Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել

Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: «Ավազահատիկ» ՍՊԸ-ում կատարված չարաշահումների գործով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1ին մասի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 310 հոդվածի (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հատկանիշներով: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը:

«Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ։ Ներգրավելով վարկային միջոցներ՝ կատարել է շուրջ 80 000 ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրում՝ ձեռք բերելով ավազի լվացման և մաղման հոսքագծեր, սակայն 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը՝ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի։ Ընդ որում՝ բաժնեմասերի 60 տոկոսը պահանջվել է ձևակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս։

Բացի այդ, պարզվել է նաև, որ Նորամարգի համայնքի ղեկավարը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հողատարածքի վարձակալության վերաբերյալ «Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի հետ ավելի վաղ ստորագրված պայմանագիրը լուծարելու վերաբերյալ։ Նշված հողատարածքում ընկերությունն զբաղվում էր ավազի հանույթով։ Դատարանը բավարարել է հայցադիմումը, որից հետո նոր պայմանագիր է ստորագրվել տվյալ հողատարածքի վարձակալության վերաբերյալ այլ սեփականատերերի հետ:

ՍՊ ընկերության հիմնադիրը և այլ վկաներ իրենց ցուցմունքներում առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի անունները:

Ի դեպ, նախկին վարչապետին մեղադրանք առաջադրելու մասին հանրությանը հայտնի էր դարձել հենց Աբրահամյանի ֆեյսբուքյան էջի գրառումից, որը ներկայացնում ենք ստորև․

«Մոտ մեկ ամիս առաջ մի խումբ դիմակավորված անձինք իբր օպերատիվ տեղեկությունների հիման վրա ներխուժեցին ինձ և ազգականներիս պատկանող բնակարաններ և շինություններ: Ո՛չ իմ փաստացի բնակության, և ո՛չ էլ հաշվառման վայրերում իրականացված խուզարկության արդյունքում որևէ անօրինական առարկա չհայտնաբերվեց, սակայն չնայած դրան իրավապահներն առգրավեցին իմ անձնագիրը՝ կոպտորեն խախտելով ՀՀ օրենսդրությունը:

Ավելին՝ խուզարկություն կատարվեց Մխչյանի մեխանիկական գործարանի տարածքում և նախ հրապարակայնորեն փորձ արվեց տարածքը կապել իմ անվան հետ, իսկ այդուհետ՝ այդ տարածքում հայտնաբերված զենքերը կապել Մարտի 1-ի հետ: Ակնհայտ է, որ փաստերի նման շղաթայական խեղաթյուրման թիրախը ես էի: Թերևս դա է պատճառը, որ առ այսօր հրապարակված չեն փորձաքննության արդյունքները:

2018թ.-ի սեպտեմբերի 4-ին, կայքերից մեկին տված հարցազրույցում քննադատեցի ՀՀ իշխանությունների այդ գործելաոճը: Ի պատասխան դրա, հարցազրույցից ընդամենը մեկ օր անց ծանուցում ստացա՝ մեկ այլ քրեական գործով որպես վկա ՀՀ հատուկ քննչական ծառայություն հրավիրվելու մասին: ՀՔԾ-ում ինչ-որ շինծու քրեական գործով ինձ նախ հարցաքննեցին որպես վկա, ապա դրանից անմիջապես հետո անհիմն մեղադրանք առաջադրեցին և ստորագրություն վերցրեցին՝ երկրից չհեռանալու մասին:

Զավեշտալի է, երբ ոչ ականջահաճո հարցազրույցից հետո մարդուն հրավիրում են ՀՔԾ, ակնհայտ կեղծ մեղադրանք առաջադրում՝ նպատակ ունենալով լռեցնել ցանկացած այլակարծություն:

Այս պահին նպատակահարմար չեմ համարում ավելին ասել, հետագայում այդ անհիմն մեղադրանքին և անօրինականություններին առավել մանրամասն անդրադառնալու առիթ կունենամ: Առայժմ արձանագրեմ, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «մարդաորսը», ազատ խոսքի ու այլակարծության ճնշմանն ուղղված գործողությունները լավ հանգրվան չեն ունենալու»:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1ին մասով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով: Իսկ 310 հոդվածով նախատեսված արարքը պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

 357 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this:
?>