Հայաստանում օլիգարխների, համակարգային առումով օլիգարխիայի գոյության թեման ժամանակ առ ժամանակ ակտիվանում է քաղաքական դիսկուրսում։
Դրան նպաստում է առաջին հերթին իշխանությունը, որի ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրարամերժ հայտարարություններ է անում այդ հարցի առնչությամբ. Նա մի առիթով Հայաստանում հայտարարում է, թե երկրում այլևս օլիգարխներ չկան, մեկ այլ առիթով Եվրոպայում խոսում է դատական իշխանության որոշումների վրա օլիգարխների ունեցած ազդեցության մասին։ Բնականաբար, օլիգարխիայի գոյությունը Հայաստանում պայմանավորված չէ իշխանության այս կամ այն ներկայացուցչի հայտարարություններով ու գնահատականներով։ Օլիգարխիա Հայաստանում առկա է և բարեհաջող գործում է։
Ընդհանրապես, տարածված ընկալմամբ ընդունված է օլիգարխներ համարել այն խոշոր գործարարներին, որոնք իրենց կապիտալով կարողանում են ազդել իշխանության կողմից կայացվող որոշումների վրա։ Այդ սուբյեկտներին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օրինակով, Նիկոլ Փաշինյանը որակեց որպես «խոշոր սեփականատեր»՝ հայտարարելով, որ նրանք որևէ կերպ չեն ազդում իշխանության որոշումների, դրանց կայացման գործընթացի վրա։ Գուցե չեն ազդում։ Բայց նրանք չեն դադարում օլիգարխներ լինել, քանի որ առնվազն ազդում են քաղաքական գործընթացների վրա։
Նույն Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող քաղաքական ուժի ղեկավարն է՝ լինելով, ինչպես Փաշինյանն է ասում՝ խոշոր սեփականատեր։ Մյուս օլիգարխները Ազգային ժողովում չեն, սակայն նրանց կյանքը շարունակվում է այնպես, ինչպես նախկին իշխանությունների օրոք, ոմանք նույնիսկ հիմա ավելի քիչ հարկեր են վճարում, քան հին Հայաստանում։
Բայց բոլոր օլիգարխների շարքում ու բոլոր խոշոր սեփականատերերից ավելի Հայաստանում կա մի սուբյեկտ, որն ամենաշատն է համապատասխանում օլիգարխի չափումներին՝ քաղաքականության ու հանրային կարծիքի վրա ունեցած ազդեցությամբ։ Դա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, որը ներկայումս կալանավորված է սահմանադրական կարգը տապալելու և այլ հոդվածներով ընթացող քրեական գործերով։ Ռոբերտ Քոչարյանը տիրապետում է հայաստանյան հայտնի օլիգարխների հետ համադրելի, իսկ գուցե նրանցից ավելի ֆինանսական կարողությունների, որոնք ներկայումս ամբողջությամբ ծառայեցվում են քաղաքական նպատակներով։ Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ լրատվամիջոցներ է գնել Հայաստանում, ակումբներ է պահում ու ֆինանսավորում Մոսկվայում, ֆիլմեր է պատվիրում ռուսահայ ռեժիսորներին և այլն։ Այսինքն՝ նրա կապիտալը ներկայումս ամբողջությամբ ներդրված է քաղաքականության մեջ, որի նպատակը, հասկանալի է, նրա քաղաքական ռեինկարնացիան է։ Այդ կապիտալը վստահաբար ծախսվում է բոլոր հնարավոր ուղղություններով, և հասկանալի է, որ չի սահմանափակվում միայն քարոզչությամբ։ Մեծ հավանականությամբ, այդ կապիտալը փորձում է սողոսկել նաև դատական համակարգ, ինչի մասին ակնարկում էր Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում։ Որքանո՞վ է այն ծառայում իր նպատակին կոնկրետ դատական համակարգում, դժվար է ասել, ակնհայտ է, սակայն, որ այդ ուղղությամբ փորձեր արվում են։ Բացառված չէ, որ Ռոբերտ Քոչարյանն իր կապիտալը նույն նպատակներով փորձի ծառայեցնել նաև Հայաստանից դուրս, դիցուք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իր համար ցանկալի վճիռներ ստանալու համար։ Ասվածը չի նշանակում, թե նա միարժեքորեն կհաջողի, բայց առնվազն փորձել կարող է։
Այսպիսով, մինչև հայ հասարակությունը քննարկում է նախկին համակարգի օլիգարխների առկայության կամ վերացման հարցը, մինչ ոմանք սպասում են, որ նախորդ ռեժիմների օրոք պետության հովանավորությունից օգտված օլիգարխները գուցե պատասխանատվության ենթարկվեն, Հայաստանում անազատության պայմաններում գործում է թերևս ամենագլխավոր օլիգարխը՝ Ռոբերտ Քոչարյանը, որի տիրապետած փողը այսօր Հայաստանի ամենաքաղաքական փողն է։ Իշխանությունը լայն իմաստով, այդ փողի շարժը ու քաղաքականացումը կանխելու միջոցներ չունի։ Իսկ դա նշանակում է, որ մենք դեռ երկար, բավական երկար ժամանակ տեսնելու, լսելու ու կարդալու ենք Քոչարյանի ֆինանսներից ծնված քարոզչությունն ու հակաքարոզչությունը։ Իշխանությունը գործնականում անզոր է դրա դեմ։
© 1in.am