Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա խնձոր նետած արցախցի 72-ամյա պապիկի միջադեպի գործով վերջին նիստը։
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, Ալբերտ Առստամյանին ճանաչեց անմեղ։
Նշենք, որ Առստամյանին մեղադրանք էր առաջադրվել «խուլիգանություն» հոդվածով։
Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսի 23-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից քաղաքացին խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել էին, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել եւ անմիջապես պառկել էին գետնին։ Իրավապահները օրեր շարունակ Ռուբինյանց 2/2 շենքում խուզարկություններ էին անում, փնտրում այդ տեսակի խնձոր մարդկանց բնակարաններում:
Ի վերջո, խնձորը նետելու կասկածանքով ձերբակալվեց 72-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը։