Մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանի հորը՝ Անդրանիկ Գևորգյանին. ՀՔԾ

Մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, 2008-ին նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի հորը՝ Անդրանիկ Գևորգյանին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ): Ըստ ՀՔԾ հաղորդագրության, Անդրանիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն արարքի կատարման համար, որ նա թաքցրել և խեղաթյուրել է որդու` Արմեն Գևորգյանի կողմից ստացած կաշառքի գումարի իրական բնույթն ու ծագումը և օրինականացրել առանձնապես խոշոր չափերի՝ 309 միլիոն դրամին համարժեք 1 միլիոն դոլարը: «2008 թվականի գարնանն Արմեն Գևորգյանը, իր մտերիմ անձի օժանդակությամբ ստանալով վերը նշված առանձնապես խոշոր չափերի կաշառքը, դրա իրական բնույթն ու ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու համար ապահովել է նշված կաշառքի գումարի փոխանցումները տարբեր իրավաբանական անձանց անուններով, ինչպես նաև իրեն փաստացի պատկանող, արտերկրում գործունեություն ծավալող կազմակերպության բանկային հաշվին: Այնուհետև նշված կազմակերպության գործադիր տնօրեն Անդրանիկ Գևորգյանը, օժանդակելով որդու կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն, տնօրինել է հիշյալ գումարը և այն ներդրել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության մեջ՝ այդ կերպ խեղաթյուրելով և թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված կաշառքի իրական բնույթն ու ծագումը», – ասված է ՀՔԾ հաղորդագրությունում: Նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք՝ Արմեն Գևորգյանն էլ մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:  

 635 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: