Իրենք մի անգամ կադրային ջարդ արդեն արել են 2018 թ-ին, ես ուզում եմ հասկանալ, ինչ է նշանակում կադրային ջարդ, այսինքն, ամեն ՔՊ-ական նախարարի պաշտո՞ն պետք է զբաղեցնի։
Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանն՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն պնդմանը, թե իրենք ոչ թե վենդետա են խոստացել, այլ կադրային ջարդ, և կադրային ջարդը լինելու է, որ պետական համակարգը պետք է կուռ լինի, և միանշանակ ծառայի հաղթած ուժին։
«Իրենք արդեն մի անգամ կիսակադրային ջարդ արել են 2018 թ-ին, տեսանք իրենց բերած կադրերին, ԱԱԾ-ի տնօրեն բերեցին՝ փոխեցին, բերեցին ու էլի փոխեցին, բերեցին՝ էլի փոխեցին, սա է իրենց կադրային քաղաքականությունը։ Բացի դրանից՝ մեկին բերեցին տարան Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, որ բերեն ԱԱԾ-ի տնօրեն, եթե կադրային քաղաքականությունը սա է՝ ջարդ պետք չէ, թող ընդամենը հայտարարեն, որ յուրաքանչյուր ՔՊ-ական իր կյանքի ընթացքում պետք է պաշտոն զբաղեցնեն, թող ասեն, թե քանի հոգի կա ՔՊ-ի ցուցակում ու մնացած հասարակ մահկանացուներին առաջարկեն պաշտոններից հրաժարվել։
Սա ընդամենը նշանակում է, որ եթե ինչ-որ մեկն իրենց դեմ է խոսում, իրենց դեմ է քվեարկել, կամ ինչ-որ բաներ է ասել, որ իրենց հոգեհարազատ չէ, ապա էդ մարդկանց պետք է գործից հանեն, բերեն իրենց ծանոթ-բարեկամ, աներձագ, խնամի, սիրուհի, սիրուհու սիրած, սիրուհու սիրածի ավտո լվացողի սիրուհուն, ու այստեղ անգամ նշանակություն չունի, որ քաղծառայողները օրենքով են պաշտպանված։ Դե ես էլ Ադրբեջանի օրենքների ծանոթ չեմ, չգիտեմ էդ մարդկանց ինչպես պաշտպանել։
Կարծում եք, եթե քաղծառայողներին հանեցին աշխատանքից՝ նրանք ի՞նչ են անելու՝ գնալու են բողոքարկեն դատարաններում ու արդարության հասնեն։ Եթե մի երկրում օրենդիրը և գործադիրը բոլորն իրար էսքան սերտաճել են, ապա չագուչն էլ իրենց ձեռքը, մեխն էլ, կոշիկն էլ ու օրենքների մասին խոսելը ծիծաղելի է»։
https://armdaily.am/?p=142780&l=am