Տպավորություն է, որ հեղափոխությունը եղավ պայմանով, որ պետք է Քյարամյանը ինչ-որ բարձր պաշտոն զբաղեցնի, վաղն էլ կարող է առողջապահության նախարար դառնալ. Մարինա Պողոսյան

Վստահաբար կարող եմ ասել, որ Հայկ Գրիգորյանը պրոֆեսիոնալ է, իհարկե, եղել են գործեր, որոնք խնդրահարույց են եղել, բայց էդ մարդը գրագետ է, բավականին աշխատություններ ունի գրած ու բավականին առաջադեմ հայացքներ ունեցող իրավաբան է։

Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանն՝ անդրադառնալով նախօրեին Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրգորյանին պաշտոնից ազատելու և Արգիշտի Քյարամյանին նրա փոխարեն ՔԿ նախագահ նշանակելուն։

Դիտարկմանը, թե արդյո՞ք կարելի է կապ տեսնել Սյունիքում տեղի ունեցող գործընթացների և քննչականի ղեկավարի հրատապ փոփոխության հետ՝ Պողոսյանն ասաց, որ հնարավոր է, ինչ-որ գործընթացներ կան, որոնցից ինքը տեղյակ չէ։ «Սա գուցե նույն՝ 2018 թ-ի ասֆալտին փռելու, ձերբակալել-կալանավորելու՝ բաց թողնելու իմիտացիոն գործընթացների շարունակությունն է։ Իմ ուղեղը հրաժարվում է հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում։ Ամեն դեպքում՝ մի բան կա, որ հստակ կարող եմ ասել, սա ժողովրդի ընտրությունն է, դրանից է, որ շատերս անգամ այս իրավիճակում շատ ասելու բան չունենք, որովհետև ժողովրդի դեմ գնալ իրականում չես կարող, կարող է ընտրությունների ընթացքում խախտումներ եղել են, բայց վստահեցնում եմ՝ ժողովրդի մի ստվար զանգվածի ընտրության արդյունք է այն, ինչ հիմա տեսնում ենք։

Այսինքն, սա ժողովրդի ընտրության արդյուքն է, հետևաբար, ում ուզում է՝ նշանակեն Քննչականի պետ, ում ուզում են փոխեն՝ սա ժողովրդի ընտրությունն է և որևէ մեկը թող որևէ մեկի վրա մունաթ չգա։ Ի դեպ, կարծում եմ, առաջիկայում նաև ԱԱԾ ղեկավարին կփոխեն։ Ամեն դեպքում՝ ժողովուրդն ինքը պետք է իրեն հաշիվ տա, որ սա իր ընտրած իշխանությունների ընտրած կադրերն են, եթե իրենք գոհ են իրենց նշանակումներից, ապա թող ապրեն այդ կադրերի հետ, գուցե իրենք այնքան օրինապահ մարդիկ են, որ իրեց համար միևնույն է, թե ով է Քննչականի ղեկավարը։

Իսկ ինձ համար անհասկանալի է, այն ինչ կատարվում է, ինձ թվում է այն իրավիճակն է, որ ինչ ուզում է լինի ՝ կարևորը, որ Քյարամյանը լինի ղեկավար պաշտոնում, միգուցե վաղն էլ վարչապետ էլ լինի, ի՞նչ է եղել»։ Անդրադառնալով նախորդ պաշտոններում Քյարամյանի կատարած աշխատանքին՝ նա ընդգծեց, որ այդ պաշտոններից որևէ մեկում նա որևէ բանով աչքի չի ընկել։ «Ես վերջինիս հետ առիթ ունեցել եմ մի անգամ հանդիպելու, իմ տպավորութուն մասին բազմիցս բարձրաձանել եմ։ Այս ամենի մեջ իմ վրա ամենից շատ ազդել է նրան հերոսի կոչում շնորհելը։ Պատերազմից հետո տարբեր մարդկանց հերոսի կոչումներ էին տալիս, մինչդեռ, ես կարծում եմ, որ այս պատերազմից հետո որևէ ուսադիր կրող մարդ ոչ միայն չպետք է հերոսի կոչում ստանար, այլ առնվազն ինքը պետք է հեռանար։

Կային ժամանակներ, երբ պատերազմ պարտված հրամանատարները ինքնասպան էին լինում՝ իրենց արածի ծանրությունն հասկանալով և իրենց վատ ղեկավարման հետևանքները տեսնելով։ Մենք հիմա չենք կարող չէ՞ ասել, որ պարտվեցինք զինվորի պատճառով, ոչ, պարտվել է հրամանատարական, սպայական կազմը։ Հիմա ինչ է արել Քյարամյանը, որից մենք տեղյակ չենք ու միայն մի 40 տարի անց հայտնի կդառնա՝ չգիտեմ, բայց ինձ համար այդ պատերազմից հետո հերոսներ չկան, բացի զոհված տղաներից, ինձ համար արժանապատվության ու պատվի նսեմացում է հերոս բառը։ Իսկ մենք հիմա ունենք քննչական կոմիտեի ղեկավար՝ հերոս։ Չգիտեմ, ինչով է պայմանավորված։

Իմ մոտ երբեմն տպավորություն է, որ հեղափոխությունը եղավ պայմանով, որ պետք է Քյարամյանը ինչ-որ բարձր պաշտոն զբաղեցնի, կապ չունի, թե որտեղ վաղն էլ կարող է առողջապահության նախարար դառնա, կապ չունի ինչ, կարևորը՝ բարձր պաշտոն ունենա։ Թե ով է այդ տղան իրականում, ինչու, ինչով է նա այդքան առանձնահատուկ, ինձ համար դա հանելուկ է, որի պատասխանը միայն վարչապետը կարող է ունենալ։

Ինչ վերաբերում է Հայկ Գրիգորյանին՝ կարծում եմ, որ նա պատվերներ չի կատարել, գրագետ ու խելացի մարդուն թելադրելը շատ դժվար է, հիմա ամենևին էլ նրա գովքը չեմ անում, նրան պարբերաբար քննադատել եմ, բայց ամեն դեպքում՝ նա պրոֆեսիոնալ իրավաբան է»։

https://armdaily.am/?p=144173&l=am&fbclid=IwAR1kjYJLTtroWEv4eeKYaZIelk5e5Qd7YiDWJlB-4RCnQcKtGO5hhxxfVxA

 27 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: