրամանատարի օգնականի աշխատասենյակում: Նրա հրապարակած լուսանկարներն արված են Լոռու մարզի ճամբարային հավաքի ժամանակ: Վարչապետը չի ասել, որ Քոչարյանի որդիները չեն ծառայել։ Նա ասել է, որ ինքը ՀՀ միակ ղեկավարն է, որի որդին ծառայում է Ղարաբաղում: Իսկ Քոչարյանի որդիների ծառայության տեղն ու պայմանները տեսաք վերեւում. նրանք որպես զինվոր ոչ մի օր չեն եղել Ղարաբաղում: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն՝ Քոչարյանի որդիները ծառայությունն ավարտելուց հետո, կամ դրանից շատ չանցած իրենց հաշվին ունեցել են տասը եւ ավելի միլիոն դոլար: ©Armtimes.com

 713 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: