Նորմալ է, որ որևէ դատավոր չի ցանկանում քննել Վահագն Աբգարյանի շինծու գործը, որը սարքելու համար կատարվել են բազում հանցագործություններ:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։ Նշենք, որ Վահագն Աբգարյանի դեմ հարուցված քրեական գործից արդեն երկրորդ դատավորն է հրաժարվում՝ հայտնելով ինքնաբացարկ:
Նա անդրադարձավ առաջին դատավորի ինքնաբացարկին, և նշեց, որ Սուսաննա Գզոգյանը դիտավորյալ է քնեցրել այս գործը. «Մոտ օրերս մենք պետք է դիմենք, որ Սուսաննա Գզոգյանի լիազորությունները որպես դատավոր դադարեցվեն: 821 օր վերջինս չարչարեց այս գործը, քնեցրեց, ոչինչ չարեց՝ մարդուն պահելով կալանքի տակ: Այստեղ երևում է Գզոգյանի անկարողությունը, իրավական անձեռնհասությունը, գործը դիտավորյալ քնեցրել է, որովհետև չունի նման գործ քննելու հմտություններ, միայն քրեական օրենսգիրքը անգիր անելն ու սերտելը դեռ բավարար չէ դատավոր դառնալու և մարդկային ճակատագրեր կանխորոշելու համար: Ես կարծում եմ, որ ինքը և իր դատախազությունը հետապնդել էր մի նպատակ. որքան հնարավոր է այս գործը ձգձգել և որքան հնարավոր է երկար Աբգարյանին պահել հասարակությունից մեկուսացած»,- նշեց Մարինա Պողոսյանը:
Իրավապաշտպանը, հաստատելով Վահագն Աբգարյանի դեմ հարուցված քրեական գործի 2-րդ դատավորի հայտարարությունը, այն է, որ Վահագն Աբգարյանի հետ ունի ոչ բարիադրացիական, պրոբլեմատիկ հարաբերություններ, նշեց մի հանգամանք, որը հետաքրքրել էր իրենց. «Այստեղ շատ ավելի լուրջ խնդիր կա. Սուրեն Բաղդասարյանի որդին ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել մեկ օրվա տարբերությամբ: Գործը տրվել է դատավորին և տղան նշանակվել է դատախազի տեղակալ: Իմանալով ՀՀ դատաԽազ Արթուր Դավթյանի ունեցած թշնամական մոլուցքի մասին ուղղված դեպի Վահագն Աբգարյանը՝ բացատրված է Ալավերդիում իր տնտեսական շահերով և Վահագ Հարությունյանի վերջինիս ընկերը լինելով: Ըստ էության՝ այս կեղծ գործը նրա կողմից է սարքված եղել՝ Վահագն Ավդալյանին իզոլացնելու համար: Հիմա պետք է հասկանալ՝ ինչ կապ կար, որ որդին նշանակվում է ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ և հայրը նիստերի գործը վարույթ է ընդունում»,— պարզաբանեց նա։
Վահագն Աբգարյանի ներկայացուցիչն այն կարծիքին է, որ Սուրեն Բաղդասարյանը ինքնաբացարկ դեռ շատ ավելի վաղ պետք է ներկայացներ. «Այստեղ մեկ կարևոր խնդիր էլ կա. գլխավոր դատախազի վերաբերմունքը Վահագն Աբգարյանի վերաբերյալ մենք շատ լավ գիտենք, բայց հիմա պարզվում է, որ վերջինիս տեղակալ Գևորգ Բաղդասարյանը ևս թշնամական վերաբերմունք ունի, ինչպես որ նշում է իր հայրը: Իսկ մյուս տեղակալ Արսեն Մարտիրոսյանը, որը եղել է Լոռու դատախազ, ակնհայտ, ժողովրդի լեզվով ասած, ընկած է եղել Վահագնի հետևից, ընդհուպ նույնիսկ Վահագնին կալանավորելու վերաբերյալ հիմա ինքն է սկսել որոշումներ կայացնել»,- ընդգծեց Մարինա Պողոսյանը:
Ըստ իրավապաշտպանի՝ սա նորանշանակ դատավոր Անդրանիկ Սիմոնյանի քրեական առաջին գործերից է լինելու, որի հաջողելու դեպքում նա կկայանա որպես դատավոր․ «Անդրանիկ Սիմոնյանը մնացած դատավորների պես ևս կարող է չդիմանալ դատախազության համակարգի ճնշմանը։ Շատ հնարավոր է, որ երիտասարդ դատավորը մյուս կողմից էլ որևէ կախվածություն չունենա դատախազությունից, որովհետև դժվար թե Արթուր Դավթյանի հետ հասցրած լինի նույն լափամանից օգտվել: Այստեղ ևս մեկ կարևոր հանգամանք կա, նորանշանակ դատավորը աշխատել է դատախազության համակարգում դեռ 2 տարի առաջ, աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, իսկ այդ ժամանակ Երևան քաղաքի դատախազ է եղել Սուրեն Բաղդասարյանի՝ ինքնաբացարկ հայտնած և Վահագն Աբգարյանի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող դատախազի որդի Գևորգ Բաղդասարյանը, որը անմիջական ղեկավարն է եղել նորանշանակ դատավորի: Հիմա պետք է հասկանանք, արդյոք այս անմիջական ղեկավարը ինչ-որ ձևով կկարողանա որոշակի ճնշում գործադրել ՝ ելնելով իրենց ընտանիքի և Վահագն Աբգարյանի վատ հարաբերություններից: Մեզ համար, իհարկե, նախընտրելի կլիներ, որ լիներ դատավոր, որը դատախազությունում չի աշխատել և չի հարաբերվել դատախազական համակարգի հետ, որպեսզի բացառեինք ցանկացած տիպի ճնշումները» ,- ասաց նա:
«Վահագն Աբգարյանը փորձադաշտ չէ, որ տարբեր դատավորներ իրար փոխանցելով գործը նորից են երկարացնում նրա կալանքի տակ մնալու ժամկետի հաշվին: Հիմա մենք անգամ որևէ միջնորդություն անելուց ենք զրկված, որովհետև նույնիսկ դատական նիստեր չեն նշանակվում, իսկ ամեն մի ավել օր մարդու համար, որը կալանավայրում է, սպանության փորձի ենթարկելու համազոր մի բան է: Մենք նորանշանակ դատավորին պետք է հորդորենք, որ եթե այս գործը ինքը ի զորու չէ գլուխ բերել, ի սկզբանե հրաժարվի դրանից և Վահագն Աբգարյանի կյանքից այլևս որևէ օր չխլի։ Ես կարծում եմ՝ որևէ դատավոր նույնիսկ ինքնակամ չէր էլ ուզենա այլևս այս գործով զբաղվեր, որովհետև, ի վերջո, մեկը պե՞տք է պատասխան տա՝ ինչու է մարդը անիմաստ և անհիմն 2.5 տարի գտնվում կալանքի տակ» ,- եզրափակեց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը:
Զվարթ Պետրոսյան