Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Կառավարության հերթական նիստի ընթացքում, անդրադարձել է ԱՕԿՍ»-ի շենքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու գործընթացին, պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին, դատարան ներկայացված հայցերին և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում իրականացվող աշխատանքներին:
Հանրապետության գլխավոր դատախազը մասնավորապես նշել է.
- «2023 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ է մտել Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, որով Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը՝ 701,4 քմ մակերեսով և 467 քմ մակերեսով հողամասի սեփականության իրավունքը: Հայցը ներկայացվել էր ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից:
- Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ՝ Ծաղկաձորի անտառի 5500 քմ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը:
- 2023 թվականի ապրիլի 26-ին Վարչական դատարանի կողմից բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցը, որով պահանջվում է պետությանը վերադարձնել Հաղթանակ զբոսայգու՝ Գոլդեն Փելիս հյուրանոցին ապօրինի օտարված 17077,6 քմ մակերեսով հողամասը: Վարչական դատարանի ակտը կողմը բողոքարկել է վերաքննության կարգով: Վերաքննիչ վարչական դատարանում նիստը նշանակված է 2024 թվականի փետրվարին:
Պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում 2023 թվականին ներկայացվել են մի շարք հայցեր, որոնք վերաբերում են՝
- «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասին.
- Սախարովի հրապարակի մաս կազմող՝ Պուշկին փողոցի 2 հասցեում գտնվող գույքին.
- «Ռիբոկ» սպորտային համալիրի զբաղեցրած տարածքից հողամասն օտարելուն.
- «Վարդավառ» զբոսայգում կառուցված ինքնակամ շինությունների օրինականացմանը.
- «Ուսանողական» այգու և «Կոմիտաս» զբոսայգու տարածքների օտարումներին.
- «Նանսենի անվան» զբոսայգու տարածքից 533,4 քմ մակերեսով հողամասի օտարմանը.
- Մոսկվա կինոթատրոնի և Նկարիչների միության շենքերի պահպանության գոտում գտնվող օտարման ոչ ենթակա հողամասի վաճառքին.
- Գյումրի քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող՝ «Կումայրի» արգելոց հուշարձանի տարածք հանդիսացող հողամասերի օտարման գործընթացին.
- Երևան քաղաքի Սարալանջի 1 հասցեում գտնվող՝ նախկին «Երիտասարդական պալատ»-ին վարձակալությամբ հանձնված 31 հազար 780,0 քմ մակերեսով հողամասի օտարմանը.
- Հաղթանակ զբոսայգուն հարող Բաբայան և Ուլնեցու հատման հատվածներում գտնվող՝ ընդհանուր 8800 քմ մակերեսով հողամասի օտարման գործընթացին:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում 2020 թվականի սեպտեմբերից առ այսօր դատարան է ներկայացվել 93 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձում մասնակցություն: Ընդհանուր հայցագինը գերազանցում է 500 միլիարդ դրամը:
Մինչ օրս կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը փոխանցվել է 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 մլրդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 մլն դրամ: Վերոնշյալ անշարժ գույքերի ցանկում են Եռաբուր զինվորական պանթեոնի հարակից տարածքում գտնվող 4 հողամասերը»: