Մեղադրանքը հաստատած միակ վկան փոխեց իր ցուցմունքները

Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Կամո Փիրուզյանի սպանության գործով առանցքային վկա Արթուր Մնացականյանի հարցաքննությունը։

Մնացականյանն այս գործով անցնող միակ վկան էր, որն իր ցուցմունքներով հաստատել էր Վահագն Աբգարյանին մեղսագրվող արարքը։ Վկան դատարանում հարցաքննվելիս հերքեց նախկինում իր տված ցուցմունքների հիմնական մասը՝ պնդելով, որ բարձրաստիճան պաշտոնյաների և քննիչների կողմից հոգեբանական ճնշումների հետևանքով է ստիպված եղել ցուցմունքներ տալ Վահագն Աբգարյանի և այլոց դեմ։

Արթուր Մնացականյանը հայտարարեց, որ իրեն սպառնացել են՝ ասելով, թե «ցմահ կնստի», նաև վախեցրել են՝ ակնարկելով, որ ընկերը՝ Վահագն Աբգարյանը, կարող է ողջ չմնալ, եթե նրա դեմ ցուցմունք չտա ինքը։ Ճնշումներ են եղել նաև ընտանիքի անդամին ներգրավելու միջոցով․ «Հորս էին բերել, ասեց՝ Վահագն Հարությունյանի հետ եմ հանդիպել, ասեց՝ իրենց ուզածով գրի, լավ կլինի․․․»,- դատարանում հիշեց վկան։ Արթուր Մնացականյանը հայտարարեց, որ ինքը կեղծ ցուցմունքներ է գրել՝ հավատալով, որ երբ ազատ արձակվի, կկարողանա հրաժարվել դրանցից և պատմել ճշմարտությունը։

Վահագն Աբգարյանին մեղսագրվող արարքը հաստատող ցուցմունքներ տալուց հետո Մնացականյանը ազատ է արձակվել և հեռացել է երկրից։ Վերջերս նա կարճ ժամանակով վերադարձել էր Հայաստան, որպեսզի իր խոսքով՝ ճշմարտությունը պատմի և կարողանա հանգիստ քնել։

Վկան նաև հայտարարեց, որ իրենից կեղծ ցուցմունքներ կորզելու և Վահագն Աբգարյանի դեմ գործ սարքելու սցենարը կազմելու հարցում ակտիվ դերակատարում է ունեցել փաստաբան Լուսինե Սահակյանը, ով այս գործով ներկայացնում է տուժող Կամո Փիրուզյանի իրավահաջորդի շահերը։ Լուսինե Սահակյանը դատարանում հարցեր էր ուղղում վկային, որոնց վերջինս դժկամությամբ էր պատասխանում՝ հաճախ ասելով․ «Դու էնտեղ ես եղել, չգիտե՞ս ինչ ա եղել»։ Վկան պնդում է, որ իր հարցաքննությունների ընթացքում բազմիցս տեսել է փաստաբանին քննիչների հետ ինչ-որ հարցեր քննարկելիս, հարցեր, որոնք, իր կարծիքով, վերաբերել են իրենից կորզվող ցուցմունքներին։

Հիշեցնենք, որ Կամո Փիրուզյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել Վլադիմիր Դավթյանին և Վահագն Աբգարյանին։ Դավթյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը՝ սպանությունը։ Վահագն Աբգարյանին մեղադրում են սպանությունը կազմակերպելու մեջ, ինչը հերքում են երկու մեղադրյալներն էլ։ Դա հերքեց նաև միակ վկան, ով նախկինում ցուցմունք էր տվել Վահագն Աբգարյանի դեմ։

Ի դեպ, Մնացականյանը միակը չէ, ով պնդում է, որ Հատուկ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, ներկայումս «մարտի 1»-ի գործով հետախուզվող Վահագն Հարությունյանը շահագրգռված է եղել Վահագն Աբգարյանի դեմ գործ սարքելու հարցում։ Անձամբ Հարությունյանի կողմից իրենց նկատմամբ ճնշումների մասին «Հակակոռուպցիոն բլոգ»-ին պատմել են նաև Գուրգեն Խաչիկյանն ու Աշոտ Խաչատրյանը։ Վերջիններս, չնայած ճնշումներին, կեղծ ցուցմունքներ չեն տվել Աբգարյանի դեմ, որից հետո նրանց մեղադրանք է առաջադրվել։ Մեղադրանքն այդ, սակայն, երկար կյանք չի ուենցել։ Թավշյա հեղափոխությունից հետո Խաչիկյանին ու Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը վերացվել է, ավելին՝ վերջերս նրանք ճանաչվել են տուժող Վահագն Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Գործը հարուցվել է այս տարվա հուլիսի 12-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասին հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը։ Այս գործով տուժող է ճանաչվել նաև Վահագն Աբգարյանը։

 

Վահագն Հարությունյանի կողմից Վահագն Աբգարյանի դեմ կեղծ ցուցմունքներ կորզելու փորձի մասին «Հակակոռուպցիոն բլոգ»-ին պատմել է նաև ալավերդցի Արմեն Հարությունյանը։ Իսկ դատապարտյալ Արթուր Շահվերդյանը բարձրաձայնել է, որ Աբգարյանի դեմ կեղծ ցուցմունք կորզելու նպատակով իրեն կալանավայր է քանիցս այցելել ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Անուբախ Համբարյանի որդին՝ քննիչ Հովհաննես Համբարյանը։

Հիշեցնենք, որ Կամո Փիրուզյանի սպանության և դրան նախորդած հանցագործությունների վերաբերյալ «Հակակոռուպցիոն բլոգը» սեփական հետաքննությունն էր իրականացրել, որին կարող եք ծանոթանալ այս հղումով։

 

 129 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: