ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով նախօրեին դատարան էր ներկայացվել «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Իսախանյանի գրությունը։ Նա պնդում է, որ տարիներ առաջ դարձել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի բռնությունների զոհը։
Ազատամարտիկի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը շուրջ 22 օր իրեն շղթայակապ է պահել ու խոշտանգել: Հենց այդ նպատակով էլ նա իր գրությամբ դատարանին տեղեկացրել էր, որ Մանվել Գրիգորյանի գործով հանդիսանում է տուժող, քանի որ Գրիգորյանն իրեն 22 օր պահել է «պադվալներում», խոշտանգել է ու սպառնացել: «Հայտնում եմ, որ ես չեմ ստացել իմ մասով մեղադրական եզրակացությունը և չգիտեմ` ինչու դատակոչի ցուցակում չկամ: Հարգելի դատարան, խնդրում եմ ինձ ներգրավել որպես դատակոչի ենթակա տուժող անձ: Խնդրում եմ որպես քաղհայց հօգուտ ինձ Մանվել Գրիգորյանից բռնագանձել 5 միլիոն դոլարին համարժեք դրամ՝ ամբողջ կյանքս կործանելու համար»,- նշել է Իսախանյանը և կից ներկայացրել լուսանկարներ:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ դատարանը պատրաստվում է գրավոր պատասխան ուղարկել Իսախանյանին այն մասին, որ իրեն առնչվող մասով մեղադրանք չկա: Իսախանյանի մասով ժամանակին հաղորդում է ստացվել, և այդ մասով հարուցված քրեական գործը նախաքննության փուլում է:
Աշոտ Իսախանյանը երեկ դատապարտյալների համար ՔԿՀ-ում նախատեսված հեռախոսից զանգահարել էր մեզ, և «Առաջին լրատվական»-ը, օգտվելով առիթից, մի քանի հարց ուղղեց նրան նախկինում տեղի ունեցած միջադեպից և ոչ միայն։
– Պարոն Իսախանյան, կպատմե՞ք, թե Մանվել Գրիգորյանի հետ ձեր հակասությունները երբ են սկսվել, ինչո՞ւ է տարիներ առաջ Գրիգորյանը ձեզ, ձեր նկարագրմամբ, պահել պադվալում, խոշտանգել։ Ինչի՞ց էր կոնֆլիկտն առաջացել։
– Մինչ ձեր հարցին պատասխանելը՝ ուզում եմ անդրադառնալ Մանվել Գրիգորյանի փաստաբանի հայտարարությանը, որով նա ինձ անմեղսունակ էր անվանել։ Ես արդեն դիմել եմ դատարան՝ պահանջով, որ Մանվել Գրիգորյանի փաստաբանը ներողություն խնդրի ինձանից և փոխհատուցում տրամադրի։ Մի բան ես հաստատ գիտեմ՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանն այն անձը չէ, ով կարող է որոշել՝ ես մեղսունա՞կ եմ, թե՞ անմեղսունակ։ Նա պետք է ներողություն խնդրի ինձանից։
Հիմա անդրադառնամ ձեր հարցին. դեպքը եղել է 2000 թվականին։ Ես ազատամարտիկ եմ, 1990-1994 թվականները մասնակցել եմ պատերազմական գործողություններին, 5 անգամ վիրավորվել եմ։ Մանվել Գրիգորյանին ճանաչել եմ 1990 թվականին պատերազմի դաշտից։ 2000 թվականին ես գնացի պաշտպանության նախարարություն, Մանվել Գրիգորյանն այնտեղ էր, ինձ հրավիրեց ԵԿՄ, կանչեց ու ասաց՝ Աշոտ, ուզում եմ մեր ազատամարտիկներին օգնեմ, կարա՞ս դրամահավաք կազմակերպես։ Ես էլ իրանից խնդրեցի, որ օրինական ընթացք տրվի դրան՝ իր կողմից հրաման, կարգադրություն արվի։ Մանվել Գրիգորյանն էլ ասաց, որ ուզում է, որ դա ներքին կարգով լինի, ոչ հրապարակային, օրինական։ Ինչևէ։ Մենք պայմանավորվեցինք, որ եթե այդ ճանապարհով ենք գնում, ապա հավաքված գումարի մի մասը կտանեմ Երկրապահ, իսկ մյուս մասը կպահեմ իմ մարտական ընկերներին օգնելու համար։ Պայմանավորվեցինք, որից հետո ես 480 միլիոն դրամ հավաքեցի։ Ինչպես պայմանավորվել էինք՝ 240 միլիոն դրամը տարա իրենց գյուղ՝ Արշալույս, իրենց տանը տվեցի։ Ինքը պահանջեց գումարի մնացած մասն էլ տամ, ես հրաժարվեցի, ու այդպես ստեղծվեց լարվածությունը, և նա ու իր ախրաննիկները մի քանի հոգով սկսեցին ինձ ծեծել։ Ծեծողներից մեկին շատ լավ հիշում եմ, իր աջ ձեռքն էր՝ Ճուտ մականունով։ Սկսեցին ծեծել, ապա մեշոկը քաշեցին գլխիս ու ինձ տարան պադվալ, ժնջիլները քցեցին վիզս ու այդպես 22 օր ամեն օր, օրը մի քանի անգամ գալիս ծեծում էին ինձ, խմած, հարբած գալիս ու ծեծում էին, Մանվել Գրիգորյանը անձամբ ինքը աթոռի ոտերը ջարդում էր ու ծեծում էր։ Նշեմ, որ այդ տեղում, որտեղ որ ինձ պահում էին, խոսակցություններ էին գնում, որ Մանվել Գրիգորյանը իր բանդայի հետ ազատամարտիկ էին կախել, որը հետո սարքել էին ինքնասպանություն։ Դրանից հետո Մանվելը որոշեց, որ ինձ պետք ա կրակի։ Վստահ եմ, որ կխփեր, բայց էդ պահին զանգ եկավ իրեն։ Հետո ինձ տենց ժնջիլով կապած տարան արջի վանդակը։ 3 օր նույն վանդակում համ արջն էր կապած, համ ես, կես մետր դիստանցիա էր ընդամենը։
– Ձեզ ինչպե՞ս է հաջողվել դուրս գալ այդտեղից։
– Այդ օրը Էջմիածնում քաղաքապետի ընտրություններ էին։ Զանգ եկավ, իրենք գնացին։ Դրանից հետո ինձ տենց ժնջիլով տարան ջուր խմելու, որի ընթացքում ես մի փոքր քար վերցրի գետնից ու գցեցի ջեբս։ Ջուր խմելուց հետո ինձ հետ բերեցին այնտեղ, որտեղ պահում էին։ Պատերին մեխեր կային, որոնց մի քանի անգամ խփելուց հետո կողպեքը բացվեց։ Երբ դուրս եկա, ես տեսա, որ Երկրապահի գարաժներից մեկում էի, հիմա էլ կարող եմ տանել ցույց տալ, թե որտեղ են։ Մի խոսքով՝ դուրս գալուց հետո ինձ հաջողվեց փախնել։
– Հետո իրենք Ձեզ չե՞ն հետապնդել։
– Իհարկե, եկան հետևիցս, փնտրեցին, բայց այդ ժամանակ ես դիմեցի Երկրապահի Հրազդանի կառույցի ղեկավարին՝ Աբել Հարությունյանին։ Խնդրեցի Մանվել Գրիգորյանի դեմն առնել, որ ինձ չհետապնդեն։ Ամբողջ ախրանան լարել էր հետևիցս։ Մի խոսքով՝ այդ բանակցությունների վերջում Մանվել Գրիգորյանն ինձ ասաց, որ ավելի լավ կլինի գնամ հանձնվեմ, սաղ իմ վզին վերցնեմ ու նստեմ, եթե չեմ ուզում մեռնել։ 2000 թվականին ես գնացի Էրեբունու ոստիկանության բաժին դիմեցի ու այդպես դատվեցի։
– Ինչի՞ համար դատվեցիք, Մանվել Գրիգորյանը ի՞նչն էր ստիպել ձեզ վրա վերցնել։
– Գլխիս սարքեցին ու ոչ մեկ անգամ։ Առաջին անգամ նստելուց հետո նորից դուրս եկա, նորից հետապնդումը շարունակեց, էլի գլխիս սարքեց, ու նորից նստեցի։ 24 տարեկան տղա էի ու էդպես ընկա նրանց ծուղակը։
– Եթե անմեղ էիք, ինչո՞ւ էիք ձեզ վրա վերցնում չկատարած հանցանքը։ Իրավապահներին դիմեիք, բարձրաձայնեիք ձեր նկատմամբ կատարվող ճնշումների մասին։
– Եթե էդ մարդը կարողանում էր հասնել բերդ, ուրեմն նրանից ամեն ինչ սպասելի էր։ Նրա մարդիկ եկան բերդ ու ինձ բառացիորեն ասացին, որ եթե չեմ ուզում մեռնել բանտում, ուրեմն պետք է անեմ էնպես, ինչպես իրենք են ասում։ Դա ա եղել։ Ասում եք՝ իրավապահներին դիմեի՞։ Էդ Մանվելի տղաները հենց ոստիկանության փոխգնդապետի հետ էին բերդ եկել։ Եկան, ասեցին, որ իրենց Մանվել Գրիգորյանն է ուղարկել, ու եթե իրենց արածը չանեմ, կմեռնեմ բերդում։ Դա է պատճառը, որ ես ինձ վրա վերցրի ամեն ինչ։ Իսկ չէի կարող բողոքել, քանի որ այդ ժամանակ իշխանության էին հանրապետական շները՝ Սերժիկ Նարիմանովի գլխավորությամբ։ Բանդա էր ստեղծվել՝ գեներալ Մանվել, Թոխմախի Մհեր, Շմայս։ Էդ էր իրենց բանդան, որի ոտը ոչ մեկը չէր տրորում։ Իսկ հիմա, քանի որ նոր իշխանություն է, դրա համար էլ բարձրաձայնում եմ։ Նրանք ինձ խոշտանգել են, իմ ոտքերը կապել են կարմիր Նիվայի հետևից ու քարշ են տվել ամբողջ Երկրապահի տարածքով։
– Միայն այն բանի համար, որ Դուք հրաժարվե՞լ եք ամբողջական գումարը տալ իրեն։
– Այո, ես հետո ճշտել եմ, որ ինքը այդ գումարի կեսով էլ ոչ մի բարեգործություն չի արել, ոչ մի ազատամարտիկի չի օգնել։ Բոլորը լափել է։ Նա թալանչի է, սրիկա, նա մարդ չի։ Ու դատարանի կողմից Մանվել Գրիգորյանին ազատ արձակելը կնշանակի նպաստել նրա հանցագործություններին։ Իբր հիվանդ է։
– Ասում են, որ նա ունի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ։
– Կալանավայրում դատապարտյալների 70 տոկոսը հիվանդ է։ Իմ մի երիկամը հանած է, ոտքերս ուռում են, լյարդի ցերոզ ունեմ ու հազար հատ այլ հիվանդություններ։ Ի՞նչ է, որ ինքը գեներալ է, կարելի՞ է ժողովրդին թալանել ու անպատիժ մնալ։ Մանվել Գրիգորյանը լավ կրկեսի դերասան է։ Ո՞վ է մեղավոր, որ նա հրաժարվել է դեղորայքից։ Թող դեղորայքը ստանար, չվատանար։ Դա ի՞նչ է նշանակում։
– Հիմա Դուք 5 միլիոն դոլար եք ուզում Մանվել Գրիգորյանից պատճառված վնասի համար։ Ինչպե՞ս եք դա գնահատել։
– Ես 24 տարեկանում ունեի բարձրագույն կրթություն, ժողն եմ ավարտել, կարող էի նորմալ աշխատանք ունենալ, այլ ոչ թե 3 անգամ Մանվելի հանցանքները ինձ վրա վերցնելով՝ դատվեի, որի պատճառով կյանքիցս 14 տարի գնաց։ Սա՝ մեկ։ Բացի այդ, իրենց կողմից ինձ ջարդուփշուր անելուց հետո երիկամս հեռացրին։ 24 տարեկանում կյանքս խորտակեցին։ Էդ ո՞նց եղավ, որ Մանվել Գրիգորյանին կարելի է իր թալանչի կնոջ հետ սաղ ժողովրդին թալանել, միլիարդներ կուտակել, իսկ 15 տարեկանից պատերազմի մեջ եղած Աշոտ Իսախանյանը չի կարող կյանքը կործանելու համար 5 միլիոն դոլար պահանջել։ Էդ ցույց տվածը չնչին մասն է Մանվելի թալանածի, ես տեսել եմ, թե Մանվելը ոնց է Ղարաբաղից ֆուռերով թալան բերել։
– Իսկ Դուք հիմա ինչի՞ համար եք ազատազրկված։
– Ես դրա մանրամասները դեռ չեմ ուզում հրապարակել։
© 1in.am